Սիրելի՛ հայրենակիցներ,

Լրանում է մեր պետութեան եւ ժողովրդի համար աղէտալի նշանակութիւն ունեցած Մոսկուայի 1921 թ. Մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամեակը: Այդ պայմանագրի արդիւնքում Հայաստանին պարտադրուեց հրաժարուել Արեւելեան Հայաստանի զգալի հատուածից` Կարսի մարզից, Սուրմալուի գաւառից, Նախիջեւանից եւ այլն:

Տխրահռչակ պայմանագիրը ստորագրուեց միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումներով, որոնք առ ոչինչ են դարձնում դրա իրաւական ուժը: Նախ, պայմանագրի կողմերը` Ռուսաստանի Խորհրդային Ֆետերաթիւ (Դաշնակցային«Գ.») Սոցիալիստական Հանրապետութիւնը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրաւունքի սուպյեկտներ(ենթականեր«Գ.») չէին հանդիսանում: Երկրորդ, պայմանագիրը ստորագրող կողմերը որոշումներ են ընդունել պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի` Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերի շուրջ, միչնդեռ միջազգային իրաւունքի համաձայն պայմանագրերը կարող են վերաբերել բացառապէս դրանք ստորագրող կողմերին, եւ չեն կարող այլ իրաւունքներ ու պարտաւորութիւններ ստեղծել դրան չմիացած կողմերի համար: Հետեւապէս պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատուածները չեն կարող օրինականութեան հետ որեւէ աղերս ունենալ: Իսկ, 1921 թ. Հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, որը Հայաստանին առնչուող մասով նոյնութեամբ կրկնում էր Մոսկուայի պայմանագրի դրոյթները, նոյնպէս միջազգային իրաւունքի մաս չի կազմում այն հիմքով, որ բխել է Մոսկուայի պայմանագրի դրոյթներից: Կարեւոր է նկատել, որ Հայաստանին պարտադրուեց հրաժարուել Հայաստանի Առաջին Հանրապետութեան սուերեն տարածքներից, որոնք թուրքական ագրեսիայի հետեւանքով բռնազաւթուել էին 1920 թ. աշնանը:

Ներկայումս Հարաւային Կովկասում շարունակաբար լարուող ռազմաքաղաքական իրավիճակն ու միջպետական յարաբերութիւններում առկայ հակասութիւնները, տարածքային վէճերն ու էթնիկ հակամարտութիւնները, ակնյայտ են դարձնում, որ 1921 թ. Մոսկուայի պայմանագիրն իր հակաօրինական բնոյթով, ի զօրու չէ այս տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղութիւն եւ անվտանգ համակեցութիւն:

Այդ պայմանագիրն իր ընդգծուած հակահայկականութեամբ սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենականութեանը, ինչի ականատեսը եղանք ամիսներ առաջ, երբ Թուրքիայի անթաքոյց հովանաւորութեամբ Ատրպէյճանի կողմից Արցախի Հանրապետութեան նկատմամբ սանձազերծուեց հերթական լայնամասշտապ յարձակումը եւ բռնազաւթուեց վերջինիս տարածքի մեծ մասը: Դրանից յետոյ էլ, ատրպէյճանաթուրքական տանդեմը(դերը «Գ.») անթաքոյց յաւակնութիւններ է դրսեւորում Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ:

Մոսկուայի պայմանագիրը ոչ միայն չի զսպել Թուրքիայի` դէպի արեւելք ծաւալուելու եւ Առաջաւոր Ասիա թափանցելու փանթուրքական-առաւելապաշտական ծրագրերը, այլեւ հնարաւորութիւն է տուել մարտավարական դադար առնել եւ պատեհ պահին, վերակազմակերպուած ուժերով եւ միջազգային յարաբերութիւնների ապակայունացմամբ իրականացնել այդ ծրագրերը` վերածուելով միջազգային անվտանգային համակարգի գործուն սպառնալիքի:

ՀՅ Դաշնակցութեան Բիւրօն միջազգային հանրութեան ուշադրութիւնն է հրաւիրում Հարաւային Կովկասում եւ յարակից տարածքներում տեւական խաղաղութեան հաստատման շուրջ միջազգային նոր եւ իրաւական պայմանագրի կնքման անհրաժեշտութեան վրայ, որը միջազգային գործուն երաշխիքներով եւ բոլոր ժողովուրդների ու պետութիւնների օրինական շահերը հաշուի առնելով, ինչպէս նաեւ արդար սահմանաբաժանմամբ կարող է այս տարածաշրջանում փակել արիւնալի պատերազմների հարիւրամեակների էջը:

Հայաստանի Հանրապետութիւնում այս օրերին ստեղծուած ներքաղաքական իրավիճակով պայմանաւորուած` ՀՅԴ Բիւրոն մինչեւ 2021 թ. Հոկտեմբերի 21-ը յետաձգում է Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերի 100 ամեակի ներպետական եւ միջազգային միջոցառումների ծրագիրը:

Այս ընթացքում ՀՅ Դաշնակցութեան համաշխարհային ցանցը, Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները խնդրոյ առարկայ հարցերով իրականացնելու են քաղաքական-յարաբերական աշխատանքներ:

Մասնաւորապէս` սոյն յայտարարութիւնը, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի կողմից հասցէագրուելու է միջազգային այն քաղաքական կազմակերպութիւններին, որոնց ՀՅ Դաշնակցութիւնը անդամակցում է, ինչպէս նաեւ Հայաստանում հաւատարմագրուած մի շարք դեսպանութիւններին:

Նաեւ անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետութեան` օրինականութիւնը կորցրած եւ հայրենիքի մի կարեւոր հատուած թշնամուն յանձնած իշխանութիւններին խստօրէն զգուշացնել՝ Թուրքիայի Հանրապետութեան հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մէջ, որոնք կարող են ենթադրել Մոսկուայի պայմանագրի կամ դրանից ածանցուած Կարսի պայմանագրի դրոյթների ճանաչում ՀՀ կողմից, ինչը թուրքական պետութեան 100-ամեայ նպատակն է: Կարեւոր ենք համարում յիշեցնել, որ ո՛չ Մոսկուայի եւ ո՛չ Կարսի պայմանագրերը ճանաչուած չեն Հայաստանի Հանրապետութեան կողմից, դրանք ճանաչուած չեն եղել նոյնիսկ Խորհրդային Հայաստանի կողմից` երբ հնարաւորութիւն է եղել արտայայտել սեփական կամքը:

Համոզուած ենք՝ մեր ժողովրդի համախմբած աշխատանքով, ուժեղ Հայաստանով եւ համերաշխ հասարակութեամբ կարողանալու ենք քայլ առ քայլ վերատիրանալ մեր ժողովրդի ոտնահարուած իրաւունքներին եւ վերականգնել համազգային արժանապատուութիւնը:

                                                                                                                                         ՀՅԴ Բիւրօ