Կէս գիշերին, խրամատ փորելիս մի մեծ սպիտակ շուն մօտեցաւ մեր դիրքերին: Տղաները սկսեցին կանչել, սիրել, կերակրել: Ես էլ միացայ այս հոգատարութեանը, որի մէջ, ակամայից, հաւատարմութիւն եւ ապահովութիւն էինք փնտռում: Շունը չէր հաջում, կարծես չմատնելու մեր դիրքերը: Հաւանաբար գիւղից էր փախել՝ չհանդուրժելով թուրքի ներկայութիւնը:
Փոսս խորացնելուց յետոյ, արդէն դժուար էր երկարապոչ բահով աշխատելը, հողը սկսեցի հանել մետաղական ափսէով, իսկ աջ ու ձախ կողմերում՝ ոտքերիս ու մարմնիս համար յարմարութիւններ փորելու նպատակով, գործի դրեցի որսորդական դանակս, որ տարիներ ի վեր պահում էի՝ մի յարմար օր գործի դնելու յոյսով… ի դէպ, 12 ամեայ որդիս էր որոնել տան մէջ, գտել ու ինձ փոխանցել, երբ պարզ էր, որ մեկնում եմ…
-Պա՛պ, վերցրու՛, կարող է բլիժնի բոյի (դէմ առ դէմ կռիւ «Գ.») ժամանակ պէտք գայ:
Վերջապէս խրամատս համարեցի աւարտուած ու երկու ժամով իմ հերթը հասաւ քնելու: Մի քանի րոպէ յետոյ խրամատիս դիմաց ինչ-որ շարժ նկատեցի. Քոթոթն էր, նստել էր խրամատիս առջեւի մասում՝ վահանելով ինձ թշնամու կրակից:
-Պաշտպանում ես, հա՞, Քոթոթ ջան: Շատ բարին ես բայց, բա որ քե՞զ կպնի,- ակամայից սկսեցի զրուցել շան հետ։
-Ասում են շունը լաւ նշան է… ի՞նչ կÿասես, վաղը ի՞նչ է լինելու մեզ հետ:
Քոթոթը յարմար փռուել էր խրամատիս առջեւի թմբի վրայ ու հեռանալու մտադրութիւն չունէր: Ննջեցի, Քոթոթը այդ 2 ժամը հսկեց քունս՝ առանց տեղաշարժուելու, երեւի հարազատ հոգի էր գտել:
-Էս հլը այստե՞ղ ես, գնա ուրիշներին էլ հսկի, ես արդէն արթուն եմ:
Յետոյ մէկ այլ շուն էլ երեւաց, Քոթոթը ընկերոջ հետ ամբողջ գիշեր չլքեց մեր դիրքերը:
Առաւօտեան մարտին Քոթոթը էլ չերեւաց, մենք էլ աչքներս արիւն կտրած մոռացանք շանը, որը շատերիս հոգատարութիւն, մի քիչ բարութիւն ու ապահովութիւն ներշնչեց՝ մահուանը դէմ յանդիման, անծանօթ ձորում, թշնամու քթի տակ…
25 հոգուցս 23-ը այդ անիծեալ ձորից կենդանի դուրս եկանք. յետոյ ռազմի դաշտում էլի շներ պիտի տեսնէինք, ու ամէն անգամ Քոթոթին մտաբերելիս, նրան ակամայից մարտական ընկերներիցս մէկն էի համարում՝ արժանի յիշատակման:
* * *
Փեփսի քոլայի ցեխոտ շիշը
Հալածուած, կիսաշոկ վիճակում քայլում էինք հերկած դաշտով: Վիրաւորներին լաւ էր մեքենաներով տարան: 5 հոգով, իրարից տեսանելի հեռաւորութեամբ քայլում էինք դանդաղ: Կարէնի զէնքն էլ ուսիս էր, Հայկին օգնելու ժամանակ վերցրել էի ու մնացել էր մօտս: Ծարաւը անտանելի խեղդում էր, վերջին անգամ ջուր խմել էինք նախորդ օրը, 4-5-ի կողմերը, արդէն 16 ժամից աւել էր ջրի երես չէինք տեսել: Ամբողջ գիշեր խրամատ փորելուց, առաւօտեան մարտից յետոյ ջրաքամ էինք եղել:
Երբ հասանք դէպի խաչմերուկ տանող ճանապարհին, ջրի շշեր երեւացին. ակամայից ուշադրութիւնս լարեցի շշերի վրայ՝ յուսալով, որ մէկի մէջ գոնէ ջուր երեւայ:
Վերջապէս ցեխոտ, կիսադատարկ փեփսի քոլայի շիշ գտայ: Մէկ շնչով դատարկելուց յետոյ, ակամայից բարձրաձայն ինքնախոստովանեցի.
-Երբեք չէի մտածել, որ հողոտ ճամբին, ցեխոտ, ուրիշի խմած կիսադատարկ փեփսի քոլայի շիշ գտնելուց էսքան կÿուրախանամ:
Յետոյ՝ պատմեցի տղերքին ու… դարձաւ անեկդոտ:
-Էս յիսուն տարեկան տղեն բա գիտէ՞ք ոնց երջանկացաւ կռուի դաշտում՝ ցեխոտ կիսադատարկ, ուրիշի խմած պեպսիկոլայի շիշ էր գտել,- պատմում էին ու ծիծաղում:
-Յետոյ, մի հատ էլ ջրի շիշ գտայ,- աւելացնում էի ես՝ ծիծաղելով,- իրօք մի հատ էլ ջրի շիշ գտայ ու դատարկեցի քրտինքի մէջ կորած գլխիս, որ արթուն մնամ:
Յետոյ ճամբէքից ջրի շիշ գտնելը դարձաւ սովորական ու օրինաչափ՝ մեքենաներով բերում, դատարկում էին ճամբի եզրին, որ ռազմադաշտում գտնուողները վերցնեն, բայց իմ «հերոսը» մնաց էդ փեփսի քոլայի ցեխոտ շիշը:
Հիմա, Երեւանում ամէն սրճարան նստելիս փեփսի քոլայ եմ ուզում՝ ի յարգանք էն ցեխոտ, կիսադատարկ շշի:
* * *
«ԿԸ ԳԻՒԼԼԵՄ…, ՏՂԵ՛ՐՔ, ԿԸ ՆԵՐԷՔ, ՏԱՔԱՑԱԾ ԷԻ»
Մթնում էր: Հասկանալի էր, որ կապիտանին չենք գտնի, հեռախօսիս լիցքաւորումն էլ նստել էր, համարը չէի կարող նայել: Էլ ոչ ոք չերեւաց մեր տղաներից, ակնյայտ էր՝ վաշտը ցրուել էր եւ շատերը, այս կամ այն ձեւով, դուրս էին եկել ռազմի դաշտից…
-Տղե՛րք, հիմա իմ խնդիրը ձեզ անվտանգ զօրամաս հասցնելն է, որպէսզի համալրուենք, նոր հրամանատարներ նշանակեն ու նոր մարտական խնդիր դնեն: Այստեղ անտէր ենք, 5 հոգով, առանց սնունդ, առանց զինամթերք ու խնդիրը անիմաստ է մնալ, պէտք է փորձենք կապուել զօրամասի հետ, որ անելիքներս ճշտենք:
Որոշեցինք շարժուել Խ…գիւղի ուղղութեամբ, որպէսզի փորձենք կապ հաստատել զօրամասի հետ: Մի քանի ժամ քայլում էինք ճանապարհին զուգահեռ դաշտով, քանզի ճանապարհը հրետակոծւում էր, աչքներիս առաջ մի մեքենայ խփեցին:
Ճանապարհին շշերով մեծ քանակութեամբ ջուր գտանք, հաւանաբար թափել էին, որ զինուորները տեղափոխեն: Քայլում էինք եւ սնւում գրպաններումս մնացած ջարդած պոպոկի ոչ մեծ կտորներով. մօրս դրածն էր, գիշերը բաժանել էի, գրպաններումս էլ մի քիչ մնացել էր:
Մի քանի անգամ փորձեցինք մեքենայ կանգնեցնել, անարդիւնք, խուսափում էին… վերջապէս մէկը կանգնեց:
-Վերեւում փոստ կայ, մինչեւ վերջ չեմ կարող տանել, վրաս խօսակցութիւն կը գայ:
-Բան չկայ, մի 100 մետր ներքեւ կը կանգնես, մենք կը գնանք, լաւ է, որ մօտիկ տեղ փոստ կայ, անելիքներս շուտ կը ճշտենք:
Մեքենան կանգնեց, քայլեցինք պոստի ուղղութեամբ: Հասկանալի էր՝ հսկում էին, որ ռազմադաշտից դասալքութիւն չլինի:
-Ո՞վ է հրամանատարը:
Ցոյց տուեցին ճանապարհի մէջտեղում կանգնած գնդապետին: Խառնուած ու ջղայնացած, այս ու այն կողմ հրամաններ էր տալիս…
-Պարո՛ն գնդապետ, թոյլ տուէք դիմել:
-Որտեղի՞ց էք գալիս:
-ՄՈԲ-ից ենք, երէկ զօրամասից տեղափոխեցին, ձորում խրամատաւորուած էինք 2 դասակաւ՝ 52 հոգով, այս ամբողջ զօրքն առաւօտեան մեզ վրայ յարձակուեց, 6 զոհ, 4 վիրաւոր ենք տուել, նահանջի հրաման տրուեց, շրջափակւում էինք, վաշտը ցրուեց, հրամանատարներին կորցրել ենք…
-Զինաթափուէ՛ք,- գնդապետը չթողեց աւարտեմ խօսքս:
-Ոն՞ց թէ՝ զինաթափուէք: Ինչի՞ համար:
-Զինաթափուէ՛ք, ասում եմ, -պղաւեց գնդապետը:
-Տղե՛րք, զինաթափուէք:
Մէկ այլ սպայ յարձակուեց վրաս:
-Վախկոտնե՛ր, փախել էք:
Ձեռքը բարձրացրեց, որ հարուածի…մնացի տեղումս կանգնած ու հայեացքս յառեցի ուղիղ աչքերի մէջ:
-Մեր մէջ վախկոտներ չկան, ոչ մէկը չի փախել, թէ փախնող լինէինք փոստը կը շրջանցէինք, եկել ենք, որ զօրամաս գնանք, նոր առաջադրանք ստանանք, հրամանատար չունենք…
-Սուս մնա՛:
-Անտեղի մի՛ մեղադրէք…
-Սուս մնա՛:
Գնդապետը կատաղեց, որ ընդդիմանում եմ ու չեմ վախենում, հանեց ատրճանակը.
-Հայ գիւլլած չկամ, քեզ կը գիւլլեմ:
-Ձորում պիտի մեռած լինէինք, դու գիւլլի, բան չկա…
Փոստի սպաներից մէկը գրկեց ու քաշեց ճանապարհից դուրս:
-Սուս մնա՛, կատաղած են, էսքան զոհ ու վիրաւոր են տանում, փախնողներ էլ կան:
-Մենք դրանցից չենք:
-Հասկացանք, բայց մի վիճի հիմա, աւելորդ մի լարի:
Մեր վաշտից մօտ 8-10 հոգու էլ տեսանք փոստում, ասեցին՝ հաւաքուենք ու սպասենք:
Նորից մօտեցայ գնդապետին:
-Մի խնդրանք ունեմ. 30 ժամ է հաց չենք կերել, ամբողջ գիշեր խրամատ ենք փորել, առաւօտն էլ բոյ (կռիւ «Գ.») ենք տուել, հաց կը տա՞ք տղաներին:
Հրամայեց՝ կերակրել, յետոյ մօտեցաւ.
-Պատրա՞ստ էք հետ գնալ, զէնքներդ չենք տայ, գնացէք երկրորդ լինեայ(Խրամատ «Գ.») փորէք:
-Եթէ օգտակար լինելու տարբերակը դա է, համաձայն ենք, – վիճելուց, զէնքներս պահանջելուց եւ մերժուելուց յետոյ, ստիպուած համաձայնուեցինք:
Կէսգիշերին մօտ, մեքենայով 16 հոգուս հետ ուղարկեցին ռազմադաշտ, առանց զէնք: Որոշները հրաժարուեցին գալ:
Մինչ մեքենայի շարժուելը, գնդապետը նորից մօտեցաւ:
-Տղե՛րք, կը ներէք, տաքացած էի, բայց տեսնում էք ինչ վիճակ է, ես էլ մարդ եմ…
-Արդէն մոռացանք, կամանդիր:
-Անփորձանք:
Շարժուեցինք մօտ 2 կմ, մեքենան կÿանգնեցրի:
-Իջէ՛ք տղէք, էս վիճակ չի, պիտի այլ ելք գտնենք:
Իջանք, նստեցինք ճանապարհի եզրին ու սկսեցինք քննարկել:
-Եկէք հետ դառնանք փոստ, ասենք՝ առանց զէնք չենք գնայ,- շատինցի Սերոբի առաջարկը բոլորս ընդունեցինք:
Մէկ այլ մեքենայով հասանք փոստ. պատասխանատու սպան փոխուել էր, մօտեցայ.
-Պարո՛ն փոխգնդապետ, մենք քիչ առաջ գնացածներս ենք, 2 պայման ունենք՝ զէնքներս պիտի տաք, առանց զէնք ռազմադաշտ չենք իջնի, թէկուզ խրամատ փորելու, մենք էլ մարտից չենք խուսափում: Երկրորդ՝ գիշերը թողէք այստեղ քնենք, անցած գիշեր էլ չենք քնել, առաւօտ կը գնանք:
-Խնդիր չկայ, բայց այստեղ քնելու տեղ չկայ:
-Դուրսը գետնին կը քնենք, միեւնոյն է այնտեղ էլ պիտի գետնին քնենք:
-Կը քնէ՞ք
-Այո:
Տեղաւորուեցինք ծառերի տակ ու… քնից արթնացրին գիշերուայ կէս:
-Տղէք, եկէք մեր տեղը քնէք՝ բուտկայի (տնակ) մէջ:
16 հոգով, ով ոնց կարող էր տեղաւորուեցինք ոչ մեծ տնակի յատակին ու անջատուեցինք:
Արտակ Սարգսեան
(Շարունակելի)