Շաբաթ, 15 Մայիս 2021-ին, Երեւանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) Սփիւռքագիտութեան Ամպիոնի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ համահայկական ուսանողական առցանց խորհրդաժողով մը՝ «Հայ Ուսանողութիւնը՝ Ազգային Վերածնունդի Առաջամարտիկ» խորագիրով։

Խորհրդաժողովին կը մասնակցէին Հայաստանէն, Արցախէն եւ Սփիւռքէն ուսանողներ եւ ուսումնական-կրթական ոլորտի մէջ ծառայող անհատներ, որոնք արտայայտուեցան Արցախի պատերազմի հետեւանքներուն եւ անոր վերածնունդին մէջ երիտասարդ ուսանողներու դերակատարութեան կարեւորութեան մասին։

Յիշեալ խորհրդաժողովին մասնակցեցաւ նաեւ Սուրիոյ Քրիստափոր Ուսանողական Միութիւնը: Խորհրդաժողովի աւարտին, հայ ուսանողութեան հետագայ գործակցութիւնը ապահովելու նպատակով, մասնակիցները ձեւաւորեցին համահայկական ուսանողական առցանց հարթակ եւ հանդէս եկան հետեւեալ յայտարարութեամբ.-

 

 

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

15.05.2021 Թ.

ՀԱՇՈՒԻ ԱՌՆԵԼՈՎ 2020 թուականի Արցախեան պատերազմից յետոյ ձևաւորուած ծանր իրադրութիւնը,

ՇԵՇՏԱԴՐԵԼՈՎ այդ պայմաններում հայութեան բոլոր խմբերի պատասխանատուութիւնը Հայաստանի և Արցախի հանրապետութիւնների ապագայի և սերունդների առաջ,

ԳԻՏԱԿՑԵԼՈՎ հայապահպանութեան մարտահրաւէրները սփիւռքում և դրանց դիմակայելու անհրաժեշտութիւնը,

ԱՐԺԵՒՈՐԵԼՈՎ Հայրենիք-Սփիւռք կապերի դերը հայկական երկու պետութիւնների զարգացման և հզօրացման գործում,

ՀԱՄՈԶՈՒԱԾ ԼԻՆԵԼՈՎ, որ այսօր հայութեան բոլոր խմբերը պարտաւոր են յստակեցնել իրենց անելիքը՝ ի շահ մեր հայրենիքի ու ժողովրդի,

ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ուսանողութեան՝ որպէս առաջմղիչ ուժի կարևոր դերը համազգային օրակարգ մշակելու և կենսագործելու հարցում,

ՅԱՅՏՆԵԼՈՎ մեր պատրաստակամութիւնը՝ առաւելագոյնս օգտակար լինելու մեր վտանգուած հայրենիքին ու ժողովրդին՝

ՄԵՆՔ՝

2021 թուականի մայիսի 15-ին 25 պետութիւնների հայ ուսանողների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցած «ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՍ,

ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

Մենք ամենայն խորութեամբ ընկալում ենք մեր պատասխանատուութիւնը ներկայ դժուարին պայմաններում և պատրաստակամ ենք միաւորել մեր ջանքերը՝ Հայաստանի ու Արցախի հանրապետութիւններին աջակցելու և առկայ մարտահրաւէրները չէզոքացնելու ուղղութեամբ:

Գիտակցում ենք, որ հայ ուսանողութիւնն իր ներուժով ընդունակ է էական ազդեցութիւն ունենալու մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ սանձազերծուած յետպատերազմեան տեղեկատուական պայքարում՝ սատար կանգնելով մեր ժողովրդի արդար դատին:

Համոզուած ենք, որ հայ ուսանողութիւնը ընդունակ է աջակցելու հայապահպանութեան մարտահրաւէրների չէզոքացմանը և համատեղ ծրագրերի իրականացմամբ նպաստելու հայ ինքնութեան ամրապնդմանն ու արժևորմանը գլոբալիզացիայի դարաշրջանում:

Մենք հաւատարիմ ենք մեր հազարաւոր անմահացած եղբայրների յիշատակին և ամենուր՝ Հայրենիքում թէ Սփիւռքում, պայքարելու ենք Արցախի հանրապետութեան անկախ գոյութիւնը պաշտպանելու և սահմանների անվտանգութիւնն ամրապնդելու համար:

Այսուհետ մեր ուշադրութեան կեդրոնում մեր վտանգուած հայրենիքն ու ինքնութիւնն են լինելու, որոնց մենք պաշտպանելու ենք համատեղ ծրագրեր կազմելով և իրագործելով:

Վստահ ենք, որ ստեղծուած իրավիճակում հայրենադարձութիւնը մեծագոյն անհրաժեշտութիւն է Սփիւռքի և Մայր Հայրենիքի համար, ուստի մեր խնդիրն է լինելու հայրենադարձութեանը և ազգահաւաքին նպաստելը:

Մենք ամենուր մեր համագործակցութիւնն ենք յայտնում բոլոր նրանց, ովքեր պայքարում են հայութեան իրաւունքների պաշտպանութեան համար:

Մենք՝ հայրենաբնակ և աշխարհասփիւռ հայ ուսանողութեան ներկայացուցիչներս, աջակցելու ենք Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնների զարգացմանը՝ որպես Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնների հզօրացման և Սփիւռքում հայապահպանութեան արդիւնաւէտ իրականացման անհրաժեշտ գրաւական: