Հերթական անգամ ոտնահարելով պետութիւնների եւ ժողովուրդների միջազգայնօրէն ամրագրուած իրաւունքները, Թուրքիան բացայայտ ռազմական ակրեսիա է ձեռնարկել Սիրիայի հիւսիս – արեւելքում: Ենթադրեալ անվտանգութեան գօտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Սիրիայի հողային ամբողջականութիւնը, այլեւ այդ տարածքներում ապրող քիւրտ մեծամասնութեան, ինչպէս նաեւ ազգային եւ կրօնական տարբեր փոքրամասնութիւնների, այդ թուում` հայերի անվտանգութիւնը եւ միտուած է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն:
Երկար ժամանակ հովանաւորելով Սիրիայում գործող ծայրահեղականներին, Թուրքիան, ահաբեկչութեան դէմ պայքարի պատրուակով, այսօր ստեղծում է ռազմական գործողութիւնների նոր սրացման, ջարդերի եւ տեղահանութեան, ահաբեկչական կազմակերպութիւնների վերաշխուժացման եւ մարդասիրական աղէտի նոր վտանգ:

Մտահոգիչ է, որ այս ամէնը տեղի է ունենում Սիրիայում հաշտութեան եւ խաղաղութեան մթնոլորտի ձեւաւորման, ներքին թնճուկների յաղթայարման ուղղութեամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առաւել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մէջ ներգրաուած ուժերի եւ կազմակերպութիւնների անհամարժէք արձագանգը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետութեան նոր յանցաւոր գործողութիւններին:

Արդ`Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօն`

• դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողութիւնները ինքնիշխան պետութեան դէմ եւ ցեղասպան միտումները քրտական մեծամասնութեան եւ ազգային փոքրամասնութիւնների դէմ.
• պատրաստակամութիւն է յայտնում օժանդակելու ռազմական գործողութիւնների անմիջական գօտում յայտնուած մեր հայրենակիցների անվտանգութեան ապահովման եւ նրանց ցուցաբերելիք օժանդակութիւնների հարցերում.
• զորակցութիւն է յայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին եւ անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրաուած տերութիւնների եւ միջազգային հանրութեան գօրծուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղութիւն ապահովելու ուղղութեամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօ
10.10. 2019թ.