ՀՀ նախագահ Արմէն Սարգսեան շնորհաւորած է երեխաներու իրաւունքներու պաշտպանութեան օրը․

«Այսօր Երեխաների իրաւունքների պաշտպանութեան օրն է:

Իւրաքանչիւր երեխայ ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է` ընտանիքի ապագայ, երկրի ապագայ, բանակի ապագայ, հողի ապագա… Ապագան գալիս է վաղը, բայց սկսւում է այսօր` իւրաքանչիւր նորածնի ճիչով, իւրաքանչիւր ծնողի բերկրանքով, պետութեան ամէն նոր քաղաքացու անուամբ:

Սիրելի՛ երեխաներ, իմ կրտսե՛ր բարեկամներ,

Գիտեմ, որ այս օրերին շատ դժուար է տանը նստելը, երբ բնութիւնը, բակը, խաղը դուրս են կանչում: Շնորհակալ եմ, որ համբերում էք եւ հասկանում: Հաւատացէք, որ այսօրուայ դժուարութիւնն ու անյարմարութիւնը վաղուայ աւելի լաւ օրուայ համար են, երազանքների օրուայ համար:

Ձեր մէջ երազանքներ կան, որոնք ոչ միայն ձերն են, այլեւ ձեր ծնողներինը: Պէտք է կարողանանք միասին այնպէս անել, որ իրականութիւնը լինի ձեր երազանքի նման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեխաների միջոցով մենք նորովի ենք բացայայտում մեզ շրջապատող հսկայ աշխարհը: Այն մեծ ու փոքր, բազմագոյն ու բազմաշերտ աշխարհների խճանկար է: Մանկական աշխարհն այդ խճանկարի ամենագունագեղ մասն է, որը կառուցւում է երեխաների շնորհիւ ու մեծերիս մասնակցութեամբ: Որպէս պետութիւն եւ քաղաքացի, որպէս ընտանիք եւ ծնող, որպէս իշխանութիւն եւ հասարակութիւն եկէք չխնայենք մեր ջանքերը: Գործի դնենք մեր սիրտն ու միտքը, որ այդ աշխարհը կառուցուի ամուր եւ կայուն հիմքերի վրայ, լինի հնարաւորինս գեղեցիկ ու լուսաւոր, յուսառատ ու յուզառատ:

Սակայն յանուն երեխաների եւ երեխաների համար գործադրուող բոլոր ջանքերը իզուր կը լինեն, եթէ նախ եւ առաջ չերաշխաւորուի նրանց խաղաղ մանկութիւնը: Խաղաղութիւնը միայն կապոյտ երկինքը չէ: Խաղաղութիւնը նաեւ այն մթնոլորտն է, որտեղ սէր, հանդուրժողականութիւն ու համերաշխութիւն կայ ինչպէս փոքրերի, այնպէս էլ մեծերի, ինչպէս հարազատների, այնպէս էլ անծանօթների միջեւ:

Այսօր մեր ապագայի պաշտպանութեան օրն է: Պաշտպանութիւնը նշանակում է նաեւ պատասխանատուութիւն երեխայի այսօրուայ ու վաղուայ համար, նրա ազատութեան եւ իրաւունքի համար, նրա ճակատագրի համար:

Երեխաները պէտք է լինեն իւրաքանչիւրիս ուշադրութեան կենտրոնում: Անկախ մեր զբաղեցրած պաշտօնից եւ հասարակական դիրքից բոլորս պէտք է դրսեւօրենք ամենօրեայ եւ անձնական բարձր պատասխանատուութիւն: Իսկ ցանկացած պարտաւորութիւն ստանձնելիս` միջազգային փաստաթղթերից մինչեւ դրանցից բխող օրէնքներն, ուսման ծրագրերն ու դասագրքերը, մենք պէտք է առաջնորդուենք նախ եւ առաջ ընտանիքի եւ երեխաների մասին մեր ազգային արժեհամակարգից բխող ընկալումներով: Այդ փաստաթղթերը, օրէնքները կիրառելիս պէտք է գտնուեն այնպիսի կարգաւորումներ, որոնք կը համապատասխանեն մեր պետութեանն, ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին, հարիր կը լինեն մեր ազգային նկարագրին:

Սիրե՛նք ու պաշտպանե՛նք երեխաներին եւ նրանց իրաւունքներն, ի դէմս նրանց` պաշտպանե՛նք մեր ընտանիքի, մեր երկրի, մեր հասարակութեան վաղուայ օրը»: