Անհերքելի փաստ է, որ Հայաստանի զարգացումը պայմանաւորուած է ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական եւ իրաւական պետութեան գոյութեամբ: Ցանկացած քաղաքական իշխանութեան կողմից այս կարգավիճակին հակառակ գործելը յանգեցնում է հանրապետութեան գոյութեան դադարմանը:

Վերջին շրջանում օրուայ քաղաքական իշխանութիւնը ձեռնամուխ է եղել պետական իշխանութեան ինքնուրոյն ճիւղ հանդիսացող դատական իշխանութեան իւրացմանը:
Չբաւարարուելով հակաօրինական բազմաթիւ նախաձեռնութիւններով, անտեսելով հայաստանեան եւ միջազգային հանրութեան կողմից արուած զգուշացումները, արհամարհելով Հայաստանի միջազգային վարկը` օրուայ քաղաքական իշխանութեան կողմից նախաձեռնուել է երկրում սահմանադրականութիւնը ոչնչացնող գործընթաց: Ազգային ժողովում քաղաքական մեծամասնութեան պատգամաւորների կողմից շրջանառութեան մէջ են դրուել օրինագծեր, որոնցով փորձ է արւում ոչ միայն իւրացնել սահմանադրական դատարանի եւ երկրի նախագահի լիազօրութիւնները, այլ նաեւ տապալել երկրի սահմանադրական կարգը: Այս անպատասխանատու եւ անհաշուենկատ ընթացքը սպառնում է հայոց պետականութեանը: Լրջանալու, սթափուելու եւ իրաւունքի գերակայութեան համաժողովրդական ցանկութիւններն իրականացնելու փոխարէն օրուայ քաղաքական իշխանութիւնը ցուցաբերում է անհաւասարակշիռ վարքագիծ, որն օժտուած է առանձապէս ծանր յանցագործութեան յատկանիշներով եւ քրէօրէն պատժելի է:
Պահանջում ենք քաղաքական իշխանութիւնից եւ նրա ղեկավար, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանից` վերջ տալ քաղաքական իշխանութեան հակաօրինական գործողութիւններին` մնալով գործադիր իշխանութեան լիազօրութիւնների շրջանակում, զերծ պահել օրէնսդիր իշխանութեան քաղաքական մեծամասնութեանը լիազօրութիւնների չարաշահումից, ջանքեր գործադրել` լուծելու երկրի առջեւ օրէցօր ահագնացող մարտահրաւէրները:
Կոչ ենք անում Հանրապետութեան նախագահին` չսատարել այս հակաօրինական նախաձեռնութիւններին եւ հետեւել իշխանութիւնների տարանջատման ու հաւասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանմանը:
Դիմում ենք ողջախոհ հանրութեանն ու քաղաքական ուժերին` համախմբուել երկիրն այս կործանարար ընթացքից հետ պահելու օրակարգի շուրջը:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին
05.02.2020 թ.