Ատրպէյճանի Արտաքին Գործոց Նախարարութեան կողմէն վերջերս ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահներուն ուղղուած բողոքին գծով, ուր փորձ կատարուած է լիբանանահայ  քանի մը ընտանիքներու Արցախի Հանրապետութիւն տեղափոխուիլը ներկայացնել որպէս միջազգային  մարդասիրական իրաւունքի ձեւաչափերու խախտում, Արցախի Հանրապետութեան ԱԳՆ-ն յայտարարութիւն տարածած է:

Յայտարարութիւնը կը ներկայացնենք ստորեւ`

«Արցախի Հանրապետութեան իշխանութիւններն իրենց պարտքն են համարում օգնութիւն ցուցաբերել տարաբնոյթ աղէտների եւ ճգնաժամերի պատճառով կրիտիկական իրավիճակում յայտնուած հայրենակիցներին: Աւելին` մարդասիրական աղէտներին արձագանքելը գտնւում է ողջ միջազգային հանրութեան ամբողջական պատասխանատուութեան տիրոյթում, որի բաղկացուցիչ մասն է Արցախի Հանրապետութիւնը` անկախ նրա` ժամանակաւորապէս միջազգայնօրէն չճանաչուած քաղաքական կարգավիճակից: Մարդասիրական օգնութիւն ուղարկելով Լիբանան եւ ապաստան տրամադրելով նրանց, ովքեր Պէյրութում տեղի ունեցած աւերիչ պայթումի արդիւնքում կորցրել են իրենց տները` պաշտօնական Ստեփանակերտը ուժերի ներածին չափ իր ներդրումն է ունենում միջազգային հանրութեան ընդհանուր ջանքերում` միտուած մարդասիրական իդէալների կենսագործմանը:

Արցախի Հանրապետութեան իշխանութիւնները շահագրգռուած են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանուի, սակայն, միեւնոյն ժամանակ, իրենց ինքնիշխան իրաւունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցութիւն կը ցուցաբերեն ծանր իրավիճակում յայտնուած մեր հայրենակիցներին, ովքեր ցանկութիւն կը յայտնեն գալ եւ հաստատուել մեր հանրապետութիւնում:

Մարդասիրական աղէտի պայմաններում յայտնուած մարդկանց Արցախի իշխանութիւնների կողմից բնակարանների տրամադրումը որպէս միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի խախտում ներկայացնելու ատրպէյճանական կողմի բազմաթիւ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փաստաթղթերի կանխակալ մեկնաբանման, այլեւ, առհասարակ, մարդասիրութեան վերաբերեալ խեղաթիւրուած պատկերացումների մասին: Հակամարտութեան եւ դրա կարգաւորման ողջ ընթացքում ատրպէյճանական իշխանութիւններն ի ցոյց են դնում մարդասիրական խնդիրների նկատմամբ իրենց բացայայտ քամահրական վերաբերմունքը` դրանք օգտագործելով միայն սեփական շահի համար` քօղարկելու իրենց իրական` դատապարտելի նպատակները: Այդ մասին է վկայում աւելի քան երեք տասնամեակ շարունակ Ատրպէյճանից կէս միլիոն հայ փախստականների իրաւունքների լկտիաբար անտեսումը, որոնց վտարումն ուղեկցւում էր զանգուածային սպանութիւններով եւ դաժան ջարդերով, սակայն առայսօր պաշտօնական Պաքուն յամառօրէն հրաժարոււում է ճանաչել իր պատասխանատուութիւնը նրանց ողբերգական ճակատագրի համար:

Անթոյլատրելի ենք համարում, որ Պէյրութի մարդասիրական աղէտից տուժածները դառնան ատրպէյճանական իշխանութիւնների յարձակումների թիրախ եւ քաղաքական շահարկումների առարկայ: Վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետութեան իշխանութիւններն այսուհետ եւս անհրաժեշտ օգնութիւն կը ցուցաբերեն իրենց բնակութեան վայրերում դժուարին իրավիճակում յայտնուած մեր բոլոր հայրենակիցներին»: