Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը ուղերձ յղած է Համաշխարհային Բ. պատերազմի յաղթանակի 75-րդ տարեդարձին, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծման օրուան առիթով:

Ուղերձին մէջ նշուած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում եմ բոլորիս Յաղթանակի Օրուան կապակցութեամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միութեան միւս ժողովուրդների հետ մէկտեղ տօնում էր մարդկութեան պատմութեան ամենամեծ չարիքներից մէկի՝ ֆաշականութեան դէմ կրած յաղթանակը: Այդ յաղթանակը ձեռք բերուեց մարդկային հսկայական տառապանքների, զոհողութիւնների, աննախադէպ խիզախութեան ու յամառութեան շնորհիւ:

Հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցաւ այդ յաղթանակի կերտման եւ որպէս հետեւանք՝ ֆաշականութեան արհաւիրքից եւրոպական ժողովուրդներին ազատելու գործում: Խորհրդային բանակում աւելի քան կէս միլիոն հայ մասնակցեց պատերազմին: Հազարաւոր հայեր մարտնչում էին եւրոպական երկրների դիմադրութեան շարժման ջոկատներում: Հայ ժողովուրդը շուրջ 300 հազար կեանք դրեց յաղթանակի զոհասեղանին: Ընդամէնը քառորդ դար առաջ Ցեղասպանութիւնից վերապրած ժողովրդի համար դա աներեւակայելի մեծ թիւ էր, որը համեմատելի էր միայն մեծ տէրութիւնների կրած մարդկային կորուստների հետ: Պատերազմի աւարտին Խորհրդային Հայաստանի բնակչութիւնը նուազել էր աւելի քան 13 տոկոսով, այն դէպքում, երբ մեր հողի վրայ պատերազմական գործողութիւններ բնաւ տեղի չէին ունեցել:

Մենք այսօր խոնարհւում ենք մեր նահատակների յիշատակի առջեւ, բայց նաեւ հպարտանում՝ մեր նախնիների հերոսութեամբ: Պատերազմի ժամանակ 107 հայ արժանացել է Խորհրդային Միութեան հերոսի կոչման՝ այն բարձրագոյն պարգեւին, որը տրւում էր բացառիկ սխրագործութիւնների համար: Առանձնայատուկ պարծանքի է արժանի նաեւ յաղթանակի համար Հայաստանում եւ սփիւռքում բնակուող հայ ժողովրդի զաւակների եւ յատկապէս Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու ներդրած նշանակալից նիւթական աւանդը:

Մենք ամբողջութեամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եւ հիմա, առաւել քան ուրիշ ոեւէ մէկը, քաջ գիտակցում ենք խաղաղութեան արժէքը: Մեր ինքնութիւնը լաւագոյնս արտայայտւում է խաղաղութեան պայմաններում, ստեղծագործ եւ կենարար աշխատանքի միջոցով: Միեւնոյն ժամանակ, իմանալով խաղաղութեան գինը, մենք միշտ պատրաստ ենք ամէն գնով պաշտպանել այն եւ հարկ եղած դէպքում վերստին մարտնչել մեր ազատութեան եւ արժանապատուութեան համար:

Զուգադիպութիւն, կամ գուցէ նախախնամութեամբ կանխորոշուած օրինաչափութիւն է, որ այս օրերին մենք տօնում ենք նաեւ Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծումը: Իրադարձութիւններ, որոնք բացառիկ նշանակութիւն ունեցան մեր նորագոյն պատմութեան համար: Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Պսակուելով փայլուն յաղթանակով՝ այն իր հերթին դարձաւ մեր ժողովրդի անվտանգութեան ապահովման եւ խաղաղութեան պահպանութեան առհաւատչեան: Այսօր եւս մենք հաստատակամ ենք. Արցախի Հանրապետութեան ժողովրդի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքի իրացումը սակարկութեան առարկայ չեն: Դրանք բացարձակ արժէքներ են մեզ համար:

Յիշենք եւ արժանին մատուցենք Շուշիի եւ ողջ Արցախի ազատագրման համար զոհուած մեր հերոսներին: Նրանք կանգնեցին նոյնքան ամուր, որքան իրենց պապերը մօտ կէս դար առաջ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Յիշենք ապրիլեան քառօրեայ պատերազմում ընկած մեր երիտասարդներին՝ մեր նորօրեայ հերոսներին, ովքեր իրենց կեանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի ազատատենչ ոգին եւ կամքը:

Փա՛ռք հայ ժողովրդի ազատութեան համար մարտնչած բոլոր հերոսներին:

Կեցցէ՛ յաւիտենական Հայաստանը»: