Սասունցի մի լաւ ընկեր ունէի… գամիշլեցի էր… Գիտէ՞ք որտեղ է Գամիշլին. Իրաքի, Թուրքիայի,Սիրիայի սահմանագլխին է Գամիշլին՝ պատմական Մծբինը, աշխարհի հնագոյն քաղաքներից մէկը… Քարտէզի վրայ այն մի փոքրիկ կէտ է, իսկ ընկերոջս պատմելով՝ մի մեծ աշխարհ…
-էէէէ՜… Գամիշլի,- երանութեամբ ասում էր նա ու շարունակում,- դու Գամիշլին   պիտի տեսնէիր, երբ չորս կողմը հայերէն կը խօսէին, եկեղեցիները կը ղօղանջէին, մանկապարտէզները հայերէն կը ծլվլային, վարժարանները հայերէն կ’աղմկէին, ճաշարանները հայերէն կը բուրէին… էէէ՜…, ուրիշ էր, հայու աշխարհ էր Գամիշլին… Հոն ծնած եմ, հոն անցուցած եմ խենթ տարիներս… էէէ՜:
Նրա նկարագրածից պիտի կարծէիր, թէ Գամիշլին ոտքից գլուխ Հայ ու Հայաստան էր…
 -…հարիւրէն առ եօթանասունը,-յետոյ, տեսնելով, որ քիչ է ասում երեւի, հինգն էլ է աւելացնում,- ո՛չ, եօթանասունհինգը մենք էինք, մնացածը՝ քրտեր, արաբներ, ասորիներ… Նրանց մէջ էլ գործատէրեր կային, բայց Գամիշլիի համն ու հոտը մենք էինք…,- ու սկսում է թուարկել,- ոսկերիչնե՞րը՝ մենք էինք, թոռնոճինե՞րը (խառատները)՝ մենք էինք, հացթուխնե՞րը՝ մենք էինք, կահագործնե՞րը՝ մենք էինք… Էէէ՜…, ամէն տեղ մենք էնք… Գամիշլին պզտիկ Սասուն էր, պզտիկ Հայաստան…. Չպահեցինք…էէէ՜:
Ափսոսանք, հիասթափութիւն կար ձայնին մէջ, ու դառնացած կրկնեց,- չը-պա-հե-ցի՛նք. մի քանի փարա աւել ունենալու համար մաս-մաս Հալէպ, Դամասկոս, Պէյրութ իջանք…
Մեծ գայթակղութիւնների քաղաքներն են սրանք. որքան էլ կարծր լինես, փափկամորթ կը դառնաս… էէէ՜…, ի՞նչ ասեմ… գամփռ, գելխեղդ էինք, բոջի դարձանք… Բոջին գիտե՞ս՝ ինչ է…էէէ՜:
 -Շնի՞կ է,- փորձեցի կռահել ես:
-Նման մի բան է. մենք բոջի սալոնի շնիկներուն կ’ասենք, որ կանայք կրծքներին փարած ման կու գան…էէէ՜:
 Յիշողութիւնը յորդում էր… Մի պահ դադար առնելուց յետոյ շարունակեց. -…ի՜նչ տղաք ունէինք. ցերեկները՝ խանութպան, հացթուխ , ոսկերիչ էին, գիշերները՝ վրիժառու վագրեր: Գաղտնի, աննկատ սահմանը կ’անցնէին՝ թուրք որսալու… Երկու մարդ գիտէին՝ քեռի Թաթօն ու հայրս… Սահմանից այն կողմ քեռի Թաթօն հաւատարիմ քրտեր ունէր. նրանք զգուշացրել էին, որ գաղտնի ոստիկանութիւնը հոտն առել է, ու առ ժամանակ, թուրք որսալու գործողութիւնը պէտք է կենայ, դադրի:
Գամիշլիում հայ ընտանիք չկար, որ թուրքի եաթաղանից փրթած չլինէր… Կոտորածից հրաշքով փրկուած գերդաստանների դժբախտ խլեակներն էին Սասունից հասել Գամիշլի…
Նրանց մէջ ամենադժբախտը Մարտօն էր. մեծ ու շէն գերդաստանից միայն նա էր փրկուել…
-…Կը յիշեմ, Տորք Անգեղի նման հսկայ մարդ էր Մարտօն. ոտքը կոխած տեղը գետինը կը տնքար: Քչախօս էր: Շէնք ու շնորհքն ազնիւ էր, բայց բեռնակիր կ’աշխատէր. երեք-չորս պարկ միանգամից կը շալկէր… Քուրտ բեռնակիրներու աչքի փուշն էր. նրանց մէկ օրուայ գործը մէկ ժամում կ’անէր… Վարձն էլ ի՞նչ էր՝ ռախի… Կը խմէր, միայն կը խմէր, ոչ մէկին թթու խօսք չէր նետի…
  Ցորենի չուալներ ունէինք, ջաղաց պիտի տարուէին ու Մարտոյին դիմեցի: Որոշել էի օղիէն զատ դրամ էլ տալ:
 -Փարան պէտք չէ…,- անտարբեր ասաց Մարտօն,- դուն ինծի ուզածս տո՛ւր… չե՞ս տար՝ ճանդ սաղ…էէէ՜:
-Քեռի Մարտօ, փարան կապ չունի ուզածիդ հետ. քեզի հօրեղբօր տեղ ընդունեցի, կ’ուզեմ՝ նուէրս չմերժես…է:  Մարտոյի դէմքին հովի պէս ժպիտ յայտնուեց ու նոյն պահին էլ չքացաւ:
-Նուէ՞ր… Ին՞չ պիտի անեմ… Մանչերուս համար գի՞րք պիտի առնեմ… Խանըմիս համար գլխաշո՞ր… Անոնց ծախսը Երկնաւորը կը հոգայ… դուն ինծի ռախըս տուր, կը բաւէ…,- յետոյ հարցրեց,- Արթինի տղան չե՞ս, անունդ Վազգէն չէ՞…էէէ՜:
-Այո՛, Վազգէնն եմ, Յարութիւնի տղան:
-Աստուած պահէ անունդ, արեւդ խնդա՛,- օրհնեց Մարտօն ու թեւով սրբեց արցունքի՝ դէմքի ակօսներով հոսող առուակը… Կորցրած մանչերը յիշեց երեւի…
…օրեր անցան… Քեռի Մարտօն չէր երեւում. մէկն ասում էր՝ հիւանդացել է, մէկն էլ, թէ արտերից ցորենի չուալներ է կրում… Մարտօն չկար ու չկար… Բոլորը մտահոգ էին, բացի քուրտ բեռնակիրներից. չէ՞ որ նրանց օրուայ գործը Մարտօն մի ժամում էր անում…
 Գամիշլին անակնկալի եկաւ, երբ գաղտնի ոստիկանութիւնը սկսեց հարց ու փորձ անել, հետաքրքրուել նրանով…
Այդ օրը ուշ տուն հասայ… Հայրս մտահոգ տեսայ, երբեք նրան այդպէս չէի տեսել. ծխում էր ու ծխում…։ Քաշուեցի անկիւնս ու հօրս նախատի՞նք, թէ ափսոսանք ասող խօսքերը լսեցի:
– Ա՜խ, Մարտօ, Մարտօ… Ի՞նչ ըրիր, խօսքս ինչո՞ւ մտիկ չըրիր…:
Սպարտակ Ղարաբաղցեան