Մայր աթոռի դատապարտագիրը կը հրատարակենք ստորեւ.

«Խոր մտահոգութեամբ տեղեկացանք Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերու պարտէզ» կալուածքի շուրջ շարունակուող սադրիչ գործողութիւնների մասին։

Դեկտեմբերի 28-ին երեք տասնեակից աւելի զինուած անձինք ներխուժել են «Կովերի պարտէզ»-ի տարածք, իրականացրել բռնի գործողութիւններ, որի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ են ստացել Պատրիարքութեան եկեղեցականներ և տեղի հայ համայնքի անդամներ։

Ակնյայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկութեան, սպառնալիքների ու բռնի գործողութիւնների միջոցով հասնել «Կովերի պարտէզ» կալուածքի իւրացմանը՝ ոտնահարելով օրէնքով սահմանուած ընթացակարգերը։

Խստօրէն դատապարտելով կատարուածը՝ յոյս ենք յայտնում, որ տեղւոյն իշխանութիւնները իրաւաչափօրէն կ՚արձագանգեն Պատրիարքութեան և հայ համայնքի նկատմամբ դրսևորուած յանցաւոր գործողութիւններին, պատասխանատուութեան կ՚ենթարկուեն մեղաւորները և կը բացառուի նմանօրինակ դէպքերի կրկնութիւնը։

Մեր զօրակցութիւնն ենք յայտնում Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց զինուորեալ միաբանութեանը և հայ համայնքին՝ հայցելով Տիրոջ օգնականութիւնը»։