1 Սեպտեմբերին Ատրպէյճանի զինեալ ուժերը կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատուածում տեղակայուած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրաւոր: Ատրպէյճանական ԶՈՒ-րը կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր:

Հայաստանի Հանրապետութիւնն այս ընթացքում բազմիցս ահազանգել էր, որ Ատրպէյճանը, նպատակ ունենալով նախապէս ծրագրաւորոպած ռազմական գործողութիւններ իրականացնել, միտումնաւոր, համակարգային կերպով ապատեղեկատւութիւն է տարածում:

Հայաստանի տարածքային ամբողջականութեան դէմ ոտնձգութիւնները, որոնք զուգորդւում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերեալ ատրպէյճանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպէս նաև տարբեր պետական լրատուամիջոցներով պարբերաբար հնչող յայտարարութիւններով ու ռազմատենչ հռետորաբանութեամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկայ հարցերը կարգաւորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքուի ագրեսիւ քաղաքականութեան շարունակութիւնը:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցէական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ատրպէյճանի կողմից իրականացւող այս սադրանքը նաև միտուած է շեղել միջազգային հանրութեան ուշադրութիւնը և խուսափել իր պարտաւորութիւնների կատարումից:

Խստօրէն դատապարտում ենք Ատրպէյճանի նմանօրինակ ագրեսիւ գործելաոճը, որն ուղեկցւում է արդէն 8 ամսից աւելի տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջօրէն խոչընդոտել տարածաշրջանում կայունութիւն և տևական խաղաղութիւն հաստատելու ջանքերին: Հայաստանի Հանրապետութիւնը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ատրպէյճանի զինուած ուժերի բոլոր ստորաբաժանումները պէտք է դուրս բերուեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

Կոչ ենք անում միջազգային հանրութեանն ու տարածաշրջանում իրական կայունութեամբ շահագրգիռ դերակատարներին առկայ մեքանիզմների կիրառմամբ և գործուն ու յստակ քայլերի միջոցով զսպել Ատրպէյճանի օրէցօր սաստկացող առաւելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագայ սրումը կանխելու և Ատրպէյճանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով: