Հայ չինական  դիւանագիտական յարաբերութիւնները ուժի մէջ են մտել 1991 թուականից` մէկ տարի անց Հայաստանի Հանրապետութէան անկախութիւնից յետոյ: Վերոնշեալ թուականից յարաբերութիւնները  երկու երկրների միջեւ շարունակում են լինել ո՛չ միայն դրական, այլ նաեւ` ընկերական: Թէ՛ Հայաստանը եւ թէ՛ Չինաստանը կարեւորում են յարաբերութիւնները այն երկրների հետ, որոնք ունեն հին քաղաքակրթութիւն եւ մշակոյթ: Աւելի՛ն. Հայաստանն ու Չինաստանը ունեն նոյն տեսլականը եւ քարոզում են խաղաղութիւն` միջազգային բեմում: Հայ-չինական յարաբերութիւնները ներկայումս կեդրոնացած են առեւտրի, կրթութեան, ռազմական եւ հանքարդիւնաբերութեան ոլորտներում: Անհրաժեշտ է յարաբերութիւնները զարգացնել  աւելի տարբեր բնագաւառներում, մանաւանդ երբ  Չինաստանը մեկնարկել է «Մէկ ճանապարհ, մէկ մշակոյթ» նախաձեռնութիւնը: Այս զեկոյցում ներկայացնելու եմ հայ-չինական յարաբերութիւնների կարեւոր իրադարձութիւններն ու ապագայ անելիքների տեսլականը:

Ներկայ ձեռքբերումները

  1. Քաղաքական.- Վերջին տարիներին նկատելի է հայ-չինական յարաբերութիւնների աշխուժացում, եւ դա պայմանաւորուած է հիմնականում «Մէկ գօտի մէկ ճանապարհ» նախաձեռնութեան հետ` նախագիծ, որը Չինաստանին անհրաժեշտ է` խորացնելու յարաբերութիւնները աշխարհի հետ: Պետական մակարդակի այցելութիւններից ամենանշանակալին նախկին նախագահ Սերժ Սարգսեանի պաշտօնական այցն էր Փեքին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ճինփինի հետ ստորագրուեց համատեղ յայտարարութիւն, որի կարեւոր կէտերից է` ընդլայնել քաղաքական, տնտեսական, մարդասիրական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտների համագործակցութեան խորացումը երկու երկրների միջեւ: Կողմերը սատարում են մէկ Չինաստան գաղափարին ու ղարաբաղեան հարցի խաղաղ կարգաւորմանը, ինչպէս նաեւ` երկու երկրների քաղաքական կուսակցութիւնների եւ հասարակական կազմակերպութիւնների յարաբերութիւնների զարգացմանը, համատեղ պայքարին: Միեւնոյն ժամանակ` ընդլայնել յարաբերութիւնները հետազօտական, մետիայի, հասարակական խմբերի, արուեստի եւ այլ ոլորտներում: Վերջերս Հայաստանի Հանրապետութիւնում տեղի ունեցած յեղափոխութիւնից յետոյ, Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինեանը երկու անգամ ընդգծեց Չինաստանի հետ յարաբերութիւններն է՛լ աւելի խորացնելու անհրաժեշտութեան մասին: Աւելի զարգացնելու մասին: Հայաստանի վարչապետ Փաշինեանը ընտրուելուց մէկ ամիս անց հանդիպում ունեցաւ Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Իրլունի հետ, երկու կողմերը կարեւորեցին բոլոր բնագաւառներում յարաբերութիւնների է՛լ աւելի զարգացումը`  առաջնային համարելով  յատկապէս քաղաքական եւ տնտեսական ոլորտները:
  2. Ռազմական.- Պաշտօնական այցելութիւններից անհրաժեշտ է յիշատակել նաեւ նախկին պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի Չինաստան այցը, որի ընթացքում ստորագրուեց Չինաստանի կողմից Հայաստանին հինգ միլիոն էուան օժանդակութիւն տրամադրելու համաձայնագիր: Այցելութեան ընթացքում պաշտպանութեան նախարարը հանդիպեց զէնք արտադրող «փոլի կրուպ» եւ «նորինկօ» ընկերութիւնների տնօրէնների հետ:
  3. Գիտութիւն.- Գիտական ասպարէզում նոյնպէս գոյութիւն ունի համագործակցութիւն, 2017-ին Փեքինում տեղի ունեցաւ գիտաժողով` Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան հիմնարկի եւ Չինաստանի քաղաքական եւ ընկերային ակադեմիայի միջեւ: Գիտաժողովը բաւականին արդիւնաւէտ էր այն իմաստով, որ հայ գիտնականները ծանօթացան «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութեանը: Միեւնոյն ժամանակ կաեւոր ազդակ էր հայ եւ չին գիտնականների հանդիպումն ու կարծիքների փոխանակումը: Աւելի՛ն, վերջերս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի 75-ամեակին նուիրուած միջոցառմանը ներկայ էր Չինաստանի Ազգային ակադեմիայի նախագահ Պայ Չուն Լին:
  4. Կրթական.- Կրթական հողի վրայ համագործակցութիւնը բաւականին առաջընթաց է ապրում. վերջերս Երեւանում բացուեց հայ-չինական դպրոցը, որի ծրագիրը հիմնուելու է Հայաստանի Հանրապետութեան կրթական մոտելի վրայ` լայն ծաւալով դասաւանդուելու է չինարէնը որպէս մասնագիտացուած օտար լեզու: Դպրոցը կառուցուել է միջազգային չափանիշներին համապատասխան եւ ներկայումս ամենամեծ օտարերկրեայ դպրոցն է համարւում Հայաստանում: Հայաստանի Հանրապետութիւնում Խորհրդային Միութեան ժամանակներից ընդունուած է օտար լեզուների մասնագիտութեամբ դպրոցների հիմնումը, օրինակ` ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն եւ այլ թեքումներով. այսուհետ Հայաստանում, վերոնշեալ օտար լեզուների կողքին, աճելու է հետաքրքրութիւնը, նաեւ չինարէն լեզուի հանդէպ: Հայ-չինական դպրոցի առաքելութիւնը իմ կարծիքով, այն է, որ շրջանաւարտ աշակերտները հնարաւորութիւն են ունենալու շարունակել բարձրագոյն կրթութիւնը Չինաստանի համալսարաններում: Սա չափազանց կարեւոր հնարաւորութիւն է հայ ուսանողների համար` հաշուի առնելով այն փաստը, որ այս տարի Չինաստանը գերազանցել է Միացեալ Նահանգներին գիտական հետազօտութիւններով: 2014-ից սկսած` Փեքինի օտար լեզուների համալսարանում դասաւանդւում է հայոց լեզու, եւ հիմա ունենք երկու չին ուսանողներ, որոնք սովորում են Հայաստանի պետական համալսարանում: իսկ Հայաստանի Կոնֆուցիոս դպրոցի հայերէն-չինարէն դասագիրքը ընտրուեց լաւագոյնը Ասիայում եւ Կեդրոնական Ասիայում:

Հետագայ համագործակցութեան հեռանկարները

Քաղաքական

Հայաստանի Հանրապետութիւնը իր անկախացումից ի վեր հռչակել է վարել բարեկամական յարաբերութիւններ բոլոր երկրների հետ եւ հաւասարակշռել արտաքին քաղաքականութիւնը գերտէրութիւնների հետ: Հայաստանի քաղաքական միտքը յուշում է վերոնշեալ քաղաքականութեան արդիւնաւէտութիւնը` հաշուի առնելով Հայաստանի կացութիւնը` չլուծուած ղարաբաղեան հարց եւ փակ սահման Թուրքիայի եւ Ազրպէյճանի կողմից: Հայաստանի Հանրապետութիւնը աշխուժօրէն յարաբերութիւններն է զարգացնում այն երկրների հետ, որոնք Ղարաբաղի հարցի միակ լուծումը տեսնում են խաղաղ ճանապարհի միջոցով: Հաւասարակշռուած քաղաքականութիւն վարելու երկրորդ փաստարկը հայկական սփիւռքն է, որը հիմնականում ստեղծուել է Հայոց ցեղասպանութեան պատ        ճառով: Հայկական սփիւռքը առաջացել է հիմնականում Մերձաւոր Արեւելքում, Ռուսաստանում, Միացեալ Նահանգներում, Քանատայում,  Աւստրալիայում, Եւրոպայում եւ այլ երկրներում: Հայերն այս երկրներում հիմնել են իրենց իւրայատուկ գաղութը` եկեղեցիներով, դպրոցներով, կուսակցութիւններով, թատրոններով եւ այլն: Այստեղ նոյնպէս կարելի է համագործակցութեան եզրեր գտնել հայկական եւ չինական նոր սփիւռքի միջեւ եւ վերհանել երկու գաղութների նմանութիւններն ու պահանջները: Օրինակ` թէ՛ հայերի, թէ՛ չիների համար, այս առումով, կարեւոր է համագործակցութիւնը` տարածաշրջանային եւ միջազգային խաղաղութեան հասնելու համար: Հայաստանին խաղաղութիւնը անհրաժեշտ է   տնտեսութիւնը զարգացնելու համար, իսկ Չինաստանին` «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» նախաձեռնութիւնը իրականութիւն դարձնելու համար: Գաղտնիք չէ, որ տնտեսութիւնը զարգացնելու համար անհրաժեշտ է խաղաղութիւն եւ կայունութիւն: Չինաստանի Համայնավար կուսակցութեան 19-րդ համագումարում ասուել է հետաքրքիր նոր միտք` կարեւոր չէ որեւէ երկրի փոքր կամ մեծ լինելը, կարեւորն այն է, թէ ինչպէ՛ս ցանկացած երկիր կարող է գործել եւ համագործակցել: Այսպիսի աշխարհայեացք մենք չենք տեսել այլ գերտէրութիւններից. մեզ յայտնի է արեւմտեան պատկերացումը, երբ մեծերը կլանում են փոքրերին:

Հաշուի առնելով հայ եւ չին պետական պաշտօնեաների յայտարարութիւնները` մեր յարաբերութիւնները բարեկամական են, Հայաստանում եւ Չինաստանում քաղաքական կուսակցութիւնների միջեւ լայն քաղաքական փոխյարաբերութիւնների անհրաժեշտութիւն կայ, մանաւանդ` ընկերվարական կուսակցութիւնների հետ: Օրինակի համար, ՀՅԴ կուսակցութիւնը, որն ունի 128 տարուայ պատմութիւն, այժմ օգտագործում է «Ընկերվարութիւն ազգային արժէքներով» գաղափարը, Իսկ Չինաստանի Համայնավար կուսակցութիւնը օգտագործում է «Ընկերվարութիւն չինական յատկանիշներով»-ը: Այսպիսով, այս երկու կուսակցութիւնների միջեւ համագործակցութիւնը բաւականին արդիւնաւէտ կը լինի` հաշուի առնելով գաղափարական նմանութիւնները: Աւելի՛ն. նոր-ազատականութէան զանգուածային ալիքը սպառնալիք է աւանդական եւ պահպանողական երկրների համար, եւ այդ պատճառով պէտք է դիմակայել միասին` ամրապնդելով յարաբերութիւնները սեփական ազգային յատկանիշներով կուսակցութիւնների հետ:

Երկու երկրների համար էլ աղէտ է այնպիսի ահաբեկչութիւնների վտանգը, ինչպիսին էր «Արաբական գարուն»-ը, որը հարուածեց Մերձաւոր Արեւելքը: Աշխարհի բոլոր ահաբեկիչները լցուել էին Սիրիա, եւ Հալէպի հայ համայնքը ամէն օր յարձակումների է ենթարկուել: Մենք կորցրեցինք աւելի քան 200 անմեղ քաղաքացիներ, եւ գրեթէ մեր բոլոր եկեղեցիները, դպրոցները եւ քաղաքական հաստատութիւնները ռմբակոծուեցին, բարեբախտաբար, հայ համայնքի հաստատակամութեամբ, այժմ էլ վերանորոգւում են հիմնական հաստատութիւնները: Ահաբեկչութիւնն այսօր ամենամեծ վտանգն է, որ կանգնած է մեր առջեւ: Այն նաեւ անհանգստացնում է Չինաստանին, քանի որ Չինաստանում տեղի են ունեցել որոշակի միջադէպեր` ստեղծուած արմատական իսլամական խմբաւորումների կողմից: Այսպիսով, Չինաստանի հետ Հայաստանի համագործակցութիւնը եւ Մերձաւոր Արեւելքի հայ համայնքների` ահաբեկչութեան դէմ պայքարի հաստատակամութիւնը կ՛ուժեղացնեն երկու կողմերին եւ կարող են լինել այն հարթակը, որը կարող է միաւորել այլ երկրների էլ: Վերոյիշեալ ահաբեկչութիւնը ո՛չ միայն վտանգեց Մերձաւոր Արեւելքի հայերին, այլեւ` Հայաստանը: Հաշուի առնելով, որ առաջին ղարաբաղեան պատերազմի ժամանակ ժիհատական զինեալները միացան ազրպէյճանական կողմին: Աւելի՛ն. Ազրպէյճանը փորձում է ցոյց տալ, որ հակամարտութիւնը հիմնուած է կրօնի վրայ, որն իրականում չկայ: Միեւնոյն ժամանակ Թուրքիան ցոյց է տալիս փառատենչութիւն` վերականգնելու իր դերը:

Այս առումով, Հայաստանը եւ Չինաստանը պէտք է համագործակցեն պաշտպանական ոլորտում, ինչպէս նաեւ` համատեղ զօրավարժութիւններով:

Սփիւռքի հարցի հետ կապուած` հայկական սփիւռքի իրականութիւնը աշխարհում նորաստեղծ սփիւռքների համար առանցքային մոտել է: Աշխարհում գոյութիւն ունի ընդամէնը 2 լաւ կազմակերպուած սփիւռք` հայկական եւ հրէական: Հայ-չինական յարաբերութիւնները կարող են զարգանալ նաեւ այլ երկրներում` հաշուի առնելով Աւստրալիայում եւ Քանատայում մեծ թուով չինական համայնքը: Հնարաւոր այս փոխազդեցութիւնը առաջին հերթին հնարաւորութիւն կը տայ երկու երկրների համայնքներին միմեանցից սովորել եւ կիսուել փորձով: Մէկ այլ համագործակցութեան տարբերակ է Չինաստանի հայ համայնքը, որը բաղկացած է  600 հոգուց: Չինաստանում հայերը հիմնականում բնակւում են Կուանկժու, Նանճինկ, Շանկհայ եւ Հոնկքոնկ քաղաքներում: Փաստաբաններն ու ֆինանսիստները մեծամասնութիւն են կազմում: Չինաստանի հայերը ամէն տարի միասին հաւաքւում են ապրիլի 24-ին` այցելելու Նանճինկի Ցեղասպանութեան թանգարան եւ ծաղիկներ խոնարհում Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրում: Այսպիսով, չնայած դա դրական իրադարձութիւն չէ, սակայն, ինչպէս հայերը, այնպէս էլ չիները, զոհ են դարձել ցեղասպանութեան ` ատելութեան պատճառով:

Մենք յաճախ յիշում ենք մեր երկրների հին քաղաքակրթութեան եւ հարուստ պատմութեան մասին, բայց մենք չենք ուսումնասիրել մեր երկրների միջեւ դեռեւս շատ վաղուց գոյութիւն ունեցող փոխգործակցութեան մասին: Հայաստանի հին ձեռագրերի գիտահետազօտական հաստատութիւնում դեռեւս հնագոյն Մետաքսի ճանապարհից հայ-չինական յարաբերութիւնների մասին փաստագրական փաստաթղթեր եւ տեղեկութիւններ կան, եւ ես վստահ եմ, որ Չինաստանը շատ աւելի նման փաստաթղթեր ունի: Ցանկալի է ստեղծել հայ եւ չինական պատմաբանների խումբ, հրապարակել այդ փաստերը եւ հանրութեանը յայտնի դարձնել: Հայ ու չին մարդիկ այդ մասին չգիտեն: Որպէս ակադեմիկոսներ` մեր պարտքն է տեղեկացնել ժողովրդին անցեալի դրական ձեռքբերումների մասին` աւելի արդիւնաւէտ ապագայ ունենալու համար: Բացի այդ, անհրաժեշտութիւն կայ հայ գրողների կարեւոր գործերի հրատարակմանը Չինաստանում եւ հակառակը` չին գրողներինը Հայաստանում: Բարեբախտաբար մենք ունենք Կոնֆուցիոսի եւ Սան Ցզիի հայերէն տարբերակը, բայց ես վստահ եմ, որ կարող ենք այս ոլորտում աւելի շատ ջանքեր գործադրել:

Օրինակ` Չինաստանի նախագահ Սի Ճինփինը մի քանի արժէքաւոր գրքեր ունի, որոնք թարգմանուել են բազմաթիւ լեզուներով, բայց` ոչ հայերէն: Միւս կողմից մենք ունենք բազմաթիւ հայ ազգային մտածողներ, որոնք կարող են արժէքաւոր լինել չին ընթերցողների համար, օրինակ` Սարգիս Զեյթլեանի, Րաֆֆիի, Լեւոն Խեչոյեանի, Հրանդ Մաթեւոսեանի եւ ուրիշների ստեղծագործութիւնները: Եւրոպացի մտածողների եւ գրողների բազմաթիւ գրքեր են թարգմանւում հայերէն: Վերջին հրապարակումն էր Ֆրանսայի նախագահ Մաքրոնի գիրքը: Ընդ որում, կարեւոր է նաեւ հայ եւ չինական մի շարք յայտնի գիտնականների համարկումը Հայոց ցեղասպանութեան եւ Նանկենի ցեղասպանութեան ուսումնասիրութեանը եւ նմանատիպ հարցերի վերաբերեալ համատեղ հրատարակութիւն ներկայացնելը:

Ընկերային

Հասարակական կազմակերպութիւնները այսօր աշխարհում, յատկապէս արեւմտեան հասարակութիւններում արագօրէն տարածւում  են: Հայաստանում այդ արտասահմանեան հաստատութիւններին թերահաւատօրէն են մօտենում, բայց վերջին տարիներին երիտասարդների շրջանում հետաքրքրութիւն է առաջանում «ժողովրդավարութեան» եւ «մարդու իրաւունքներին» վերաբերող հասարակական կազմակերպութիւնների հանդէպ: Պէտք է խոստովանեմ, որ նրանք արդիւնաւէտ կերպով աշխատում են, եւ կազմակերպւում են սեմինարներ, հրատարակութիւններ, բացօթեայ իրադարձութիւններ եւ այլն: Հայ եկեղեցին եւ ազգային կուսակցութիւնները ներկայացնում են իրենց բացասական վերաբերմունքը ներմուծուած գաղափարների հանդէպ, եւ այդ պատճառով պէտք է համագործակցել այնպիսի ճակատների միջեւ, որոնք վտանգ են ներկայացնում նոր-ազատական արժէքներին: Կարծում եմ, որ Հայաստանում եւ Չինաստանում միասնական կեդրոններ ստեղծելու անհրաժեշտութիւն կայ` շարունակաբար գործելու եւ ժողովուրդների միջեւ կապեր հաստատելու համար տարբեր ոլորտներում (պատմութիւն, փիլիսոփայութիւն, նկարչութիւն, երաժշտութիւն, բանաստեղծութիւն, շարժանկար եւ այլն):

Վերջաբան

Վերեւում նշեցի այն հնարաւորութիւնները, որ հայերն ու չիները կարող են զարգացնել յարաբերութիւնները ինչպէս երկու պետութիւնների, այնպէս էլ ժողովուրդների փոխյարաբերութիւններում: Հիմա, ես կը ցանկանայի նշել որոշ գործօններ աւելի գործնական մակարդակի վրայ, թէ ի՛նչ կարող ենք սովորել միմեանցից: Վերջին 5 ամիսների ընթացքում իշխանութեան եկած Հայաստանի Հանրապետութեան նոր կառավարութիւնը, նախ եւ առաջ, եկաւ փտածութեան դէմ պայքարելու անհրաժեշտութեան տեսլականով: Այս հարցում Չինաստանը հասել է յաջող մակարդակի: Կարծում եմ` արժէքաւոր կը լինի, եթէ Հայաստանի իշխանութիւնները հաշուի առնեն փտածութեան դէմ պայքարում չինական փորձը: Մէկ այլ կարեւոր խնդիր, որը Չինաստանին յաջողուեց, աղքատութեան նուազեցումն է: Ի հարկէ, իւրաքանչիւր երկիր ունի իր ուրոյն պայմանները, բայց ես հաւատում եմ, որ արժէքաւոր կը լինի փորձագէտների եւ պաշտօնեաների համար` իմանալ դրական արդիւնքների հասնելու փորձի մասին: Միեւնոյն ժամանակ հայերը եւ յատկապէս ազգային գաղափարախօսութեամբ  կուսակցութիւնները կարող են բացայայտել աւելի քան 100 տարիների ազգային արժէքների պահպանման մեքանիզմներն ու դրանց գործադրումը: Միւս կողմից` քաղաքական եւ հասարակական կեանքում ազգային արժէքների ներառման հայկական փորձը արժէքաւոր կը լինի Չինաստանի իշխանութիւնների համար, թէ ինչպէ՛ս պէտք է յարմարեցնել Չինաստանի յատկանիշները  քաղաքականութեան եւ հասարակութեան մէջ: Նորաստեղծ չինական սփիւռքի համար արդիւնաւէտ կը լինի հիմնուել հայկական սփիւռքի փորձի վրայ` պահպանելու չինական կերպարը: Աւելի՛ն. հայերը բաւականաչափ գիտելիք ունեն կրօնական ծայրայեղութեան մասին` հաշուի առնելով վերջին 130 տարիների պայքարը Օսմանեան կայսրութեան դէմ: Համաիսլամական արմատական գաղափարախօսութեանը չի կարելի յաղթել միայն ռազմական միջամտութեամբ: Մենք պէտք է այդ մարդկանց սովորեցնենք նրանց ճշմարիտ կրօնը ոչ թէ` խեղաթիւրուածը, որը տարածւում է արմատական հոգեւորականների կողմից: Այսպիսով, ես կարծում եմ, որ չին փորձագէտները կ՛օգտուեն հայկական սփիւռքի ձեւաւորման փորձից եւ կրօնական ծայրահեղականութեան զսպման մեթոտներից:

Այս գրութիւնը ներկայացուած է իբրեւ զեկուցում` 11 – 12 նոյեմբերին Փեքինի մէջ տեղի ունեցած «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորութիւնը» վերնագիրով գիտաժողովին: