Յարգելի՛ հայրենակիցներ,

Ի գիտութիւն ընդունելով Արցախի Հանրապետութեան Կեդրոնական Ընտրական Յանձնաժողովի հաղորդագրութիւնը ս. թ. 31 Մարտին կայացած համապետական ընտրութիւնների պաշտօնական արդիւնքների վերաբերեալ եւ վերլուծելով ընտրական գործընթացին առընչուող տուեալներն ու տեղեկութիւնները, արձանագրում ենք.

Ընտրութիւնները տեղի ունեցան օրէնքով սահմանուած կարգով, ժամկէտներում, մրցակցային, բայց անհաւասար պայմաններում, սակայն ընտրութիւններին նախորդած զարգացումները և քուէարկութեան ընթացքը համադրելի են 2005 թ.-ին տեղի ունեցած ընտրախախտումների և արատաւոր երևոյթների հետ:
Հաշուի առնելով մեր հանրապետութեան առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրաւէրները, գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւն ձևաւորելու անհրաժեշտութիւնը, ընդունում ենք ընտրութիւնների արդիւնքները՝ ակնկալելով, որ յանուն ազատ, անկախ և կայուն զարգացող Արցախի՝ իշխանութիւնները կ՚անեն համարժէք հետեւութիւններ, մասնաւորապէս կ՚ապահովեն արձանագրուած ընտրախախտումների անաչառ, համակողմանի քննութիւնը, իսկ առաջիկայում լրջօրէն կ՚անդրադառնան համակարգային փոփոխութիւնների սահմանադրական լուծումների մեր քաղաքական պահանջի իրագործման և ընտրական օրէնսգրքի բարեփոխման հարցերին:

Քարոզարշաւի ընթացքում անդրադարձել ենք հասարակութեանը յուզող հիմնախնդիրներին և ներկայացրել դրանց լուծման մեր պատկերացումները, տուրք չտալով ամբոխավարութեանը: Սակայն այս կամ այն պատճառով, ցաւօք, մեր խօսքը լայնօրէն չընկալուեց եւ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում մեր կուսակցութիւնը ԱՀ Ազգային Ժողովում ներկայացուած կը լինի երեք պատգամաւորներով:

Մեր դիրքորոշումների հաստատուն հէնքը՝ երկրի անվտանգութեանը, կայուն զարգացմանը, անհրաժեշտ բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը, սոցիալական արդարութեանը եւ օրէնքի գերակայութեան ապահովմանը միտուած աշխատանքներն են:

Շնորհակալութիւն ենք յայտնում ազատ ու գիտակցուած ընտրութիւն կատարած մեր բազմահազար հայրենակիցներին և այդ թւում՝ Հ.Յ. Դաշնակցութեան շուրջ համախմբուած ընտրապայքարի բոլոր մասնակիցներին:

14 Ապրիլին նախատեսուած ԱՀ նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլին կը մասնակցեն առաւելագոյն քուէ ստացած երկու թեկնածուները:

Մեկնելով մեր նախընտրական ծրագրի հիմնադրոյթներից եւ առկայ քաղաքական զարգացումներից՝ Հ.Յ. Դաշնակցութիւնը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին:

Անկախ քաղաքական հայեացքներից, մեզ բոլորիս միաւորում է հայրենիքի բարօրութիւնն ու զարգացումն առաջ տանելու վճռականութիւնը։

ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէ
9 Ապրիլ , 2020, Ստեփանակերտ