Մամուլիի ազատութեան միջազգային օրուան առիթով ՀՀ նախագահ Արմէս Սարգսեան ուղղած է հետեւեալ ուղերձը.

«Մամուլիի ազատութեան միջազգային օրուայ առիթով շնորհաւորում եմ լրագրողներին եւ լրատուամիջոցների աշխատակիցներին․ դուք մեր բարդ ժամանակների պարզապէս արձանագրողն ու լուսաբանողը, ականատեսն ու գրառողը չէք, այլեւ այդ ամէնի անմիջական մասնակիցն էք` մեր քաղաքացիներին ապահովելով հրատապ եւ սպասուած տեղեկատուութեամբ:

Այն, որ այսօր հասարակութիւնն աւելի տեղեկացուած է, աւելի արագ ու անմիջական է արձագանքում երեւոյթներին, աւելի ակտիւ է մասնակցում իրադարձութիւններին, մեծապէս պայմանաւորուած է նաեւ ձեր աշխատանքով: Աշխատանք, որը ձեզնից պահանջում է լարուած ջանքեր, որոնք ոչ միշտ են տեսանելի, զոհողութիւններ, որոնց մասին ոչ միշտ ենք տեղեկանում, նուիրում, որը երբեմն ձեզ մղում է անձնականը ստորադասել մասնագիտականին: Եւ, ի հարկէ, աշխատանք, որը ձեզնից պահանջում է պատասխանատու վերաբերմունք ինչպէս խօսքի , այնպէս էլ մարդու հանդէպ, որովհետեւ իւրաքանչիւր խօսքի հետեւում տեսանելի եւ անտեսանելի ճակատագիր է` մարդու, ընտանիքի, երկրի, ժողովրդի ճակատագիր:

Շնորհակալ եմ բարձր գնահատականի արժանի ձեր անձնազոհ աշխատանքի համար, որն օգնում է լինել տեղեկացուած, կայանալ ու ձեւաւորուել որպէս քաղաքացի, որպէս իշխանութիւն, որպէս հասարակութիւն:
շնորհակալ եմ մեր արդիւնաւէտ համագործակցութեան համար:

Երջանկութիւն, բարեկեցութիւն եւ ամենայն բարիք ձեզ ու ձեր ընտանիքներին:

Երջանկութիւն, բարեկեցութիւն եւ ամենայն բարիք ձեզ ու ձեր ընտանիքներին»:

Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմ