Պատերազմի մեծաթիւ զոհեր, վիրաւորներ, հաշմանդամներ, գաղթականներ, տուն եւ հայրենիք կորսնցուցած հայեր…: 27 Սեպտեմբեր 2020-ին ծայր առած պատերազմը տակնուվրայ ըրաւ մեր կեանքը: 44 օրերը դարձան յաւիտեան տառապանքի սկիզբը: Տառապանք, որուն ընդմէջէն միայն հզօր կամքով կարելի է դուրս գալ:
Համազգային ՀայԿրթական եւ Մշակութային Միութեան Արցախի գրասենեակի վերջին ամիսներու գործունէութիւնը վկայութիւնն է հայու ա՛յդ կամքին: Գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեան, հակառակ իր երիտասարդ տարիքին, յաջողած է իւրացնել 93 տարեկան Համազգայինի առաքելութիւնը եւ մշակոյթը դարձնել յարատեւելու եւ պայքարի զէնք: Ինչպէ՞ս: Պատասխանները, հաւանաբար, այս հարցազրոյցին մէջ պիտի գտնէք:
«Գանձասար»- Ինչպէ՞ս ծանօթացաք Համազգայինին եւ քանի՞ տարի է այս գրասենեակը կը վարէք: Գրասենեակի նպատակներու մասին կը խօսի՞ք:
Հերմինէ Աւագեան- Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Արցախի գրասենեակը Ստեփանակերտում սկսեց գործել չորս-հինգ տարի առաջ, սակայն մինչ այդ էլ Համազգայինը Երեւանի իր գրասենեակի միջոցով Արցախում տարբեր ծրագրեր էր իրականացնում։ Տարիներ առաջ, երբ ես ՀՅԴ պաշտօնաթերթ «Ապառաժի» խմբագիր էի աշխատում, տարբեր առիթներ ունեցայ ծանօթանալու Համազգայինի գործունէութեանը եւ սկսեցի հետաքրքրուել կառոյցի նպատակներով, ծրագրերով, Սփիւռքում իր ստանձնած կարեւոր դերով։ Քանզի կրթութիւնն ու մշակոյթը ինձ հոգեհարազատ էին, մտածեցի, որ մի օր ես էլ այդ մեծ ընտանիքի մի անդամը կը դառնամ։ Առիթը չուշացաւ։ Իմացայ, որ Համազգայինի ատենապետն ու անդամները եկել են Արցախ եւ հարցազրոյց են անցկացնում՝ Արցախի գրասենեակի պատասխանատու ընտրելու համար։ Ես էլ մասնակցեցի հարցազրոյցին ու սկսուեց մեր համագործակցութեան ճանապարհը, ինչը հաւատում եմ՝ երկար ընթացք է ունենալու…
«Գ.»- Համազգայինը ձեր կեանքին մէջ փոփոխութիւն բերա՞ւ: Ինչպէ՞ս:
Հ.Ա.- Շնորհակալ եմ Համազգայինին, որ ինձ գտաւ, որովհետեւ Համազգայինի միջոցով ինքս իմ մէջ շատ բան գտայ. հասկացայ, որ թէկուզ մասնագիտութեամբ լրագրող եմ, բայց իմ ներսը լցուած է մշակոյթի հանդէպ սիրով, եւ ես այդ սէրը պէտք է ապրեցնեմ Համազգայինի ճամբով։ Սա ինձ համար սոսկ աշխատանք չէ, սա ինձ համար դարձել է կենսակերպ, Համազգայինն ամբողջութեամբ՝ իր նպատակներով ու դերով, տեղափոխուել է իմ մէջ եւ ինչ էլ լինի՝ միշտ կը մնայ նոյն տեղում… Այս աշխատանքը ինձ սովորեցրեց, որ կեանքում տալը աւելի կարեւոր է, քան ստանալը եւ տալն ինքը ստանալն է, որովհետեւ երբ լաւ բան ես մէկին տալիս, այն, առաջին հերթին, վերադառնում է դէպի քեզ…
«Գ.»- Հերմինէ՛, նկատելի էր, որ Արցախի վերջին պատերազմի օրերուն դուք ոչ միայն ձեր աշխատանքը չդադրեցուցիք, այլ զգալի թափով շարունակեցիք: Այդ օրերու աշխատանքը կը նկարագրէ՞ք. մղումը, մթնոլորտը, արձագանգները…:
Հ.Ա.- Արցախեան վերջին պատերազմը հեղեղի պէս էր. միանգամից թափուեց բոլորիս գլխին ու մեր գլուխները երկա՜ր ժամանակ դեռ թաց կը մնան… Չգիտեմ՝ այս կեանքում դեռ ինչ կը տեսնենք, բայց այն լուսաւոր տղաների ժպիտները մեր ամբողջ կեանքում թող դառնան ճիշդ ապրելու խորհրդանիշ, վկայ։ Եթէ գիտակցենք սա ու ամէն մէկս մեր բնագաւառում լաւագոյնս գործենք, գուցէ դեռ փրկուելու ճանապարհ կ’ունենանք… Պատերազմի օրերին գրասենեակը չդադարեց գործելուց, աշխատանքը շատ էր։ Թէկուզ ես գրասենեակի միակ աշխատողն եմ, բայց կարողացայ այդ օրերին շուրջս համախմբել այնպիսի արցախցի երիտասարդներ, որոնց միջոցով կեանքի կոչեցինք արցախցի մանուկներին ուղղուած ծրագրեր։ Մանուկների համար երբեք ծրագիր չէինք արել, մենք մեր գործունէութեան սլաքը միշտ ուղղում էինք երիտասարդութեանը, Արցախի սահմանամերձ գիւղերում մշակութային կեանքի աշխուժացմանը, բայց պատերազմի օրերին հասկացանք, որ այդ պահին երեխաներն աւելի շատ ունեն մեր աջակցութեան կարիքը։ Մանուկների մէջ է ապրում մեր ազգի ապագան եւ բոլորս պէտք է այդ ապագայի շինարարները լինենք։ «Համազգայինը արցախցի մանուկների կողքին». այս ծրագիրը մեր գրասենեակը կեանքի կոչեց Նոյեմբերի մէկից, երբ տեղահանուած մանուկները սփռուած էին Հայաստանով մէկ։ Համազգայինի Հիւսիսային Ամերիկայի եւ Քանատայի գրասենեակները կանգնեցին մեր թիկունքին եւ մինչ օրս նիւթապէս աջակցում են այդ նախաձեռնութեանը։ Կենտրոնական Վարչութիւնը մեզ թեւ է տալիս, որ աւելի եռանդուն գործենք։ Արցախցի տեղահանուած մանուկների համար Երեւանում, Դիլիջանում, Աբովեանում սկսեցին գործել արուեստի զանազան խմբակներ, յետոյ աւելացան նաեւ դասապատրաստման խմբակները։ Մեծաւ մասամբ դասաւանդում էին տեղահանուած արցախցի ուսուցիչները։ Պատերազմից յետոյ խմբակները տեղափոխուեցին Արցախ։ Այս պահին Արցախի Մաղաւուզ գիւղում ունենք երկու խմբակներ՝ ազգագրական պարի խմբակ եւ ազգային երգի. սահմանային գիւղերից մէկում՝ Մաճկալաշէնում, ունենք երկու՝ ազգագրական պարի եւ ձեռքի աշխատանքի խմբակներ, Աշան գիւղում գործում է ազգագրական պարի եւ ձեռքի աշխատանքի խմբակներ, Կաղարծի գիւղում՝ ազգագրական պարի, Ստեփանակերտում՝ նկարչութեան եւ դասապատրաստման։ Ստեփանակերտում նաեւ ունէինք ԲՈՒՀ (Բարձրագոյն Ուսումնական Հաստատութիւն) ընդունուողների համար հայոց լեզուի գիտելիքների ամրապնդման խմբակ, ինչը Սեպտեմբերից նորից կեանքի կը կոչենք։ Ընդհանուր առմամբ, մանուկներին ուղղուած այս նախաձեռնութիւնից պատերազմի օրերից առ այսօր օգտուել են շուրջ երկու հարիւր յիսուն երեխայ։ Մեր արուեստի խմբակները պատերազմի օրերին ոչ միայն հոգեւոր սնունդ դարձան երեխաների համար, այլեւ փոքրիկ արցախեան միջավայր էին, որտեղ ամէն երեխայ գալիս էր գտնելու իր դասարանցուն, իր գիւղացուն, իր ուսուցչին, շփուելու բարբառով, կարօտ առնելու, զինուելու հաւատով ու երազանքով։ Պատերազմից յետոյ էլ նոյն եռանդով գործում է ծրագիրը՝ արդէն մեզ բաժին հասած մի բուռ Արցախում։
Բացի մանուկների այս ծրագրից, գրասենեակը նաեւ շարունակում է իրականացնել տարբեր այլ մշակութային ու կրթական ծրագրեր։ Այսօր, առաւել քան երբեւէ, մեր գործունէութիւնը կարեւոր է, քանզի ներկայ մարտահրաւէրները դա են թելադրում։
«Գ.»- Արցախի գրասենեակի ծրագիրները. այս պահուն ի՞նչ կ’ընէք եւ ապագայի համար ի՞նչ կը ծրագրէք:
Հ.Ա.- Արցախի գրասենեակն այս տարուայ ընթացքում արդէն մի շարք ծրագրեր է իրականացրել։ Նախ գարնանը կեանքի կոչեցինք «Պատերազմի աչքերը» ցուցահանդէսը, այն կազմակերպուեց Երեւանի «Թերլեմեզեան» ցուցասրահում եւ նուիրուած էր արցախեան այս վերջին, դաժան պատերազմին։ Արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանը քառասունչորս օր շարունակ լուսանկարել է պատերազմը եւ այդ լուսանկարները մեծ փաստավաւերագրական արժէք ունեն։ Արցախի Համազգայինի գրասենեակի նախաձեռնութեամբ Դաւիթի հարիւր լուսանկարներ ցուցադրուեցին Երեւանում եւ մեծ հետաքրքրութիւն առաջացրին Հայաստանի եւ արտասահմանի լրագրողների շրջանում։ Առաջիկայում Ստեփանակերտում նոյնպէս կ’անենք այս ցուցահանդէսը։ Մեր գլխաւոր նպատակը այդ ցուցահանդէսը արտասահման տանելն է, եթէ հնարաւորութիւն ունենանք, որովհետեւ պատերազմի արհաւիրքը պէտք է ցոյց տանք աշխարհին։
Նաեւ կազմակերպել ենք Հադրութի շնորհալի երիտասարդներից մէկի՝ բանաստեղծ Վիտալի Պետրոսեանի «Պատերազմի Դուռը» գրքի հրատարակումը եւ շնորհանդէսը։ Վիտալիին բացայայտել էինք մինչեւ պատերազմը եւ որպէս շնորհալի բանաստեղծ, համագործակցում էինք։ Պատերազմից յետոյ նրան ընդգրկեցինք մանուկներին ուղղուած մեր խմբակներում՝ որպէս հայոց լեզուի ուսուցիչ։ Այդ ընթացքում էլ ծանօթացանք գրքին եւ կեանքի կոչեցինք հրատարակումը։ Այս գիրքը մեծ ասելիք ունի մեզ ու մեր շրջապատին։ Դա Հադրութի եւ ընդհանրապէս այն հայրենիքի պատկերն է, որ բանաստեղծը կրում է իր մէջ եւ հասու է դարձնում մեր սրտերին։
Այս տարի հրատարակել ենք նաեւ արցախցի երիտասարդ դասախօս Նանար Սիմոնեանի գրականագիտական վերլուծութիւնը՝ «Յակոբ Կարապենցի Ստեղծագործութիւնը» վերնագրով։ Գիրքը անդրադառնում է Կարապենցի գրական ժառանգութեանը եւ վերլուծում, ներկայացնում է նրա անցած ճանապարհը։ Սա կարեւոր գիրք է մեր ճեմարանների եւ առհասարակ ընթերցողի համար։
Այս օրերին նաեւ կազմակերպել ենք «Համազգայինը Արցախի Մանուկների Կողքին» նախաձեռնութեան նկարչութեան խմբակների երեխաների մօտ հարիւր նկարների ցուցահանդէս՝ «Մանկութեան Երանգներ» խորագրով։ Այն կայացել է Ստեփանակերտի մշակոյթի տանը, որին ներկայ է եղել նաեւ Արցախի ԿԳՄՍ (Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սփորթի) նախարարը եւ նուէրներ է յանձնել մեր խմբակների երեխաներին։
Ծրագրեր ու անելիք շատ ունենք։ Արցախը սպասում է մեզ ու բոլորին։
«Գ.»- Դուք նաեւ գրագէտ էք: Ձեր գիրքերը արդէն մեր ընթերցողներուն հասած եւ արժանացած են անոնց բարձր գնահատանքին: Ի՞նչն է գրելու ձեր «գաղափարախօսութիւնը» (Եթէ պայմանական ընդունինք այդ յղացքը) եւ շարժառիթը:
Հ.Ա.- Շնորհակալ եմ ընթերցողից, որ ընթերցում, գնահատում եւ նոր ուժ է տալիս ստեղծագործելու համար։ Ես միշտ նամակներ եմ ստանում ընթերցողներից եւ դա աւելի ու աւելի է աւելացնում իմ պատասխանատուութեան չափը այն գրականութեան հանդէպ, որը պէտք է ստեղծեմ։ Ես ինձ համարել ու համարում եմ սկսնակ գրող, որովհետեւ մենք բոլորս մեր ողջ կեանքում սկսնակ ենք ու մեր ամբողջ կեանքը սովորելու, կատարելագործուելու ճանապարհ է։ Այդ ճանապարհը հարթ չէ, բայց ես հաւատում եմ, որ մի օր կը հասնեմ իմ երազած գրական հանգրուանին։
Իմ գրքերը կեանքի ու ապրելու մասին են. այն մարդկանց մասին են, ովքեր ապրում են մեր կողքին, ովքեր պնդաճակատի պէս ոտքները դէմ են տուել եւ որոշել, որ պէտք է ապրեն՝ անկախ ամէն ինչից։ Իմ հերոսներից ես շատ բան եմ սովորում։ Իմ պատմուածքների հերոսները ինձ ամէն օր թելադրում են, թէ ինչպէս պէտք է քայլել դէպի լոյսը, երբ շուրջ խաւար է ու անորոշութիւն։ Ես շնորհակալ եմ իմ հերոսներին, որովհետեւ ես նրանցով գտնում եմ իմ մէջ ապրող մարդուն։ Եթէ ընթերցողն էլ իր մէջ այդ մարդուն գտնի, ապա ես կը համարեմ, որ ճիշդ եմ ընտրել իմ ճանապարհը…
Հարցազրոյցը վարեց
Մարի Մերտխանեան-Եարալեան