Իմ կոչը խմբակիցներին, դաշինքի համակիրներին եւ մեր բոլոր քաղաքացիներին` քարոզարշաւի մեկնարկին. Քարոզարշաւի ընթացքում կեդրոնանալ մեր ծրագրի բովանդակութեան վրայ: Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական ներուժ: Վարակենք մարդկանց դրական տրամադրութեամբ, իւրաքանչիւր մեր հայրենակցի տուն պէտք է մտնի յոյսի եւ արժանապատուութեան գաղափարը: Մոռացէ՛ք գործող իշխանութիւնը, այն չկայ մեր օրակարգում, կեդրոնացէ՛ք անելիքների վրայ, ապագայի վրայ: Մի՛ տրուէք որեւէ սադրանքի: Ակնյայտ է, որ գործող իշխանութեան մի նեղ խումբ ցանկանում է անել ամէն ինչ` ներքին լարուածութիւն ու նոյնիսկ բախումներ հրահրելու համար: Սա այդ մարդու միակ կարողութիւնն է, իսկ անխուսափելի պարտութեան հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականութիւնների: Յարգանքով վերաբերուէ՛ք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտութեան էջը փակելու համար, մեր գործընկերներն են: Համբերատար խօսէ՛ք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնուել են իշխանական ամբողջական քարոզի եւ օտար ուժերի` երկիրը քանդող քարոզչութեան ազդեցութեան տակ: Կոչ եմ անում պետական համակարգի աշխատողներին. ձեր ճնշող մեծամասնութիւնը հայրենասէր ու մասնագէտ մարդիկ են, եւ մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիւ խաղաղութեան, տնտեսութեան զարգացման եւ համահայկական վերելքի համար: Չվախենաք, չզիջէք որեւէ սպառնալիքի տակ: Կոչ եմ անում ուժային կառոյցների աշխատողներին. պահպանէ՛ք զգօնութիւն, սառնասրտութիւն, մի՛ կատարէք հեռացող իշխանութեան ապօրինի հրամանները, կատարէ՛ք բացառապէս ձեր ծառայողական պարտականութիւնները: Իմ խմբակիցների եւ ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ: Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրէնքի առաջ: Այս ընտրութիւններում հարցը շատ պարզ է` յաղթելու է յոյսը, վերելքի հեռանկարը, արժանապատիւ խաղաղութեան գաղափարը: Ընդամէնը 14 օր յետոյ մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ: Մենք անպայման ունենալու ենք անվտանգ սահմաններ, անպայման ունենալու ենք կայուն խաղաղութիւն եւ արժանապատիւ կեցուածք տարածաշրջանում, մենք անպայման ունենալու ենք աշխատող ու զարգացող պետութիւն: Ամէն ինչ լաւ է լինելու: ՌՈՊԵՐԹ ՔՈՉԱՐԵԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ