Հարիւրամեակների ծանր փորձութիւններից եւ անղեկ նաւարկութիւններից յետոյ 104 տարի առաջ` 28 Մայիս 1918-ին, Հայ ժողովուրդը վերահաստատեց անկախութիւն ունենալու իր կամքը՝ այն ամրագրելով Հայաստանի Հանրապետութեան ստեղծման մասին Հայոց ազգային խորհրդի յայտարարութեամբ։
 
28 Մայիսը Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման օրն է եւ, անհերքելիօրէն, Հայոց պատմութեան շրջադարձային էջ:
 
Այն հնարաւոր դարձաւ Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում թուրքական բանակի դէմ տարած մայիսեան յաղթանակներով։ Ցեղասպանութիւնից ընդամէնը երեք տարի անց հայ ժողովրդի վճռական կամքով, միասնականութեամբ եւ համազգային զօրաշարժով եւ, անշուշտ, օրուայ քաղաքական ու ռազմական ղեկավարութեան բացառիկ նուիրումի, խորատեսութեան եւ զոհողութիւնների գնով կասեցուեց հայ ժողովրդին վերջնականապէս բնաջնջելու թուրքական ծրագիրը։ Արեւելեան Հայաստանի փոքր մի հատուածի և Ցեղասպանութիւնից մազապուրծ հայ ժողովրդի մնացորդացի վրայ վերընձիւղուեց Հայոց պետականութիւնը։
 
Մենք բոլորս՝ իբրեւ ինքնութիւն, իբրեւ կազմակերպուած ազգ և հաւաքականութիւն, սերում ենք 28 Մայիսից, մենք 28 Մայիսով կերտուած Հայաստանի առաջին հանրապետութեան ժառանգորդն ենք, մեր հաւաքական յաղթանակների եւ պարտութիւնների պատասխանատուն։
 
Այսօր, երբ Հայոց պետականութեան ընթացքն անդառնալի կորուստներ է արձանագրում, երբ գնալով խորանում են հայ ժողովրդին ուղղուած սպառնալիքները, երբ հայ ժողովուրդը դարձեալ գոյաբանական խնդրի առջեւ է կանգնած, 28 Մայիսի դասերն աւելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբուել յանուն համաժողովրդական, միասնական պայքարի, յանուն Արցախի փրկութեան, յանուն Հայոց պետականութեան կազմալուծման կասեցման, յանուն մեր ազգային արժանապատուութեան ու համերաշխութեան վերականգնման։ Օրհասական է պահը։ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջեւ եւ պարտք` ապագայ սերունդներին։
 
Փա՜ռք եւ խոնարհում 28 Մայիսը կերտողներին։ Արժանի հետեւորդը լինենք նրանց պատգամի։
 
Փա՜ռք Հայոց Պետականութեանը։
 
Շնորհաւոր Անկախութեան Տօնդ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն:
 
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին
 
28 Մայիս 2022