Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփիւռ մեր ժողովրդին Հանրապետութեան տօնի առիթով։

Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած մեր ժողովուրդը զօրեղ հաւատքով և արհաւիրքների առջև չընկճուող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսեան յաղթանակները և առաջին հանրապետութեան հաստատումով լուսաւոր նոր էջը բացեց իր պատմութեան։

Այսօր Հայաստանի անվտանգութեանն ու սահմանամերձ տարածքների ապահովութեանը, Արցախի ինքնիշխանութեանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգութիւններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայութեան կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դէմ իրականացուող քայլերին, ծաւալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամութիւնն ու վճռականութիւնը։

Անկախութեան վերահաստատման և Առաջին հանրապետութեան հռչակման յիշատակը տօնելով, սիրելի հայորդիներ, ոգեշնչուենք և գօտեպնդուենք երանելի մեր հայրերի ազատատենչ ոգով ու սխրագործութիւններով, մերժենք և հեռացնենք մեր կեանքից թշնամանքը, ատելութիւնն ու հակառակութիւնները և զօրացնենք ազգային մեր միաբանութիւնը։ Լցուենք վճռականութեամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնուող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, անխաթար խաղաղութիւնն ու արժանապատիւ մեր կեանքը։

Աղօթում ենք, որ Բարձրեալն Աստուած օգնական լինի մեզ՝ յաղթահարելու մեր առջև ծառացած փորձութիւնները և հաստատելու բարօր ու լուսաւոր գալիքը ազգի ու հայրենիքի։ Թող Քրիստոս մեր Փրկչի ողորմութիւնն ու շնորհները հովանի լինեն համայն մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփիւռս։