Հայ հասարակական-քաղաքական միտքը ծանր կորուստ կրեց. կեանքից հեռացաւ մեծ մտաւորականը, վաստակաշատ գիտնականն ու հայը՝ Ռիչըրտ Յովհաննիսեանը:
Տասնամեակներ շարունակ Ռիչըրտ Յովհաննիսեան նշանակալից, ոգեղէն  ներկայութիւն էր  հայ երկու իրականութիւնների համար: Միջազգային ամենաբարձր գիտական հարթակներում բազմաբեղուն գիտնականի եւ անբասիր հայի իր տեսակով  Ռիչըրտ Յովհաննիսեան արժանապատիւ ներկայութիւն էր, ներշնչանքի աղբիւր մի քանի սերունդի համար:
Հայաստանի Առաջին Հանրապետութեանը նուիրուած նրա կոթողային աշխատութիւնը  մեր պատմութեան բարդագոյն ժամանակաշրջանին նուիրուած առաջին համապարփակ, ակադեմական  մենագրութիւնն էր, որ  պրպտումների եւ բացայայտումների նոր հանգրուան հանդիսացաւ տասնեակ ուսումնասիրողների համար:
Հայաստանի, Անդրկովկասի եւ Միջին Արեւելքի պատմութեան հարցերին, Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան պատմութեանը նուիրուած նրա աշխատութիւնները  արժէքաւոր եւ վաւերական խօսք են հայ եւ միջազգային պատմագրութեան մէջ:
Մեծ է Ռիչըրտ Յովհաննիսեանի վաստակն՝ իբրեւ անխոնջ ուսուցիչ եւ հայ մտաւորական: Սփիւռքեան տարբեր համայնքներում նրա բազմաթիւ դասախօսութիւնները սերունդների համար եղել են սեփական ինքնութեան   բացայայտման  եւ պահպանման ակունք:
Մեծ պատմաբանի, վաստակաշատ ուսուցիչի եւ Հայ Մարդու կորուստն համահայկական է, իրապէս՝ անդառնալի:
Ցաւակցում ենք Յովհաննիսեանների մեծ ընտանիքին, նրա արժանաւոր որդուն՝ Ռաֆֆի Յովհաննիսեանին, սիրելի հօր մահուան կապակցութեամբ: Ողջ հայ ժողովրդի հետ կիսում ենք Ռիչըրտ Յովհաննիսեանի կորստի ցաւը:
Մեծ հայի յիշատակը վառ է մնալու մեր  սերունդների սրտերում, հայ մտքի ժառանգութեան մէջ:
ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» Դաշինք
12 Յուլիս 2023