ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի ելոյթը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 34-րդ Ընդհանուր ժողովի բացումին.

“Գերաշնորհ Սրբազան Հայր, սիրելի՛ ընկերներ, յարգելի՛ հյուրեր:

Սիրելի՛ ընկերներ,

Հայաստանի համար բարդագոյն ժամանակներում մշտապէս զգացել ենք ձեր աջակցութիւնը։ Հայրենիքի ցաւով, նրա յաղթանակներով, պարտութիւններով ու ձեռքբերումներով ապրող, նրա ապագայի համար պայքարող, ջանք ու եռանդ չխնայող ձեր տեսակը մշտապէս մեր կողքին է եղել։

Դաշնակցութեան պատմութեանը ծանօթ իւրաքանչիւր ոք կվկայի, որ հայրենիքի եւ ժողովրդի ազատագրութեան դատին ծառայող կազմակերպութեանը ոչ միշտ է բախտ վիճակուել իր բարձրագոյն ժողովները գումարել Հայրենիքում։ ՀՅ Դաշնակցութեան 33 Ընդհանուր ժողովներից միայն 9-ն է, որ գումարուել է Մայր հայրենիքում։

ՀՅ Դաշնակցութեան Ընդհանուր ժողովները կուսակցական սովորական կամ հերթական համագումարներ չեն, զուտ Կանոնագրի պահանջով գումարուող արարողակարգային ժողովներ չեն։ Ընդհանուր ժողովները մշտապէս համահայկական օրակարգից են բխել եւ նոր օրակարգ թելադրել։

1892 թ.-ից սկսեալ եւ հիմնականում 4 տարին մէկ գումարուող Ընդհանուր ժողովները Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմական բոլոր հանգրուաններում ունեցել են առանցքային նշանակութիւն։ Այդ ժողովների որոշումները յաճախ շրջադարձային են եղել հայութեան կեանքում։

Կցանկանամ առանձնացնել դրանցից մի քանիսը. 1907 թ. Վիեննայի 4-րդ Ընդհանուր ժողով, որտեղ վաւերացուեց «Կովկասեան Գործունէութեան Նախագիծը», Առաջին աշխարհամարտի նախօրէին Կարնո Ընդհանուր ժողովներում կայացուած կարեւորագոյն որոշումները, Հայաստանի Առաջին Հանրապետութիւնում 1919 թ. կայացած Ընդհանուր ժողովի պատմական որոշումները, այն է՝ Միացեալ, Ազատ եւ Անկախ Հայաստանի ստեղծման նպատակի որդեգրումը, «Նեմեսիս» գործողութեան կազմակերպումը կամ, ինչպէս Սիմոն
Վրացեանը կ’ասէր, «Հայկական Նիւրեմպերկը»։ Դաշնակցութեան մի շարք Ընդհանուր ժողովներ կարեւոր հետք են թողել գաղութներում հայութեան կեանքի կազմակերպման եւ Հայոց Ցեղասապանութեան ճանաչման եւ դատապարտման գործընթացում։

Իսկ 1988 թ. 24-րդ Ընդհանուր ժողովը որդեգրեց «Դէպի Երկիր» կարգախօսը՝ իր ողջ ներուժը ուղղորդելով դէպի հայրենիք, Արցախ։

Այսպիսով ՀՅ Դաշնակցութեան Ընդհանուր ժողովները միայն արտաքինից են նմանուում կուսակցական համագումարների, այնինչ, խորքի մեջ դրանցում կայացուող որոշումները մաս են կազմում հայ ժողովրդի նոր եւ նորագոյն շրջանի պատմութեան։ Իսկ եթե աւելի պարզ ձեւակերպենք՝ Ընդհանուր ժողովները, մտնելով պատմութեան մէջ, իրենք իսկ պատմութիւն են կերտում։

ՀՅ Դաշնակցութեան վերջին Ընդհանուր ժողովը կայացաւ 2019 թ.՝ ազատագրուած Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչն ամենեւին պատահական չէր. ՀՅԴ-ն կանխազգում էր այս սպասուող աղէտը, եւ դա էր պատճառը, որ հենց Արցախից բարձրաձայնուեց այս ազգակործան իշխանութիւններին հեռացնելու անհրաժեշտութեան մասին։

Սիրելի՛ ընկերներ,

ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի եւ հայոց պետականութեան համար բախտորոշ ժամանակահատուածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգութեանն առնչուող լրջագոյն մարտահրաւէրների առաջ:

Աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումների և համաշխարհային նոր ճարտարապետութեան ձեւաւորման պայմաններում Հայաստանին ուղղուած մարտահրաւէրներն աւելի են խորանում, ինչը լի է անորոշութիւններով եւ սպառնալիքներով։

Այս նոր իրավիճակում որքա՞ն կենսունակ կլինի Հայաստանը՝ կախուած է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից եւ վճռականութիւնից, Հայոց պետականութեան առջեւ հայ մարդու պատասխանատուութիւնից։

Այժմ ունենք պարտութիւն, բայց դա հայ ժողովրդի հաւաքական պարտութիւնը չէ՝ դա իշխանութեան ղեկին յայտնուած մի խումբ մարդկանց գործունէութեան արդիւնք է: Ներքին ու արտաքին մի շարք ուժերի բոլոր փորձերը՝ հայ ժողովրդին ներկայացնել իբրեւ թոյլ ու չյաղթող, ձախողուած եւ դատապարտուած ազգ պէտք է ստանան համարժէք պատասխան։

Սիրելի հայրենակիցներ, հարիւրամյակներն են ապացուցել՝ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապէս եղել եւ լինելու է գոյութենական պայքարի մէջ՝ մեր հայրենիքի այս փոքր հողակտորի, մեր անկախ պետականութեան պահպանման համար։ Այստեղ է, որ Դաշնակցութիւնը իր ողջ ներուժով ասելիք ու անելիք ունի։

Նախ պէտք է չհաշտուել պարտութեան հետ, պէտք է ձեւաւաւորել դիմադրութիւն՝ դիմադրութիւն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրութիւն հայրենիքը զիջումների տանող օրակարգերին։

Պէտք է վերականգնել արժանապատուութիւնը, յաղթահարել պարտուածի եւ փոքր պետութիւն լինելու հոգեբանութիւնը, ունենալ ազգային երազանք եւ գնալ դրա հետեւից։

Այս օրերին Հայաստանում այսպէս մտածող մարդկանց ասում են «փաթոսով հայրենասէրներ»․ գիտէ՞ք, թէ ովքեր են դա ասում՝ մի խումբ անհայրենիք անսրբութիւն ապազգային տարեր, ովքեր մեր երկիրը կանգնեցրին աղէտի առաջ: Ովքեր ժողովրդավարութիւնը հակադրեցին անվտանգութեանը, բարեկեցութիւնը եւ խաղաղութիւնը պայմանաւորեցին զիջումներով, ովքեր հետեւողականօրէն թուլացնում են մեր ազգային դիմադրողականութիւնը:

Այս իշխանութիւնը աղէտաբեր է Արցախի, Հայաստանի եւ հայութեան համար։ Պարտութեան և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղութիւն, անվտանգութիւն, բարեկեցութիւն:

Հայաստանում ստեղծուած իրավիճակը պէտք է փոխուի, պէտք է փոխուի ժողովրդի վճռական կամքով եւ ազգային ուժերի առաջնորդութեամբ: Պարտութեան և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացուելու՛ է։

Մեր երկիրը պէտք է ունենայ ազգային իշխանութիւն, որը կը կասեցնի պետականութեան կործանման այս ընթացքը, որը կ’ապահովի երկրի սահմանների անձեռնմխելիութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը, կը հաստատի արժանապատիւ խաղաղութիւն, Հայաստանը կը դարձնի արժանապատիւ և բարեկեցիկ երկիր:

9 Նոյեմբերի 2029-ից յետոյ Հայաստանը յայտնուել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականութեան անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանութեան կորստի վտանգով։ Իսկ այս ամէնի մեղաւոր և պատասխանատու իշխանութիւնը ոչ միայն պատրաստ չէ դիմագրաւել այդ մարտահրաւէները այլ իր քայլերով սպասարկում է Ատրպէյճանի և Թուրքիայի շահերը:

Օրուայ իշխանութիւնը անտեսելով՝ Թուրքիայի հայատեաց և

Հայոց Ցեղասպանութեան ժխտման քաղաքականութիւնը,
Քառասունչորսօրյայ պատերազմին Թուրքիայի բացայայտ մասնակցութեան փաստը,
Թուրք-ատրպէյճանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրուած հակահայկական ռազմավարական նպատակներն ու բանթուրանական ծրագրերը,
քաղաքական եւ տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժէք վերահսկողութիւն հաստատելու Թուրքիայի նպատակները, փորձում է տարածաշրջանում խաղաղութեան դարաշրջան բացելու կեղծ և ցնորամիտ լոզունգների տակ երկիրը տանել նոր կորուստների եւ նոր զիջումների:
Առ այդ, մէկ անգամ եւս զգուշացնում ենք.

-Հայաստանի եւ հայութեան կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդիւնքը հայոց պետականութեան փլուզումն է,

-Հայաստանի ինքիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան եւ Արցախի լինելիութեան ու անվտանգութեան հարցերը փոխկապակցուած են,

-Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումն օգտագործել իր եւ Ատրպէյճանի պահանջները բաւարարելու նպատակով։

Հետեւաբար, հայ-թուրքական, այսպէս կոչուած՝ «հաշտեցման գործընթացը» պէտք է կասեցուի։

Ժամանակի մարտահրաւէրներով պայմանաւորուած՝ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից ակնկալիքները եւ սպասելիքները յիրաւի շատ են։ Ուզում եմ վստահութիւն յայտնել, որ Ժողովի որոշումները անկիւնադարձային կը լինեն թէ՛ Հայաստանի, թէ՛ Սփիւռքի, եւ թէ՛ մեր կառոյցի համար։

Սիրելի՛ ընկերներ,

Մենք առանձին վերցրած՝ Արցախի, Սփիռքի եւ Հայաստանի օրակարգ չունենք։ Մեզ համար Հայաստան-Արցախ-Սփիռք եռամիասնութիւնը անբաժան ու միասնական օրակարգ է։ Թուլացող Հայաստանը թուլացող Սփիւռք է եւ հակառակը։ Հետեւաբար, բոլոր փորձերը՝ ջլատել ևշեւ պառակտել մեր միասնութիւնը, դատապարտուած են։ Հայաստանն ստեղծուած իրավիճակից կարող է դուրս գալ միայն համահայկական ողջ ներուժի ամբողջական և արդիւնաւէտ օգտագործմամբ։

Սիրելի՛ ներկաներ,

Դաշնակցութիւնը սոսկ քաղաքական կուսակցութիւն չէ, այն մեր ժողովրդի խորքից սերող համազգային, համահայկական կազմակերպութիւն է։ Դաշնակցութիւնը համաշխարհային ցանց է, ազգային ու հայկական համակարգ, հայ

ինքնութեան և դիմադրողականութեան առանցք, ես կ’ուզէի այս Ընդհանուր ժողովից յետոյ կարողանանք գործնական քայլերով այս ընկալումը ձևաւորել Դաշնակցութեան հանդէպ:

Դաշնակցութեան առաքելութիւնն աւելին է, քան դասական քաղաքական գործունէութիւնը։ Մենք պէտք է դառնանք ազգային, պայքարող, արժանապատուութիւն ունեցող բոլոր ուժերի Դաշնակցութիւն․ այս պահի ազգային շահի գերակայութեան թելադրանքն է այդ։

Խօսքս ուզում եմ աւարտել Դաշնակցութեան ռահուիրաներից մէկի՝ Ռոստոմի խօսքերով։ Թեհրանի դաշնակցական մարմիններին ուղղուած այդ խօսքերը Ռոստոմը գրել է, երբ Օսմանեան բանակի ներխուժմամբ աւարտուել էր Պաքուի հերոսամարտը։ Ռոստոմը գրել է. «Սիրելի՛ ընկերներ, մեզ սպասում է աւելի մեծ պայքար, գուցէ և նոր կռիւներ։ Մխիթարականն այն է, որ կը կռուենք աւելի ամփոփ ուժերով։ Յոյս ունինք առաջիկայում ունենալ մի մեծ Ընդհանուր ժողով՝ Հայաստանի կեդրոնում, մշակելու համար Հայաստանի վերաշինութեան հիմնական ուղիները»։

Ռոստոմի՝ աւելի քան մէկ դար առաջ ասուած այս խօսքերը նաեւ այսօրուայ համար են։ Յիրաւի, մեզ սպասուում է աւելի մեծ պայքար։ Այսօր իրականացել է Ռոստոմի փափաքը՝ Հայաստանի կեդրոնում գումարուել է Ընդհանուր ժողովը։ Ես վստահ եմ, որ մեր Ընդհանուր ժողովին առաջնորդելու է Ռոստոմի պատգամը՝ մշակել Հայաստանի վերաշինութեան և վերականգնման ծրագիր։

Մենք շատ գործ ունենք:

Յաջողութիւն մեր աշխատանքներին։

Շնորհակալ եմ” ։