ՀՅԴ Հայաստանի «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութիւնը 17 Մայիսին տարածեց հետեւեալ յայտարարութիւնը.

Վերջին շրջանում Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի շուրջ ծաւալուող զարգացումներն արդարացիօրէն մտահոգութիւնների առիթ են տալիս:

1995 թ. հիմնադրուած եւ ՀՀ ԳԱԱ համակարգում գիտահետազօտական կենտրոնի կարգավիճակ ունեցող Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը Հհ-ում գործող միակ թանգարան-ինստիտուտն է, որն ունի մեր եւ համաշխարհային պատմութեան ամենադատապարտելի էջերից մէկի մասին ամբողջական եւ համալրուող հաւաքածու` ներառելով Հայոց ցեղասպանութեան զոհերի, վերապրողների անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, յուշային մասունքներ, յուշագրութիւններ:

Իր նշանակութեամբ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը ոչ միայն ռազմավարական նշանակութեան համազգային գիտական կենտրոն է, այլեւ մեր հաւաքական ապրումների, յիշատակների, արժանապատուութեան եւ ազգային-քաղաքական իրաւունքների պահպանման, պաշտպանութեան խորհրդանշան եւ կենտրոն միաժամանակ:

2018 թ. հոկտեմբերից Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրէն Յարութիւն Մարութեանի նշանակմամբ կառոյցում սկսուեցին գործընթացներ, որոնց հանրագումարն ու ընթացքը մտահոգիչ են:

2019 թ. տնօրէնը հանդէս է եկել հիմնական ֆոնդում կ’առուցուածքային փոփոխութիւններ անելու առաջարկութեամբ: 2020 թ. փետրուարին ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող յանձնաժողովին ներկայացուած տնօրէնի առաջարկի համաձայն` հիմնական ֆոնդում գրանցուած նիւթերը (հիմնականում` Հայոց ցեղասպանութեանն առնչուող պատմագիտական եւ աղբիւրագիտական նշանակութեան գրքեր, եզակի օրինակներ), համապատասխան ընթացակարգով հանւում են հիմնական ֆոնդից եւ ընդգրկւում նոր ձեւաւորուող գրադարանում, այդպիսով փոխելով դրանց իրաւական կարգավիճակը:

Ըստ այդմ, հիմնական ֆոնդից, որը 2019 թ. դրութեամբ կազմում է շուրջ 95.000 միաւոր, դուրս է գալիս ընդհանուր առարկաների շուրջ 1/3-ը` շուրջ 36.000 միաւոր: Սա ՀՀ բոլոր թանգարանների պատմութեան մէջ չգրանցուած գործընթաց է: Ի դէպ, գործող կարգը երբեք որեւէ ուսումնասիրողների համար նիւթերի անհասանելիութեան խոչընդոտ չի հանդիսացել:

Ին՞չ նպատակ է հետապնդում այս գործընթացը. սոյն հարցը արդարացիօրէն շրջանառւում է հանրութեան լայն շրջանակների կողմից եւ սպասում իր թափանցիկ, հրապարակային գնահատականին: Արդեօք սա չի՞ կարող նախադէպային լինել եւ յետագայում ,ոչ համապատասխան առարկաներէ հիմնաւորումով դուրս չեն գրուի այլ նիւթեր:

Ինչու՞ է խախտւում թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիութիւնը, փոխարէնը սկսում է ակտիւանալ մարդկային սուբյեկտիւութեան գործօնը: Ի դէպ, այս սուբյեկտիւութեամբ էր պայմանաւորուած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուայ նախօրեակին հիմնական կարգախօսից ,պահանջում եմէ բաղադրիչի դուրս մղման ամօթալի փորձը: Արդեօք սա մեր պատմութիւնը, պահանջատիրութեան քաղաքականութիւնը ռեւիզիայի ենթարկելու անթաքոյց մղում չէ՞:

Նոյնքան մտահոգիչ է մէկ այլ հանգամանք. ինչու՞ է մեր թանգարանային ֆոնդերի պահպանման չափանիշների մշակման կարեւոր գործին լծուել մի հասարակական կազմակերպութիւն` սնուող Բաց Հասարակութեան ինստիտուտ-օժանդակութեան հիմնադրամի կողմից, որի հետ տնօրէն Մարութեանի` այլ դրուագներով գործակցութիւնը եւս յայտնի է:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը, ելնելով վերոյիշեալից, յայտարարում է` գործ ունենք համահայկական տարողութեան, մեր պետականութեան անվտանգութեանն ու ազգային բաղադրիչին առնչուող իրողութեան հետ:

Մենք խստօրէն դատապարտում ենք Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հ. Մարութեանի գործունէութիւնը, ինչն ակնյայտօրէն միտուած է Հայոց ցեղասպանութեան ճանաչման փաստաթղթային վկայութիւնների վերացմանը, ազգային ինքնութեան, հոգեւոր արժէքների ոչնչացմանը եւ սպառնում է Հայաստանի պետականութեան անվտանգութեանը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը չի՛ հանդուրժելու նման կասկածելի եւ անվտանգային առումով խիստ մտահոգիչ գործընթացների առկայութիւնը ՀՑԹԻ-ում եւ բոլոր հնարաւոր միջոցներով պայքարելու է այդ քաղաքականութեան դէմ:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւն

Մայիս 17, 2020 թ.

Երեւան