Ստորեւ կը ներկայացնենք Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի խօսքը Հալէպի մէջ 16 Ապրիլին տեղի ունեցած Արցախի զօրակցական հաւաքին․
«Գերաշնորհ սրբազան հայր,
Սիրիայի Հանրապետութիւնում ՀՀ պաշտօնական ներկայացուցիչներ
Սիրելի՛ հայրենակիցներ, քոյրեր ու եղբայրներ, ընկերներ,
Նախ ուզում եմ Արցախի պայքարող մեր հայրենակիցների ջերմ ողջոյնները փոխանցել Ձեզ այս դժուարին օրերին:
Ուզում եմ խոնարհուել ազգային-ազատագրական պայքարի բոլոր նահատակների յիշատակի առջեւ: Ընդունէք եւ փոխանցէք իմ ցաւակցութիւնները երկրաշարժի զոհերի հարազատներին: Ուժ ու կորով Ձեզ եւ Սիրիայի պայքարող ժողովրդին:

Անցած երեսուն տարիներին Սիրիայում բնակուող մեր հայրենակիցները, անտեսելով բոլոր ներհամայնքային դժուարութիւնները, Արցախի հետ էին ու արցախցու կողքին, ողջ կարողականութեամբ սատար լինելով Արցախի արդար դատին:

Ձեր աջակցութեան շունչը մենք միշտ զգացել ու զգում ենք Արցախում, ոգեւորուելով, վստահ եմ երբեմն էլ ոգեւորում ենք Ձեզ: Մեր ճակատագրերը նման են իրար` ամենօրեայ պայքարի ու մաքառումի օրակարգերով:
Երբ 2016-ի Մայիսին Սիրիայում էի, բոլորովին այլ էր կացութիւնը թէ՛ այստեղ Սիրիայում, թէ՛ Արցախում: Անշուշտ, դժուարութիւնները այդ օրերին Ձեզ համար աւելին էին, հաշուի առնելով օրուայ մարտահրաւէրները, չնայած Արցախում 2016-ի ապրիլեան օրերի մղձաւանջը դեռ չէր անցել: Սակայն այսօր բոլորովին այլ է մթնոլորտը ողջ համահայկական դաշտում:

Այսօր խաթարուել է յաղթանակների ու յաջողութիւնների գրաւական Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը: Հայ ժողովուրդը բաժանուել է հատուածների, հների ու նորերի, սպիտակների եւ սեւերի: Միասնականութեամբ, պայքարի ոգով տոգորուած, յաղթանակած ժողովրդից կարծես հետք չի մնացել:

Արտաքին ու ներքին ուժերի «հակահայ ջանքերը» իզուր չեն անցնում: Նրանց նպատակը տրոհուած հայ ժողովուրդ տեսնելու, կործանուած Հայկական պետականութիւն ունենալն է: Սակայն այդ ուժերի նենգամիտ ձգտումները չեն կարող իրականութիւն դառնալ, քանի դեռ կանք մենք, հայ ժողովրդի այն տեսակը, որ խորութեամբ գիտակցում է իր առաքելութիւնը եւ պատրաստ է ջանքեր ուղղորդելու եւ չէզոքացնելու նրանց բոլոր ծրագրերը: Գիտենք, այսօր խօսելու ժամանակները չեն: Երբեմն լուռ գործելը աւելի արդիւնաւէտ է, քան հրապարակային ճառեր հնչեցնելը: Մեր կացութիւնը այնպիսին է, որ պարտաւորուած ենք խաղի այս կանոններով առաջնորդուել:

Աշխարհաքաղաքական զարգացումները եւ տեղի ունեցող իրադարձութիւնները չեն շրջանցելու մեզ: Սա պէտք է գիտակցի մեզանից իւրաքանչիւրը, եւ գործի այդ տեսլականով:

Իրարայաջորդ աշխարհաքաղաքական ցնցումները կարող են առաջացնել մահացու ալիքներ: Անդրադառնալով նախորդ տարիներին պիտի արձանագրենք, որ այսպիսի մի ալիք մեզ հարուածել է 2018թ.-ին իր կեղծ ու մոլորեցնող օրակարգով: Յաջորդ ալիքը չուշացաւ. դա 2020թ. 44-օրեայ պատերազմի տեսքով էր: Արդիւնքներն ու հետեւանքները բոլորի համար պարզ է:

Քանի այսօր Արցախին նուիրուած զօրակցական ձեռնարկ է, տեղին է անդրադառնալ այն հիմնական ուղղութիւններին ու ոլորտներին, որոնք կարեւոր են 2020թ. յետ պատերազմէան ժամանակաշրջանին. Անվտանգութիւն, կարգավիճակ, տնտեսութիւն, հասարակական հիմնախնդիրներ, ժողովրդագրութիւն(տեմոկրաֆիա) եւ շրջափակում։

Նախ անվտանգութեան մասին. Արցախի անվտանգութեան երաշխաւորներն էին ՀՀ զինուած ուժերն եւ Արցախի ՊԲ-ն: 2020թ.-ի պատերազմից յետոյ արմատապէս փոխուել է ընդանուր անվտանգային համակարգն ու կառուցուածքը:
Հայաստանը յայտարարում է, որ չի կարող ապահովել Արցախի անվտանգութիւնը, հետեւապէս նաեւ չի կարող լինել հիմնական երաշխաւոր: Արցախի ՊԲ-ն թուլացած է, կրկնապատկուել է մեր սահմանները, իսկ ներքին ռեսուրսները սահմանափակ են: Յայտնուել են ՌԴ խաղաղապահները, որոնց միջոցով համալրւում է այն բացը, որը առաջացել է 44-օրեայից յետոյ: Սակայն, անցած 2,5 տարիներին Ատրպէյճանի ակրեսիւ քաղաքականութիւնը, Արցախի նկատմամբ էթնիկ զտումներին միտուած քայլերը մեզ թելադրում են նախ ամրապնդել եւ ուժեղացնել Արցախի Պաշտպանութեան բանակը, այնուհետեւ ստեղծել անվտանգային յաւելեալ գործօններ: Դրան են միտուած մեր քայլերը:
Կարգավիճակի մասին.

Բանակցային գործընթաց գրեթէ չկայ: Արցախը դուրս է մնացել բոլոր գործընթացներից: ՀՀ եւ Ատրպէյճանի միջեւ բանակցութիւններն ու քննարկումները ընթանում են «խաղաղութեան պայմանագիր» ստորագրելու ուղղութեամբ: Ատրպէյճան ներկայացրել է իր պահանջները, Հհ-ն իր պատկերացումները: Ներկայումս հեռակայ բանակցութիւններ են ընթանում: ԵԱՀԿ Մինսքի խումբը գրեթէ լուծարուած է, հետեւաբար չկայ միասնական մօտեցում: Հաւաքական Արեւմուտքը ունի իր տեսակէտներն ու առաջարկները, ՌԴ-ն`իր: Այստեղ տեղին է յիշեցնել Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան գերակայ ուղութիւնների մասին.
Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում,
Ինքնորոշման իրաւունքի իրացում։

Ներկայ հանգրուանում շատ քաղաքական ու պետական գործիչներ, իրատեսական չեն համարում Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը: Սակայն մեր մօտեցումներում էական փոփոխութիւններ տեղի չեն ունեցել: Այո, յետպատերազմեան ժամանակահատուածը վերածուել է գոյութենական պայքարի, բայց չի փոխուել մեր ռազմավարական նպատակը` Արցախը մայր հայրենիքին վերամիաւորուելու գաղափարը:
Ինքնորոշման իրաւունքի իրացման ուղղութէամբ մեր քայլերը յստակ են ու նպատային: Ժողովրդավարութիւն քարոզող աշխարհը չի կարող այն ստորադասել տարածքային ամբողջականութէան սկզբունքին եւ քողարկուած ու երկակի ստանտարտներով փորձել թաղելու Ղարաբաղէան հիմնահարցը:

Յետպատերազմեան Արցախը ստիպուած էր ու է դիմակայել տնտեսական ու սոցիալական այն մարտահրաւէրներին, որոնց դէմ առ դէմ էր կանգնած. տարածքների կորուստ, քայքայուած գիւղատնտեսութիւն, պարենային անվտանգութեան նոր մարտահրաւէրներ: Անհրաժեշտ էր արագ վերակազմակերպում եւ նոր նախաձեռնութիւններ: Այդ մտայնութեամբ զարկ տրուեց ջերմոցային տնտեսութեանը, այգեգործութեանը եւ հացահատիկային նոր մշակաբոյսերի զարգացմանը: Այգեգործութեան հնարաւորութիւնները փոխարինուեցին բանջանարոցային տնտեսութիւններով:

Արցախի տնտեսութեան ողնաշար համարուող հանքարդիւնաբերութիւնն ու էներկետիկ համակարգը լուրջ հարուածներ ստացան. հանքարդիւնաբերական որոշ տարածքներ յայտնուեցին Ատրպէյճանի բռնագրաւման տակ, իսկ մինչեւ վերջերս գործող Կաշենի հանքավայրի շահագործումը ԱՀ կառավարութեան որոշումով ժամանակաւորապէս դադարեցուեց այսպէս կոչուած «բնապահպաներ»-ի կեղծ օրակարգի արդիւնքում:

Էներկիայի սեփական պաշարներով հարուստ եւ ինքնաբաւ Արցախը ներկայումս ստիպուած է հովհարային անջատումներով հոսանք տրամադրել ժողովրդին: Ատրպէյճանական կողմն ակնյայտ ձգտումներ ունի իր հսկողութեան տակ առնելու Սարսանգի ջրամբարը:

Հասարակական բեւեռացումն աւելի խորացաւ 44-օրեայ պատերազմի արդիւնքում բռնի տեղահանուածներին բնակարաններով ապահովելու եւ կորցրած գոյքի փոխհատուցման ծրագրերի ոչ լիարժէք իրականացման պատճառով: Հնարաւորութիւնները սահմանափակ են, ծրագրերը բազմաթիւ:

Արցախի ժողովրդի 27%-ը բռնի տեղահանուած է, ներկայումս 20000-ից աւելի արցախցիներ են գտնւում Հայաստանում` սպասելիքներով ու երազներով:
Լուրջ մարտահրաւէր է դարձել ժողովրդագրութիւնը:

Եթէ պատերազմից յետոյ մեզ համար կարեւորւում էր կայուն ժողովրդագրական վիճակի պահպանումը, ապա ներկայումս շրջափակման հետեւանքով եւ ապաշրջափակումից յետոյ անհրաժեշտ է լինելու նախ արտագաղթի կանխումը, իսկ յետոյ` կայուն ժողովրդագրական վիճակի ապահովումը:

Ատրպէյճան յատուկ հաշուարկներ ունի հէնց այս առումով, նախ շրջափակման միջոցով Արցախին պարտադրել հրաժարուել իր քաղաքական պահանջներից, իսկ յետոյ աստիճանաբար հայաթափել Արցախը:
Եւ այս ամէնին պէտք է աւելացնել ՀՀ իշխանութիւնների կողմից վարուող ապազգային քաղաքականութիւնը, որը լուրջ հարուած է հասցնում ոչ միայն Արցախի հիմնահարցի հայանպաստ ու վերջնական հանգուցալուծմանը, այլեւ համազգային մեր միւս խնդիրներին:

Ես յատուկ Հայաստանեան օրակարգ չեմ մտնում, սա մի այլ ու ամբողջական նիւթ է: Միայն մէկ արձանագրում որքանով փորձեն Հայաստանը հեռացնել Արցախից «կամայ թէ ակամայ» մենք դա թոյլ չենք տայ Հայաստանի ու հայոց պետականութէան լինելիութեան բանալին ինչ որ տեղ, իսկ գուցէ մեծաւ մասամբ Արցախում է:

Որքանո՞վ կը բաւարարեն մեր ռեսուրսները մեր առջեւ ծառացած մարտահրաւէրները յաղթահարելու, դիմակայելու այն մեծ քաղաքական ցնցումներին, որոնք ակնյայտօրէն չեն շրջանցի մեզ: Բաւարար չափով գիտակցում ենք արդեօ՞ք ստեղծուած կացութեանը, թէ ոչ, եւ ինչպիսի՞ քայլեր ենք ձեռնարկում մեր նաւը ալեկոծ ովկիանոսից անվնաս կամ նուազ վնասով դուրս բերելու համար:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թւում է, թէ չկան: Այո թւում է, որովհետեւ անորոշութիւնները շատ-շատ են: Իսկ անորոշութիւնների շարքը ստեղծում է անտարբերութիւն, անտարբերութիւնը՝ յուսահատութիւն, եւ վերջապէս՝ յուսալքութիւն:

Այդպիսի կացութիւնը մեզ համար կործանարար է: Մենք չպէտք է տրուենք դրան:
Հայ ժողովրդի պատմութեան անիւը վերջին տարիներին հակառակ ուղղութեամբ է պտտւում: Անհրաժեշտ է այդ յետընթացը նախ կանգնեցնել, յետոյ ուղղորդել ճիշդ ուղղութեամբ:

Պայքարի ճանապարհը այլընտրանք չունի: Ուզում եմ Ձեզ վստահեցնել եւ փոխանցել, որ այս համոզումն է առաջնորդում արցախցուն եւ այդպիսին է տրամադրութիւնը Արցախում: Ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք, լինի դա շրջափակման տեսքով կամ այլ, չի կարող մեզ համար լինել պարտադրանք որոշումներ կայացնելու համար:

Այս գիտակցումը եւ պայքարի ոգին Արցախում մարուած չի: Դրա վառ վկայութիւնն են 2022թ. հոկտեմբերի 30-ի եւ դեկտեմբերի 25-ի բազմահազարանոց երկու հանրահաւաքները մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Ընդ որում, երկրորդ հանրահաւաքը տեղի է ունեցել շրջափակման պայմաններում, որը եւս մէկ անգամ հաստատում է մեր պայքարի վճռականութիւնը:

Մենք Արցախում շատ լաւ ենք հասկանում, թէ համահայկական ինչպիսի քաղաքական, կազմակերպական ու բարոյահոգեբանական նոր մակարդակ է անհրաժեշտ ապահովել:
Համոզուած եղէք, որ դրա պարարտ հողը կայ:
Պէտք է հաւատալ, վստահել ու գործել:

Ցանկանում եմ նաեւ մի փոքր լուր փոխանցել Ձեզ: Փետրուարին, երբ տեղի ունեցաւ աղէտալի երկրաշարժը Սիրիայում, ՀՕՄ-ի Արցախի միաւորի նախաձեռնութեամբ եւ Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների աջակցութեամբ դրամահաւաք սկսուեց ի զօրակցութիւն Սիրիահայութեան:

Այսօր հպարտութեամբ ու ոգեւորութէամբ տեղեկացնում են ձեզ, որ համատեղ իրականացուած այդ նախաձեռնութիւնը բաւականին յաջող էր ու արդիւնաւէտ: Ժողովուրդը սիրով ու նուիրումով է մասնակցել դրամահաւաքին: Այս շրջափակման դժուար ժամանակահատուածում իրօք դա համահայկական միասնականութէան դրսեւորման մի փոքր օրինակ էր:

Կեցցէ՛ հայ ժողովուրդը, կեցցէ՛ մեր միասնութիւնը:

Փառք հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ճամբին իրենց կեանքը զոհաբերած նահատակներին»: