Հայաստանի արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեան լրատուամիջոցներուն յղած է իր յօդուածը՝ Ղարաբաղեան խնդրի ներկայ փուլի եւ ինքնորոշման իրաւունքի հետապնդման մասին:
Մատրիտեան եւ հետագայում կազանեան փաստաթղթում առկայ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան դրոյթը մեր նորանկախ պետութեան երեսուն տարիների թերեւս կարեւորագոյն ձեռքբերումներից է: Այնտեղ սեւը սպիտակի վրայ հէնց առաջին կէտով գրուած է հետեւեալը.
«Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակը կ’որոշուի պլեբիսցիտի  (հանրաքուէ – «Գ.») միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչութեանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտայայտում: Պլեբիսցիտի ժամկէտներն ու մանրամասները կողմերը կը համաձայնեցնեն ապագայ բանակցութիւններում […]: ԼՂ բնակչութիւն ասելով՝ հասկացւում են 1988-ի ազգային համամասնութիւնով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնութեամբ, ինչպիսին եղել է մինչեւ հակամարտութեան սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու, եւ կարող է թոյլ տրուել կարգավիճակի իւրաքանչիւր հնարաւորութիւն»:
44-օրեայ պատերազմի առաջացրած ամէն տեսակի բացասական եւ անընդունելի հետեւանքներն արդարացնելու եւ սեփական բոլոր սխալները նախկինների վրայ բարդելու մարմաջի մէջ չի կարելի փոշիացնել այս ձեռքբերումը:
Անկախ նրանից, թէ Ատրպէյճանն ու Թուրքիան ի՛նչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծուել: Չէր լուծուել 1918-20 թուականներին, չէր լուծուել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծուել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծուել նաեւ այսօր: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան վերոնշեալ դրոյթը մեզ դեռ շատ է պէտք գալու:
Այդ ձեւակերպումը, որ առաջին անգամ տեղ է գտել Մատրիտեան փաստաթղթում, չափազանց մեծ դժուարութեամբ է ձեռք բերուել, դիւանագիտական բազմաթիւ հնարքներ են օգտագործուել եւ միջնորդ երկրների կողմից լուրջ ջանքեր են պահանջուել դրա համար: Այս դրոյթի իսկական արժէքը դրա՝ միջնորդ երկրների եւ առհասարակ միջազգային հանրութեան ընկալումն է: Հէնց դա է, որ հայկական կողմը պէտք է օգտագործի իր միջազգային դիւանագիտութեան մէջ, այլ ոչ թէ ներքին խնդիրների շահարկման նպատակներով գնայ դրա արժեզրկմանը:
Նիկոլ Փաշինեանի՝ վերջերս խորհրդարանում արած յայտարարութիւնները, թէ՝ «2018-ին ստացած բանակցային բովանդակութեամբ Արցախն Ատրպէյճանի կազմում չգտնուելու անգամ տեսական հնարաւորութիւն չունէր», եւ որ՝ «2016-ի դրութեամբ բանակցային գործընթացում եղել է աղէտ, եւ Արցախը կորցրել է Ատրպէյճանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարաւորութիւնները», մտահոգիչ են, որովհետեւ փակում են ինքնորոշման ամրագրուած դրոյթից օգտուելու հնարաւորութիւնը: Առաւել մտահոգիչ է, եթէ դա նախանշան է գալիք հնարաւոր արդարացումների, որոնք կարող են հետեւել Լեռնային Ղարաբաղը ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն Ատրպէյճանի մաս ճանաչելու փաստաթղթի ստորագրմանը:
Նախ ասեմ, որ նման փաստաթղթի ստորագրումը որեւէ արդարացում չի կարող ունենալ: Անկախ նրանից՝ բանակցային փաստաթղթերը տեսականօրէն ե՛րբ եւ ինչպէ՛ս հնարաւորութիւն կը տային Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար, Լեռնային Ղարաբաղն Ատըրպէյճանի կազմում ճանաչելու փաստաթուղթ ստորագրելու արդարացում լինել չեն կարող: Աւելի՛ն. նման իրաւունքով անհատ պարզապէս չի կարող գոյութիւն ունենալ, որովհետեւ դա անհատի որոշելու հարց չէ:
Մատրիտեան փաստաթղթում ամրագրուած դրոյթը թէ՛ տեսական, թէ՛ գործնական հնարաւորութիւն է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման համար, եւ ցանկութեան ու կարողութեան դէպքում հայկական կողմն այսօր ունի դա լաւագոյնս օգտագործելու հնարաւորութիւնը:
Բայց մինչ այդ՝ «3+3»-ի մասին: Տարածաշրջանային այս ձեւաչափը առաջին անգամ առաջարկել է Հայաստանը 2000-ականների սկզբին: Դա յաղթող կողմի առաջարկութիւն է: Այդ օրերին դրանով մենք նպատակ ունէինք օրինականացնել սթաթուս քուօն: Ատրպէյճանն ու Թուրքիան մերժեցին այն: Այսօր այս նոյն ձեւաչափն առաջարկում են այդ երկուսը՝ հետապնդելով ճիշդ նոյն նպատակը՝ օրինականացնել ներկայիս սթաթուս քուօն: Լաւ կը լինէր, որ Հայաստանը, ինչպէս Թուրքիան եւ Ատրպէյճանը՝ ժամանակին, մերժէր որեւէ մասնակցութիւն: Սակայն եթէ հայկական կողմը որոշել է մասնակցել, ապա առնուազն պէտք է ունենայ իր ուրոյն օրակարգը: Մինչդեռ կասկածից վեր է, որ այդտեղ օրակարգը թելադրելու են Թուրքիան եւ Ատրպէյճանը: Միւս երկրները բնականաբար կը բերեն իրենց օրակարգերը:
Այս ձեւաչափում Հայաստանն այս փուլում սեղանին պէտք է դնի երեք հարց՝ ա) ատրպէյճանական զինուած ուժերի դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից,
բ) գերիների ամբողջական եւ անվերապահ վերադարձ,
գ) հաղորդակցութեան ուղիների վերաբացում առանց նախապայմանների: Բայց սա ամէնը չէ:
Այստեղ կայ Լեռնային Ղարաբաղի նրբին հարցը: Մի կողմից պէտք է բացառել խնդրի կարգաւորումը այդ «3+3» ձեւաչափի օրակարգի մաս դարձնելը, միւս կողմից՝ առհասարակ, Լեռնային Ղարաբաղի մասին չխօսելը ջուր կը լցնի Ատըրպէյճանի ջրաղացին առ այն, թէ տարածաշրջանում նման խնդիր այլեւս գոյութիւն չունի: Այստեղ հնարաւոր է գտնել ճիշդ մօտեցումը:
Իսկ ի՞նչ կարելի է անել Լեռնային Ղարաբաղի ճակատում, եւ ինչպէ՞ս կարելի է օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան այդ դրոյթը:
Նախարար եղած ժամանակ բանակցային իմ ոճի դրսեւորումներից մէկը եղել է՝ «Ոչինչ չեմ բացառում, կարող ենք խօսել այդ մասին» մօտեցումը, երբ նոյնիսկ սեղանին հակառակորդի կամ միջնորդների կողմից դրուել է հարցի հանգուցալուծման մեզ համար անընդունելի տարբերակ, երբ գտել եմ, որ հնարաւոր է դրանից վերջում ստանալ ցանկալի ելք: Ինքներս սեղանին յաճախ դրել ենք առաջարկներ՝ քաջ գիտակցելով հէնց մեր կողմից դրանց հետագայ մերժման անխուսափելիութիւնը: Այդ կերպ հնարաւոր է եղել հակառակորդին բանակցութիւնների մէջ ներքաշել իրենց համար նոյնիսկ ամենաանընդունելի հարցերի շուրջ: Այդ ճանապարհով է հնարաւոր եղել Քի Ուեսթում հասնել Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միացմանը՝ Ատրպէյճանի համար ընդամէնը Արաքսի ափով Նախիջեւանի հետ կապուելու էստակադային ճանապարհի դիմաց: Եւ հէնց այդ մեթոտաբանութեան շնորհիւ է հնարաւոր եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտայայտութեան իրաւունքի ամրագրումը բանակցային փաստաթղթում:
Հայաստանն այսօր գտնւում է մի այնպիսի անկիւնադարձային ու ճակատագրական կէտում, երբ միայն համարձակ, հմուտ եւ ճկուն դիւանագիտութեան միջոցով հնարաւոր կը լինի բեկում մտցնել իրավիճակում:
Բայց մինչեւ դա անելը՝ հայկական կողմը նախ իր համար պէտք է ամրագրի երկու կարեւորագոյն սկզբունք.
ա) ԼՂԻՄ-ի դիտարկումը, որպէս ամբողջական քաղաքական միաւոր,
բ) ԼՂԻՄ-ի սահմաններով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:
Ահաւասիկ այս երկու սկզբունքներից ելնելով՝ հայկական կողմը պէտք է գտնի եւ առաջին հերթին միջնորդների առաջ դնի ի՛ր «չեմ բացառում» տարբերակը՝ սկիզբ դնելով Մինսքի խմբի շրջանակում Արցախի խնդրի կարգաւորման բանակցութիւնների նոր փուլի:
Ամէն ինչ կորած չէ, շատ բան հնարաւոր է վերականգնել: