Ատրպէյճանի յաջորդ նպատակը կրնայ Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը ըլլալ, միջանցք, որ կ՚անցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կ՚ըլլայ մեր վերահսկողութենէն. այս մասին յայտարարած է Հայաստանի արտաքին գործոց գործնախարար Արարատ Միրզոյեան ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի իր ելոյթին։

«… Ատրպէյճան ունի թաքնուած օրակարգ, երբ խօսքը վերաբերում է տարածաշրջանային փոխադրութեան և տնտեսական հաղորդակցութիւնների ապաշրջափակմանը: Որպէս ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստան կենսականօրէն շահագրգռուած է ինքնիշխանութեան, ազգային իրաւասութեան, իրաւահաւասարութեան և փոխադարձութեան հիման վրայ տարածաշրջանային բոլոր հաղորդակցութիւններու ապաշրջափակման մասին համաձայնութեան իրագործմամբ։ Հայաստան կը հանդիսանայ համալիր և արդար փոխադրութեան հաղորդակցութեան երկարատև ջատագովը՝ առևտրին, համագործակցութեանը և մարդկանց միջև շփումներին նպաստելու նպատակով, մինչդեռ մեր հարևանները շարունակում են երեք տասնամեակ կիրառուող Հայաստանի շրջափակումը, որը իմ երկրի տնտեսական հարկադրանքի լաւ կազմակերպուած քաղաքականության մի մասն է։ Այսպէս կոչոպած «միջանցքային տրամաբանութիւնը», որն առաջ է քաշւում Պաքոպի և նրանց թաքնուած ու բացայայտ հովանաւորների կողմից, ուղղուած է Հայաստանի ինքնիշխանութեան և տարածքային ամբողջականութեան խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը»:

«[Ատրպէյճանի] յաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կ՚անցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կը լինի մեր վերահսկողութիւնից։ Սա անընդունելի է մեզ համար և պէտք է անընդունելի լինի միջազգային հանրութեան համար», ըսած է Միրզոյեան։

Նախարարը ներկայացուցած է Լեռնային Ղարաբաղի մէջ ստեղծուած օրհասական կացութիւնը և աւելցուցած, որ միջազգային հանրութիւնը պէտք է գործադրէ բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի մէջ անյապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելութիւն տեղակայելու համար՝ տեղւոյն մարդու իրաւունքներու, մարդասիրական և անվտանգութեան ոլորտին մէջ իրավիճակի մշտադիտարկման և գնահատման նպատակով:

«ՄԱԿ-ի հաստատութիւնների և միջազգային այլ կազմակերպութիւնների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, հրամայական է: Այս առումով ընդգծում ենք նաև Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէի հետ կողմերի ամբողջական և բարեխիղճ համագործակցութեան ապահովման անհրաժեշտութիւնը՝ ռազմական յարձակման հետևանքները հասցէագրելու համար՝ ներառեալ զոհուածների դիերի դուրսբերումը և նոյնականացումը, անյայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնումն ու փրկութիւնը, ռազմագերիների ազատ արձակումը, անվտանգ և անարգել մարդասիրական օգնութեան տրամադրումը՝ միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի խստագոյն պահպանմամբ», ըսած է ան։

«Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչութեան էթնիկ զտումը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ու պաշտօնական Պաքուի ներկայացուցիչների միջև երկխօսութիւնն ապահովելու կայուն և կենսունակ միջազգային մեքանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրաւունքների և անվտանգութեան հետ կապուած հարցերի հասցէագրման համար հրամայական է: Աւելին, պէտք է երաշխաւորուի Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի դեմ պատժիչ գործողութիւնների բացառումը։

Մենք նաև կարծում ենք, որ միջազգային հանրութիւնը պէտք է պահանջի Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից դուրս բերել ատրպէյճանական ցանկացած զինուորական և իրաւապահ մարմին, որպէսզի բացառուի քաղաքացիական բնակչութեան շրջանում խուճապը, սադրանքներն ու էսկալացիան, և հնարաւորութիւն ստեղծուի ՄԱԿ-ի կողմից մանդատ ստացած խաղաղապահ ուժերի համար պահպանել կայունութիւնն ու անվտանգութիւնը Լեռնային Ղարաբաղում», ըսած է Միրզոյեան։

Հայաստանի արտաքին գործոց նախարարը ըսած է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին նկատմամբ իրականացուող ցեղային զտման քաղաքականութիւնը ընդհանուր պատկերին միայն մէկ մասն է․ «Այս համատեքստում մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետութեանը ռազմական գործողութիւնների մէջ ներքաշելու և դրանք՝ դէպի մեր ինքնիշխան տարածք աշխարհագրական առումով ընդլայնելու յստակ մտադրութիւն»։