18 Դեկտեմբերին, Հայրենիքի Փրկութեան Շարժումի Իրաւական Յանձնախումբը հետեւեալ յայտարարութիւնը տարածած է վերջին օրերուն կատարուած հողերու յանձնումին առնչութեամբ.
«Սիրելի Հայրենակիցներ,
ՀՀ-ում իշխանութիւնը զաւթած դաւաճանական ռեժիմը (վարչակարգը«Գ.»)` Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, այս օրերին յանձնւում է նաեւ այն տարածքները, որոնց մասին որեւիցէ խօսք չկար 9 Նոյեմբերի տխրահռչակ փաստաթղթի մէջ:
9 Նոյեմբերին ստորագրուած կապիտուլեացիայի (գլխակարգութեան«Գ.») յայտարարութեան առաջին կէտի համաձայն. «Ատրպէյճանական Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ` Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
Յայտարարութեան մէջ Ատրպէյճանին յանձնուող տարածքները ներկայացւում են յայտարարութեան բացառապէս 2-րդ եւ 6-րդ կէտերով, ուր խօսքը գնում է միմիայն Ակնայի (Աղդամ), Քարվաճառի (Քելբաջար) շրջանների եւ Քաշաթաղի շրջանի Բերձորի հատուածի (Լաչինի նախկին շրջան) յանձման մասին:
Այս յայտարարութեան մէջ որեւէ կէտում անգամ ակնարկ չկայ Քուպաթլիի եւ Զանգելանի նախկին շրջանների ամբողջական յանձնման մասին, ընդ որում 10 Նոյեմբերի դրութեամբ պահպանւում էին այդ շրջաններից որոշակի մասեր եւ կարեւորագոյն դիրքեր, որոնք երաշխաւորում էին Սիւնիքի, այդ թւում`Գորիս-Կապան ինքնաշարային ճանապարհի եւ Կապան քաղաքի յարակից գիւղերի անվտանգութիւնը:
Դաւաճանի կողմից Քուպաթլիի եւ Զանգելանի նախկին շրջանների ամբողջական յանձնումը, որը ակնյայտ դուրս է կապիտուլեացիայով (բռնատիրութիւն«Գ.») ստանձնած պարտաւորութիւնների շրջանակից, վկայում է, որ այս դաւաճանական ռեժիմը փորձում է ոչ միայն խայտառակ ձեւով մէկընդմիշտ փակել Արցախի հարցը, այլեւ կախուածութեան մէջ դնել Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը Ատրպէյճանի քմահաճոյքից` յանձնելով Զանգելանի եւ Քուպաթլիի նախկին շրջաններից մնացած հատուածները, որոնք Սիւնիքի անվտանգութեան երաշխիքներ էին, մինչդեռ նման պահանջ անգամ 9 Նոյեմբերի եռակողմ յայտարարութեան մէջ չկար:
Զօրքերը, ըստ տխրահռչակ յայտարարութեան, մնում էին իրենց զբաղեցրած դիրքերում, բացառութեամբ Ակնայի (Աղդամ), Քարվաճառի(Քելբաջար) շրջանների եւ Քաշաթաղի շրջանի Բերձորի հատուածի (նախկին Լաչինի շրջան), ինչն էլ հիմք ընդունելով, զինուած ուժերը, յատկապէս կամաւորականները, անսասան կանգնած են եղել նշուած դիրքերում: Սակայն հայրենանուէր ուժերին հարկադրում են նորանոր տարածքներ զիջելով նահանջել` փոխանցելով Հայաստանի իշխանութեան հրահանգը, ինչը, անխօս, ստուերային համաձայնութեան արդիւնք »:
Սա ոչ այլ ինչ է, քան պետական դաւաճանութեան հերթական բացայայտ դրսեւորում:
Հայրենիքի Փրկութեան Շարժումի Իրաւական Յանձնախումբ