Գործող իշխանութիւններն ու նրանց առաջնորդը շատ են խօսում «թաւշեայ յեղափոխութեան» որեւէ արտաքին ուժի աջակցութեան բացառման մասին: Այս թեզը չի կարող ճշմարիտ լինել մի շարք պատճառներով.-

  1. նախ՝ ոչ-ազգային դրամագլուխէ սնուող կազմակերպութիւնների, շարժումների ու աղանդաւորական կառոյցների գերակշիռ մասը լծուել էին «յեղափոխութեան» յաղթանակին: Այսօր էլ նրանց հիմնական մասը հանդիսանում են գործող իշխանութունների յենարանը:
  2. Փաշինեանի գործունէութեան տեղեկատուական ապահովումը քայլերթից ի վեր շարունակում են իրականացնել, հիմնականում, ոչ-ազգային դրամագլուխէ սնուող լրատուամիջոցները:
  3. Ակնյայտօրէն Հայաստանում ազդեցութեան համար բախուող աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների կայսերական շահերը չէին կարող «քնած» լինել այսպիսի հուժկու ժողովրդային ալիքից առաջ, ընթացքում եւ յետոյ. աւելին, որեւէ լուջ երկիր ու շարժում ուղղակի չէր կարող չհաշուարկել այս հնարաւորութիւնն ու չօգտուէր դրանից:
  4. Վերջին 20 տարիների ընթացքում հայաստանեան քաղաքացիական շարժումները հասունացնում էին երկրում փոփոխութիւնների իրականացման մթնոլորտը, իսկ այս շարժումներն ու նրանց թիկունքում կանգնած ֆինանսաւորողները, հիմնականում, տարաբնոյթ արտաքին ուժերն են. նրանք իրենց նպատակների իրագործման բուն պահին ուղղակի չէին կարող չէզոքանալ՝ ի չիք դարձնելով ներդրումներն ու ջանքերը:

Հայաստանը, աշխարհաքաղաքական առումով, սահմանային երկիր է եւ անպատկերացնելի է, որ կայսերական շահերը, չգիտես ինչու, մի կողմ պէտք է քաշուէին ու թողնէին, որ իրադարձութիւնները զարգանան ինքնին՝ բացառապէս հայկական օրակարգով: Անկայունութիւնը փոփոխութիւնների հիմնական միջոցն ու միջավայրն է եւ ժամանակակից համայնական աշխարհում որեւէ փոփոխութիւն չի մնում աննկատ ու անտէր. եթէ նոյնիսկ արտաքին ուժերն այն չեն հրահրում, փորձում են օգտագործել իրենց շահերի համար:

Հայաստանի անկայունութեան «հմայքը», ակնյայտօրէն, ունի աշխարհաքաղաքական բնոյթ՝ ուղղուած Ռուսաստանի եւ Իրանի դէմ: Այն, սակայն, մատուցուեց, ներքաղաքական հասունացած դժգոհութեան տեսքով: Միաժամանակ երկրում փաստացի տեղի ունեցաւ քաղաքական սերնդափոխութիւն՝ Արցախեան շարժման սերնդին փոխարինելու եկան քաղաքացիական ակտիւիստներն ու լրագրողները: Քառորդ դարը մէկ նման սերնդափոխութիւնն օրինաչափ է եւ, եթէ այն չի կատարւում վերեւից՝ կամովին, ակնյայտօրէն տեղի է ունենում ներքեւից՝ պարտադրուած:

Բարեբախտաբար, շարժման նախագծողներն ու առաջնորդները մի բան շուտ հասկացան. եթէ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումների նաւը փորձեն կտրուկ շրջել, ապա դա կը լինի քաղաքական կոլապս(անկում – «Գ.»). Հայաստանն ուղղակի կարող է չդիմանալ այդ փորձութեանը: Եթէ Վրաստանն ու Ուքրանիան ունէին տարածքներ եւ շուկաներ կորցնելու ու ոտքի վրայ մնալու ներուժ, ապա Հայաստանը կամ պէտք է կորցնէր Արցախը, կամ իր ինքնիշխանութիւնը: Իսկ Հայաստանն առանց Արցախի կը կորցնի իր անվտանգութեան հիմնական կռուանն ու տարածաշրջանում եւ աշխարհում էական գործօն լինելու հանգամանքը: Ինքնիշխանութեան կորստի պարագայում, Հայաստանը կը դառնայ ռուսական մարզ կամ կը յօշոտուի թուրք-ատրպէյճանական ներխուժման արդիւնքում: Այս բեմագրութիւնները, սակայն, ձեռնտու չեն որեւէ մէկին. առաջին բեմագրութեան պարագայում Արեւմուտքը, Թուքիան ու Իրանը երկար ժամանակով կը զրկուեն Կովկասում դերակատար լինելու հանգամանքից, իսկ երկրորդի պարագայում՝ տարածաշրջանում կը ձեւաւորուի թուրքական միաձոյլ միջավայր, որը կը վերաճի համաշխարհային նոր աղէտի՝ սպառնալով տարածաշրջանում խաղացող բոլոր երկրներին, նոյնիսկ Չինաստանին:

Հայաստանի պարագայում որդեգրուեց, այսպէս կոչուած, «թաւշեայ» անցման տարբերակը՝ որպէս միջանկեալ փուլ: Առերեւոյթ, Հայաստանը որեւէ արտաքին քաղաքական շրջադարձ չկատարեց եւ աշխարհին փորձում է համոզել այս թեզի ճշմարտացիութիւնը, սակայն ձեւաւորեց ԱԺ եւ կառավարութիւն, հիմնականում, արեւմտեան կողմնորոշում ունեցող քաղաքացիական ակտիւիստներից ու գործիչներից: Շարժման թիկունքում, ակնյայտօրէն, ռուսական հետք չկայ եւ դա է պատճառը, որ Փաշինեանն ու նրա խումբը մեծ ջանքեր են թափում ռուսներին համոզելու, որ իրենք շարունակում են զարգացնել հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնները: Այս իրավիճակն ունի եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմ: Դրականն այն է, որ Հայաստանը փորձում է հակակշռել ռուսական ազդեցութիւնը, մեծացնել սուբիեկտայնութիւնը (ենթակայութիւն – «Գ.») եւ Արեւմուտքի հետ փոխյարաբերութիւններին յաւելեալ գործիքակազմ ու հնարաւորութիւններ առաջարկել: Իսկ բացասականն այն է, որ Ռուսաստանը, յաճախ չէ, որ գործում է Արեւմուտքի «թաւշեայ» տրամաբանութեամբ. Արեւմտեան գործիքակազմի մէջ գերակշռող է հասարակութիւնների մէջ ներթափանցումն ու համակիրների լայն եւ աշխոյժ ցանցի ստեղծումը, որոնք անհրաժեշտութեան պահին հասարակութիւնը կարող են «պայթեցնել» ներսից: Ռուսական զինանոցում սուինն է եւ այն գործի է դրւում, երբ իրավիճակը սպառնում է դառնալ անվերահսկելի: Ռուսական կայսրութիւնը զէնքի նկատմամբ միշտ ունեցել է առանձնայատուկ պաշտամունք եւ նրա, այսպէս կոչուած, «գաղափարական իմպերիալիզմը»(կայսերապաշտութիւն – «Գ.») կարճ յաջողութիւն ունեցաւ միայն խորհրդային դրօշով: Այն, սակայն, պարտուեց Արեւմտեան լիպերալիզմին (ազատականութեան – «Գ.») դէմ:

Ռուսական ռազմակայանի առկայութեան, Արցախեան հարցի գոյութեան եւ կիսաշրջափակուած լինելու պարագայում, Հայաստանի արտաքին կողմնորոշումների փոփոխութիւնն ուղղակի արկածախնդրութիւն կը լինէր՝ սպառնալով երկրի ազգային անվտանգութեանը: Սակայն վտանգաւոր գօտում յայտնուեցին հայ-ռուսական յարաբերութիւնները: Սա Հայաստանի համար ունի ապակայունացման մեծ ներուժ, քանզի երկար ժամանակ չի կարող երկիրը գտնուել անվտանգութեան մէկ համակարգում, իսկ իշխանութիւններն ունենան հակառակ կողմնորոշումն ու ազդուեն այլ կեդրոններից:

Հայաստանեան փոփոխութիւններն ուղղուած են նաեւ Իրանի դէմ: Եթէ Արեւմուտքն ու ԱՄՆ-ն որոշեն Իրանի դէմ պատժամիջոցներից անցնել ռազմական գործողութիւնների, ապա նրանց համար Հարաւային Կովկասը պէտք է լինի հաւատարիմ յենակէտ: Վրաստանում, այս առումով կարծես խնդիրները նուազ են, Ատրպէյճանում այս գիծն առաջ են մղում Իսրայէլի ձեռամբ՝ ռազմարդիւնաբերական արդիական համալիրների ներդրման, ռազմական հրահանգիչների եւ Իրանի տարածքը անօդաչու սարքերով հետախուզելու միջոցով: Հաշուի առնելով Հայաստանի զգայուն իրավիճակը, այստեղ այն կը փորձեն գործադրել «թաւշեայ» իշխանութիւնների ձեռքով: Պարտադիր չէ, որ յաջողեն, բայց որ փորձում են եւ կը շարունակեն փորձել, ակնառու է ու տրամաբանական:

Այսպիսով, ակնյայտ է, որ Հայաստանեան «թաւշեայ յեղափոխութիւն»ն ունի արտաքին ազդեցութիւնների մեծ զինանոց եւ այն շարունակւում է յղկուել, փորձարկուել ու գործադրուել՝ Հայաստանին մխրճելով նոր մարտահրաւէրների դաշտ: Սա Արեւմուտքի պատասխանն էր Հայաստանի նախորդ իշխանութիւններին եւ Ռուսաստանին՝ մէկ օրում ԵՄ անդամակցութիւնից ԵԱՏՄ անդամակցութիւն շրջադարձ կատարելու համար:

Այսպիսի անկայունութեան պարագայում անհնար է ապահովել արտաքին որեւէ լուրջ ներդրում, աւելին՝ խիստ վտանգաւոր են նաեւ ներքին ներդրումները. մարդիկ սպասումների եւ անորոշութեան մէջ են յայտնուել, որն արտագաղթի եւ դրամագլուխների արտահոսքի համար մեծ վտանգներ է պարունակում: Փաստօրէն՝ Հայաստանի նոր իշխանութիւնը յայտնուել է ներքին եւ արտաքին խնդիրների տեղատարափի տակ, որի լուծումը փորձում է կոծկել կամ յետաձգել՝ դրանք հանրութեանը «վաճառելով» ապագայի գունաւոր պատկերներով եւ անցեալի «սարսափելի» ժառանգութեամբ: Քատրային թոյլ ներուժն ու անփորձութիւնը կրկնապատկում են վտանգները՝ գործընթացների կառավարումը դարձնելով անարդիւնաւէտ:

Իսկ իրական յեղափոխութիւնն առջեւում է, որն, իրօք կարող է ունենալ խիստ գունաւոր տեսք, եթէ ազգային ներուժը չվերագտնի իրեն ու այն չտանի հայկական պետականութիւնների արդիականացման հունով եւ անկայունացնող ուժերին չթելադրի իր կամքը:

Արտակ Սարգսեան
11 Սեպտեմբեր 2019