Հաշուի առնելով այն իրողութիւնը, որ ՀՀ կառավարութիւնը երկարաձգում է արտակարգ դրութեան կարգը եւս մէկ ամսով, որը պէտք է քննարկուի Ազգային ժողովի նիստում, «Բարգաւաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն եւ «Հայրենիք» կուսակցութիւնների ստեղծած աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրութեան ընթացքում հաւաքների սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի որոշում, որը շրջանառութեան մէջ կը դնի Ազգային ժողովի «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութիւնը:

Աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագծով քաղաքական իշխանութեանը մասնաւորապէս առաջարկում է հրաժարուել հանրային քննադատներին լռեցնելու արատաւոր փորձից, դադարեցնել անձանց հաւաքներ անցկացնելու սահմանադրական իրաւունքների իրացման անհիմն եւ տոտալ սահմանափակումը, փոխարէնը սահմանել հաւաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարաւոր կը դառնայ, առանց անձանց սահմանադրական իրաւունքը խախտելու, կանխել վարակի հնարաւոր տարածումը: Առաջարկւում է սահմանել հաւաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց` անձինք հաւաքներ անցկացնելիս պարտաւոր կը լինեն միմեանցից պահպանել 1,5 մեթր հեռաւորութիւն եւ կրել դիմակներ:

Միաժամանակ յայտնում ենք, որ «Բարգաւաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն եւ «Հայրենիք» կուսակցութիւնները քննարկում են քաղաքական իշխանութեան կողմից յիշեալ առաջարկութիւնները մերժելու դէպքում արտակարգ դրութեան անհիմն սահմանափակումները վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը, որի շուրջ աշխատանքային խումբը պատրաստւում է քննարկումներ սկսել տնտեսվարողների, շահագրգիռ այլ ուժերի եւ անձանց հետ: