Արցախի Հանրապետութեան ԱԳՆ-ն յայտարարութիւն  տարածած է, ուր անդրադարձած է  այն փաստին, որ Ատրպէյճանը հրաժարած է ռազմագերիի կարգավիճակ տրամադրել հայ գերեվարուած զինծառայողներուն եւ անոնց վերադարձնել : Յայտարարութեան մէջ ըսուած է․
«Ատրպէյճանի հրաժարումը` ռազմագերու կարգավիճակ տրամադրել իր կողմից գերեվարուած հայ զինծառայողներին եւ իրականացնել նրանց հայրենադարձութիւնը, ինչպէս նաեւ ազատ արձակել քաղաքացիական անձանց, ինչի մասին յայտարարուել է 26 Փետրուարին օտարերկրեայ լրագրողների հետ Ատրպէյճանի նախագահի հարցազրոյցում եւ Ատրպէյճանի ԱԳՆ 27 Փետրուարի յայտարարութիւնում, միջազգային մարդասիրական իրաւունքով Ատրպէյճանի ստանձնած պարտաւորութիւնների կոպտագոյն խախտում է եւ ոչ մի քննադատութեան չի դիմանում:

Պաշտօնական Պաքուի մոգոնած դիրքորոշումն առ այն, որ իր կողմից պահուող հայ զինուորական ծառայողները ռազմագերիներ չեն, քանի որ գերեվարուել են Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ, Ատրպէյճանին չի ազատում Ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժնեւի կոնուենցիայով ստանձնուած պարտաւորութիւններից: Որպէս Ժնեւի կոնուենցիաների կողմ` Ատրպէյճանը չի կարող կամայականօրէն փոխել տուեալ անձանց կարգավիճակը` խուսափելու միջազգային մարդասիրական իրաւունքով նախատեսուած միջազգային պարտաւորութիւններից: Միջազգային մարդասիրական իրաւունքը (jus in bello) պահպանելու եւ դրա պահպանումն ապահովելու Ատրպէյճանի պարտաւորութեան վրայ չեն ազդում ուժ  կիրառելու կանոններին (jus ad bellum) վերաբերող փաստարկները, որոնք կարգաւորւում են այլ միջազգային պայմանագրերով, մասնաւորապէս` ՄԱԿ Կանոնադրութեամբ: Պետութիւնների` միջազգային մարդասիրական իրաւունքի սկզբունքները պահպանելու պարտաւորութիւնը բացարձակ է եւ որեւէ կերպ կախուած չէ ուժի կիրառման օրինականութեան մեկնաբանումից:

Իր փաստարկներում առ այն, որ գերեվարուած զինծառայողները ռազմագերիներ չեն, Ատրպէյճանը բացայայտ կերպով խեղաթիւրում է փաստերը եւ ցուցաբերում աղաղակող անպատժելիութիւն: Ատրպէյճանի կողմից 2020 թ. Դեկտեմբերին գերեվարուած 64 հայ զինծառայողները տեղակայուած են եղել Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերում, որոնք եռակողմ յայտարարութեան ստորագրման պահին գտնւում էին Արցախի ՊԲ վերահսկողութեան տակ: Նրանք  իրենց դիրքերում էին` համաձայն Եռակողմ յայտարարութեան առաջին կէտի պահանջի: Այդ 64 զինծառայողների գերեվարումն Ատրպէյճանի կողմից եռակողմ յայտարարութեան`  ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցնելու յստակ պահանջի խախտման ուղղակի հետեւանքն է:

Միջազգային մարդասիրական իրաւունքով սահմանուած պարտաւորութիւններից խուսափելու  նպատակով ռազմագերիների կարգավիճակը փոխելու Ատրպէյճանի փորձը բառային լարախաղութիւն է, որը ակնյայտ է դառնում հէնց այն փաստով, որ 2020 թ․ Դեկտեմբերին գերեվարուած զինծառայողներից բացի Ատրպէյճանն առ այսօր հրաժարւում է նաեւ հայրենիք վերադարձնել 27 Սեպտեմբեր 2020-ին Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծուած ռազմական ագրեսիայի ընթացքում գերեվարուած ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Ատրպէյճանի դիրքորոշումը բացարձակապէս անհիմն է ինչպէս իրաւական, այնպէս էլ փաստագրական առումներով:

Ատրպէյճանի բացայայտ խուսափումը հայ զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց վերաբերող միջազգային մարդասիրական իրաւունքով նախատեսուած իր պարտաւորութիւններից ոչ միայն հակասում է Ռազմագերիների հետ վարուելակերպի մասին Ժնեւի կոնուենցիայի եւ Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչութեան պաշտպանութեան մասին Ժնեւի կոնուենցիայի պահանջներին, այլ նաեւ գերիների կարգավիճակը հաւասարեցնում է պատանդների կարգավիճակին: Ակնյայտ է, որ Ատրպէյճանը վերոյիշեալ անձանց պահում է` օգտագործելու նրանց որպէս լծակ` Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ իր ռազմավարական նպատակների իրագործման համար:

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը նամակներ է յղել ՄԱԿ եւ ԵԽ մասնագիտացուած մարմիններ` Ատրպէյճանի կողմից գերեվարուած անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրաւունքի կիրառման շարունակման վերաբերեալ մանրամասն վերլուծութեամբ: Նամակներում հանգամանօրէն բացատրւում է, թէ ինչու այլ պետութեան հետ վէճ ունեցող պետութեան զինուած ուժերի զինծառայողները հակառակորդի կողմից գերեվարուելու դէպքում իրաւունք ունեն ստանալ ռազմագերու կարգավիճակ` անկախ այն բանից, թէ այդ պետութիւնների միջեւ լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ ընթանում են, թէ ոչ:

Նման կարծիքի են նաեւ միջազգային մասնագիտացուած կառոյցները, որոնք կոչուած են հետեւելու Ատրպէյճանի կողմից միջազգային մարդասիրական իրաւունքով եւ մարդու իրաւունքների բնագաւառում միջազգային իրաւունքով նախատեսուած իր պարտաւորութիւնների կատարմանը: Իրականում այդ կառոյցները եւ՛ բաց յայտարարութիւններում, եւ՛ Ատրպէյճանի ներկայացուցիչների հետ փակ հանդիպումների ժամանակ բազմիցս պահանջել են անյապաղ ազատել Ատրպէյճանի կողմից գերեվարուած ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց: Ատրպէյճանը շարունակում է հրաժարուել այդ պահանջները կատարելուց:

Համաձայն Եռակողմ յայտարարութեան եւ Ժնեւի կոնուենցիաների դրոյթների` պահանջում ենք Ատրպէյճանի իշխանութիւններից սեփական խախտումներն ապօրինի յայտարարութիւններով արդարացնելու փոխարէն կատարել միջազգային մարդասիրական իրաւունքով ստանձնած պարտաւորութիւնները: Նաեւ կոչ ենք անում միջազգային հանրութեանը` համաձայն Ժնեւի բոլոր կոնուենցիաների առաջին յօդուածի` Ատրպէյճանին պարտադրել անյապաղ եւ լիարժէք կերպով կատարել Կոնուենցիաներով սահմանուած իր պարտաւորութիւնները: