«Գանձասար» հարցազրոյց ունեցաւ ՀՅԴ ՀԵՄ-ի «Դէպի Սիւնիք» ծրագիրի պատասխանատուներէն Գոռ Մաթեւոսեանի հետ՝ ընթերցողները ծանօթացնելու ծրագիրի նպատակին ու այս առումով առնուած քայլերուն։
Ստորեւ կը ներկայացնենք հարցազրոյցը.
«Գանձասար».- Ինչպիսի՞ ռազմավարական նշանակութիւն ունի Սիւնիքը Հայաստանին, Արցախին եւ տարածաշրջանին համար։
Գոռ Մաթեւոսեան- Սիւնիքը նա իր աշխարհագրական դիրքով, իր հարստութիւնների աղբիւրներով, իր հնարաւորութիւններով եւ ամենակարեւորը աշխարհագրական դիրքով ամբողջ աշխարհի ուշադրութեան կեդրոնում է այսօր։ Բոլորս այդ գիտենք, աշխարհը գիտէ դա, որովհետեւ մեծ երկրներ ու մեծ շահեր ակնկալող երկրներ իրենց ամբողջ ուշադրութիւնը սեւեռած են Սիւնիքի վրայ։ Բնականաբար արցախեան 44-օրեայ պատերազմէն յետոյ աւելի խոցելի դարձաւ Սիւնիքը։ Սիւնիքը իր աշխարհագրական դիրքով սեպն է, մեխն է հանդիսանում ամբողջ մեծ թուրանական ծրագիրին, որը բոլորս գիտենք հարիւրամեակներ շարունակ Թուրքիայի եւ թուրքալեզու ժողովուրդների երազանքն է եղել, յատկապէս Թուրքիայի, քանի որ ծրագրի հեղինակն ու կազմակեպիչը ինքն է եղել։ 44-օրեայ պատերազմից առաջ Թուրքիան, էսպէս ասած, ե՛ւ քաղաքականօրէն, ե՛ւ ռազմական միջոցներով գրաւեց ու իրենով արեց Ատրպէյճանը։
44-օրեայ պատերազմը ըստ իս՝ ոչ միայն արցախեան պատերազմն էր, այլ հէնց ուղիղ փան-թուրքիզմի ծրագրի իրականացման համար էր։ Փան-թուրքիզմի ծրագրի իրականացումը միայն ու միայն անցնում է Սիւնիքի մարզով, Մեղրիով է անցնում, Ջերմուկով է անցնում։ Իրենց պատկերացումներով ռազմավարական այս երկու «միջանցքներով» է անցնում Սիւնիքի միջանցք կոչուածը, որը հայ իրականութեան մէջ, հայ ժողովրդի համար անընդունելի է։
Տարածաշրջանի համար բնականաբար Իրանը իր մեծ շահերն ունի Սիւնիքի մարզում, քանի որ հարաւէն (Իրանի հիւսիսէն) դէպի հիւսիս (Հայաստանի հիւսիս) ընթացող ճանապարհը անցնում է Սիւնիքի միջով։ Իրանը շատ մեծ շահեր ունի այնտեղ, հետեւաբար պիտի աշխատի որ «միջանցք» կոչուածը գոյութիւն չունենայ։ Եւ մենք գործուն քայլեր ենք տեսնում Իրանից ե՛ւ քաղաքական ե՛ւ ռազմական առումով փորձեր են կատարում, որպէսզի զսպեն Թուրքիային եւ Ատրպէյճանին։ Նաեւ որոշակիօրէն Ռուսաստանից ենք տեսնում քայլեր, որովհետեւ շատ-շատ հզօր Թուրքիան Ռուսաստանին նոյնպէս ձեռնտու չէ, ըստ իմ քաղաքական պատկերացումների՝ ենթադրաբար Արեւմուտքին ալ ձեռընտու չէ։ Իսկ Թուրքիայի Սիւնիքի մէջ հզօրացումը Հայաստանի ամբողջական կորուստն է։ Եթէ ոչ Հայաստանի ֆիզիքական կորուստը, այլ ե՛ւ տնտեսական ե՛ւ քաղաքական ե՛ւ բարոյական առումով Հայաստանը դառնալու է թուրքական ազդեցութեան մեծ գօտի, որովհետեւ մեր աղբիւրները, միջոցները քիչ են, փոքր են, մինչդեռ Թուրքիան հսկայական տնտեսութիւն ունի եւ վերցնելու է թէ՛ հայկական ամբողջ տնտեսութիւնը, թէ՛ այն ամէն ինչ որ պատկերացնում ենք։ Երեւի տարածաշրջանի առումով Սիւնիքի դերը էսքանով կարող եմ նկարագրել, իսկ միւս մասով պէտք է ասեմ որ Արցախի վերազատագրումը, որ միանշանակ ապագայում մենք պէտք է իրականացնենք, սկսելու է Սիւնիքից, այսինքն Սիւնիքի որեւէ մասի կորուստը ո՛չ միայն Հայաստանի, այլեւ հայ ժողովուրդի իտէալների, պատկերացումների, Հայ Դատի, մեր պահանջատիրութեան, Սփիւռքի հայ իրականութեան կորուստն է լինելու։
«Գ.»- 44-օրեայ պատերազմէն ու անոր հետեւանքներէն ետք Սիւնիքի կացութիւնը ի՞նչ վիճակ կը պարզէ այսօր։ Ի՞նչ մարտահրաւէրներ կը դիմագրաւէ ժողովուրդը։
Գ.Մ.- 44-օրեայ պատերազմից յետոյ, ինչպէս նշեցի, Սիւնիքը դարձաւ էլ աւելի խոցելի եւ այդպիսով նաեւ Հայաստանը մնաց խոցելի։ Մարտահրաւէրները կարող էք Սիւնիք այցելելուց, անզէն աչքով եւ շատ մօտիկից տեսնել… ատրպէյճանական թշնամական դրօշներ, օրինակ։ Դա իրենից ներկայացնում ա, որ սիւնեցին եւ առհասարակ հայը ով մտնում է Սիւնիք, բարոյական առումով շատ է ազդւում, վատ իմաստով, որովհետեւ իր երկրի սահմաններում, իր տարածքում, իր բնակարանի գլխին թուրքական, ատրպէյճանական ներկայութիւն կայ։ Իրավիճակը կարելի է ասել, որ եթէ ոչ բոլոր գիւղերում՝ հիմնական ամբողջ Սիւնիքում գտնուող սահմանամերձ գիւղերի ամենահեռու հեռաւորութիւնը թշնամու յենակէտի երեւի 200-ից 300-մեթր է, իսկ ամենամօտը՝ կարող եմ ասել 30-35 մեթր։ Այսինքն Սիւնիքի ամբողջ ռազմավարական բարձունքները, բացառութեամբ մի քանի բարձունքի, ուղիղ իմաստով գտնւում են թշնամու տիրապետութեան տակ, ինչ որ խոցելի է դարձնում Սիւնիքը ու ամէն պարագայում եթէ որեւէ ռազմական բախում կամ պատերազմի վտանգ լինի եւ սկսուի պատերազմ, բնականաբար էլ աւելի դժուար է լինելու դիմակայել, քան երբեւէ եղել է։
Բայց իմ Սիւնիքում գտնուելու երկու տարիների ընթացքում ես սիւնեցու մէջ նկատել եմ դիմադրողական ոգի: Սիւնեցիների բացարձակ մեծամասնութիւնը իրեն չի պատկերացնում որեւէ այլ տեղում ապրել։ Մարդիկ պատրաստ են դիմադրել, դիմակայել կեանքի գնով, արեան գնով։ Նաեւ ասեմ, որ սիւնեցիները իրենց կեանքով ապացուցել են,- Դաւիթ Բէկի եւ Նժդեհի ժամանակահատուածում,- որ իրենք արմատացած են հողի մէջ ու չեն պատրաստւում որեւէ տեղ գնալ։ Համոզուած եմ որ նոյն բանը լինելու է յառաջիկայ մեր ազգային պետական մարտահրաւէրի դէպքում՝ Սիւնիքում տեղի ունեցող ռազմական կամ պատերազմական բախումների ժամանակ։ Աստուած մի արասցէ, բայց յուսով եմ որ այդպէս է լինելու։
Տնտեսական մասով չեմ ասի, որ շատ ծանր է, փորձում են դիմակայել եւ հնարաւորինս լինում է։ Կան գիւղեր, որոնք ոչ այնքան լաւ վիճակում են, բայց հիմնականում, տնտեսական առումով, քանի որ սահմանամերձ մարզ է ինքը, Իրանի հետ ուղիղ կապի մէջ է եւ հանքարդիւնաբերութեան տարածներից է Հայաստանում, բաւականին տնտեսապէս կայուն վիճակ է։ Բարոյական առումով նշեցի, որ պատրաստ են, հոգեբանական առումով՝ նոյնպէս։
«Գ.»- Ինչպէ՞ս ստեղծուեցաւ «Դէպի Սիւնիք» ծրագիրը, ի՞նչ են ծրագրի նպատակները եւ ի՞նչ յաջողութիւններ արձանագրած էք մինչ օրս։
Գ.Մ- Էլի պէտք է գամ 44-օրեայ պատերազմին։ 44-օրեայ պատերազմից յետոյ, Դաշնակցութեան Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը եւ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը՝ ՀԵՄ-ը, համատեղ որոշում կայացրեցին, որ Սիւնիքում անհրաժեշտ է Դաշնակցութեան երիտասարդական դիմադրողական ոգին արթուն պահել եւ դա կազմակերպել է պէտք, իսկ կազմակերպելու համար պէտք է փորձառու ընկեր, որը որոշակի կուսակցական, միութենական ճանապարհ է անցել ու որոշուեց որ «Դէպի Սիւնիք» ծրագրի գործիչը պէտք է լինեմ ես։
Ծրագիրը սկսուեց 2021 թուականի Յուլիսի 16-ից։ Ես եւ ընկ. Տիգրան Խոտանեանը՝ Ամերիկայից, միասին այցելեցինք Սիւնիք, այցելեցինք Կապան եւ որոշեցինք, որ պէտք է բնակութիւն հաստատենք այնտեղ, այնքան ժամանակ որ մեր կարիքը կայ։ Ընկ. Տիգրանը գործուղուած էր երկու ամսով, իր երկու ամիսների ընթացքում նա իրականացրեց հսկայական գործունէութիւն ե՛ւ պատանեկան, ե՛ւ երիտասարդական շրջանակներում։ Իր միութենական փորձը փոխանակեց տեղի ընկերների եւ օժանդակ խմբի հետ։ Եւ մենք Դաշնակցութեան ՀԵՄ-ի «Դէպի Սիւնիք» ծրագրի առաջին խումբը ստեղծեցինք, որի ստեղծումը տեւեց մօտ երեք ամիս. խումբը օժանդակ շրջան անցկացրեց եւ խոստման արարողութիւն իրականացրեց Եռաբլուրում՝ ընկ. Քրիստափոր Արթինի շիրիմին, ով խորհրդանշական էր, ով Կապանում հիմնական բնակութիւն էր հաստատել Քանատայից, եւ նա լուսահոգի դարձաւ 44-օրեայ պատերազմին Լուլասազի բարձունքում։ Հիմա հէնց էդ առաջին խմբի անունը ընկերոջ պատուին կոչւում է Քրիստափոր Արթին։
Սկզբնական շրջանում սկսեցինք կազմակերպել արշաւներ, որպէսզի շօշափենք երիտասարդական դաշտը ու հասկանանք, թէ ո՛ր թիրախի վրայ է պէտք աշխատել։ Հասկացանք որ հնարաւոր է երիտասարդական խումբեր ստեղծելը Կապանում ու ստեղծեցինք առաջին խումբը։
Հիմա արդէն երկրորդ օժանդակ խմբի վրայ ենք աշխատում։ Մինչ այդ իրականացրել ենք «Վերելք Սիւնիք» ծրագիրը, որի ժամանակ չորս շահառուներ են եղել ու դրամական բաւականին խոշոր պարգեւներ են տրուել յաղթողներին։ Հիմա «Վերելք Սիւնիք» ծրագրով Կապանի մէջ գործում է երեք տնտեսական ծրագիր, իսկ չորրորդը ընթացքի մէջ է՝ վերանորոգման աշխատանքներ եւ ծրագրային փուլի մէջ է։ Էս պահին գործում են մէկ հանգստեան գօտի, մէկ դեղատուն Քաջարանում եւ մէկ սրճարան։ «Վերելք Սիւնիք»-ը երիտասարդական ծրագիր է, որպէսզի Սիւնիքում ապրող երիտասարդը իր երազանքները փորձի նաեւ մեր միջոցով իրականացնել Սիւնիքում, հիմնականօրէն բնակուի Սիւնիքում, չարտագաղթի ու չմտածի արտագաղթելու մասին։ Շարունակելով ասեմ որ բաւականին մեծ ռազմավարական միջոցառումներ ենք ունեցել՝ զէնքի տիրապետման դասընթացքներ, բանակումներ ենք իրականացրել Սիւնիքի մարզի տարբեր վայրերում։
Փորձել ենք երիտասարդների մէջ բարձրացնել ազգային-գաղափարական ոգին, Դաշնակցութեան միջոցով բնականաբար։ Զէնքի տիրապետման մեծ դասընթացքներ ենք իրականացրել նաեւ: Իրական զէնքից օգտուելու հնարաւորութիւն ենք տուել սիւնեցի երիտասարդին, որպէսզի հետագայում դիմակայի գալիք ազգային եւ պետական մարտահրաւէրներին։ «Վերելք Սիւնիք»-ի ծիրից ներս, Շուէտիայի Երիտասարդական Միութեան մեր ընկերների միջոցով իրականացրել ենք երկու ճամբարներ, Աւստրալիայի Երիտասարդական Միութեան մեր ընկերների միջոցով իրականացրել ենք մէկ ճամբար: Գորիսում։ Ճամբարներուն ընդհանուր թիւով մասնակցել է մօտ 500 պատանի եւ այդ 500 պատանիներին տրուել է ազգային-գաղափարական դաստիարակութիւն, Դաշնակցական դաստիարակութիւն, որպէսզի նաեւ այդ դիմադրողական ոգին մշտապէս արթուն լինի հայ պատանու մէջ։ Մինչ օրս պատանիները կարօտով յիշում են ընկերներին եւ ընկերուհիներին եւ սպասում են գալիք ճամբարներին, որ յառաջիկայում կ’իրականացուի, ամենայն հաւանականութեամբ, մեր Ռոստոմ Երիտասարդական Միութեան՝ ՌԵՄ-ի, նաեւ Ֆրանսայի «Նոր Սերունդ» Երիտասարդական Միութեան ընկերների միջոցով։
«Դէպի Սիւնիք» ծրագրի հետ կապուած ուզում եմ ասել նաեւ, որ դաշնակցական եւ կուսակցական փորձ ունեցող այն ընկերները, որոնք ցանկութիւն կ’ունենան մասնակցելու եւ «Դէպի Սիւնիք» ծրագրին իրենց փորձով կիսուելու կամ թէկուզ փորձ ձեռք բերելու՝ կարող են դիմել Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ եւ գործուղուել Սիւնիք։ Բազմաթիւ աշխատանքներ կան իրականացուելիք ե՛ւ երիտասարդական դաշտում ե՛ւ պատանեկան դաշտում։
Հարցազրոյցը վարեց
Վեհան Պարսումեան