17 Նոյեմբերին, ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը յայտարարութիւն տարածեց, որում նշւում էր, որ ՀՀ արեւելեան սահմանագօտում, որտեղ հայկական դիրքերի վրայ նախորդ օրը՝ 16 Նոյեմբերին, լայնածաւալ յարձակում էին գործել Ատրպէյճանի ԶՈՒ ստորաբաժանումները, յարաբերականօրէն կայուն է, կրակի դադարեցման պայմանաւորուածութիւնը հիմնականում պահպանւում է։ Ըստ նոյն հաղորդագրութեան, հայկական կողմն ունի 1 զոհուած եւ 13 գերեվարուած զինծառայող։ Եւս 24 զինուորական ծառայողի հետ կապը կորել է մարտական գործողութիւնների ընթացքում, եւ նրանց ճակատագիրն այս պահին անյայտ է։ Զինծառայողների յայտնաբերման ուղղութեամբ ընթանում են լուրջ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողութեան տակ է անցել երկու մարտական յենակէտ։
Ռուսական կողմին միջնորդութեամբ ընթանում են բանակցութիւններ՝ ստեղծուած իրավիճակի հանգուցալուծման եւ գերեվարուած հայ զինծառայողների վերադարձի վերաբերեալ։

Տիրող իրավիճակում օրեր առաջ տեղի ունեցածը ամենեւին էլ անսպասելի չէր․ թշնամին տեղի ունեցածի հետ կապուած՝ հող էր նախապատրաստել նախորդ տարի 9 Նոյեմբերին ստորագրուած յայտարարութեամբ, որում առանձին կէտ կար, որը վերաբերում էր Ատրպէյճանի ու Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի ապահովման։ Հաւանաբար արտառոց հնչի, բայց իրականութիւն է․ թշնամու նկրտումներին աջակից եղան նաեւ Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչները՝ ՀՀ գերիշխանութեան տակ եղած տարածքների որոշակի հատուածներ ատրպէյճանական համարելով եւ նշելով՝ Ատրպէյճանի ու Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի ստեղծումը հաւասարակշռութեան խախտում չի ենթադրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հայկական տարածքները անուանեց նոյնիսկ ատրպէյճանական անուններով՝ Էյուազլի, Չայզամ։ Վերոնշեալ ցնորամիտ արտայայտութիւնը լսեցինք նաեւ այսօր, մասնաւորապէս՝ ՀՀ վարչապետն ԱԺ ամպիոնից յայտարարեց․ «Այդպիսի տէ-իւրէ փաստաթղթեր գոյութիւն ունեն, եւ որեւէ այդպիսի փաստաթղթով խնդրոյ առարկայ հատուածը Հայաստանի Հանրապետութեան տարածքում չի գտնուում։ Երբ մենք ասում ենք, որ երեկուայ իրադարձութիւնների թատերաբեմը Հայաստանի Հանրապետութեան տարածքն էր, մենք դա գիտենք նոյն կերպ, ինչպէս գիտենք, որ Էյվազլին եւ Չայզամին Հայաստանի Հանրապետութեան տարածք չեն»։
Միջազգային գործընկերների լիակատար աջակցութիւնն ինչպէ՞ս կարող ենք ակնկալել այն դէպքում, երբ ՀՀ վարչապետը նման յայտարարութիւն է հնչեցնում։ Ի պատասխան այս եւ նմանատիպ յայտարարութիւնների՝ մարդու իրաւունքների պաշտպանը լայնածաւալ յայտարարութիւններ է հրապարակում, որոնցում ցայտուն կերպով երեւում է թուրքամէտ այս յորջորջումների մերկապարանոց ու հնարածին լինելու հանգամանքը։ Իշխանութիւնն ամէն ջանք թափում է պատասխանատուութիւնից խուսափելու համար, աւելին՝ նոր արկածախնդրութիւնների է դիմում, հետեւաբար՝ Հայաստանն աւելի մեծ փորձանքների առաջ է յայնտնուում։
Շրջանառուող լուրերի համաձայն՝ նախատեսուում էր, որ 9 Նոյեմբերին պէտք է եռակողմ հանդիպում կայանար, սակայն այն չկայացաւ․ յստակ է, որ Նիկոլ Փաշինեանի կողմից մերժուեց այդ հանդիպման կայացումը։ Փաշինեանի կողմից սա իր գործընկեր Ալիեւի, եւ բնականաբար, նաեւ Ռուսաստանի նկատմամբ կատարուած «խախտում» էր։ Հասկանալով, որ իր վրայ կարող են ճնշումներ լինել, տուեալ ժամանակահատուածում ու իրավիճակում խուսափեց թշնամու երազ «միջանցքը» նրան յանձնելուց։
Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրութիւններին՝ պէտք է ասել՝ որոշ համայնքներում իշխանութիւնը պարտուեց․ կան համայնքներ, որոնց նորընտիր ղեկավարներն աւելի շատ արեւմտամէտ են, քան հայամէտ։ Իշխանական թիմը այդ համայքներում այս «պարտութիւնից» յետոյ իր ուսերից որոշակի բեռ թօթափեց։
Խօսելով պապշպանութեան նորանշանակ նախարար Սուրէն Պապիկեանի մասին, պէտք է արձանագրել՝ նա իր գործով, խօսքով, կեցուածքով հակառուսական է․ այսպիսով՝ Ռուսաստանի վերահսկողութիւնից դուրս գալու փորձ արուեց։ Դրա պատճառով երէկ տեղի ունեցան թշնամու կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնները։ Պաշտպանութեան նախարարի նշանակումից յետոյ կատարուած այս իրադարձութիւններն ամէնեւին էլ պատահական չէին․ պաշտպանական Մոսկուան Հայաստանի իշխանութիւններին հասկացրեց՝ սխալ քայլ է արուել՝ Պապիկեանին պաշտպանութեան նախարարի պաշտօնում նշանակելով։ Սա անպատիժ չի լինելու։ Այդ ամէնի արդիւնքում դարձեալ տուժեց ժողովուրդը․․․
Չի բացառւում, որ որոշ հայկական դիրքեր, որոնք զաւթուել են թշնամու կողմից, արեւմուտքի ճնշման տակ ետ վերցուեն, աւելին՝ արեւմուտքի օժանդակութեամբ գերիներ վերադարձուեն, այդպիսով՝ ՌԴ-ի վրայ ճնշում կը գործադրուի՝ փորձելով ցոյց տալ, որ Արեւմուտքի հետ համագործակցութիւնն աւելի արդիւնաւէտ է։ Տուեալ պարագայում դիրքերի ետ վերադարձնելն ու գերիների՝ Հայաստան վերադառնալը Փաշինեան որպէս PR է կիրառելու՝ ջանալով ցոյց տալ, թէ մենք ի վիճակի ենք առանց ռուսների օգնութեան, այս պաշտպանութեան նախարարով բանակցութիւնների գնալ ու որոշ դիրքեր էլ ետ վերցնել։

Տիրող իրավիճակում ամենեւին էլ անսպասելի չի լինի, եթէ Նիկոլ Փաշինեանը նոր փաստաթուղթ ստորագրի՝ հետո յայտարարելով, թէ դա արել է եղածը փրկելու համար։ Հնարաւոր տարբերակներից է նաեւ այն, որ Փաշինեանն իր աշխարհաքաղաքական վեքթորներն ուղղելով դէպի Արեւմուտք՝ վերջ դնելով ՌԴ-ի ու ՀՀ-ի միջեւ կնքուած որոշ փաստաթղթերի, այդ թուում՝ ՀՀ անդամակցութեանը ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին․․․ Դա Հայաստանի վրայ շատ թանկ է նստելու։ Մենք արդէն տեսել ենք, թե ինչ աւարտ են ունեցել նման փորձերը Ուքրանիայում, Վրաստանում․․․ Փաշինեանի գործը չի աւարտւում Արցախի մեծ մասը կորստեան մատնելով։ Փաշինեանը մտադիր է մինչեւ վերջ գնալ։ Ակնյայտ է՝ նա պատրաստ է անգամ Սիւնիքը թշնամուն զիջելու գնով պահել իր իշխանութիւնը։

Որպէս եզրափակում՝ պէտք է ասել՝ Նիկոլ Փաշինեանի հակապետական գործունէութեան արդիւնքում Հայաստանը կանգնել է երկու տարբերակի առջեւ.կա՛մ որպէս միութենական պետութիւն՝ Ռուսաստանի կազմում յայտնուել (այսինքն՝ այնպէս, ինչպէս Պելառուսն է յայտնուում ՌԴ-ի կազմում), կա՛մ էլ Ռուսաստանի ազդեցութիւնից դուրս գալով՝ գնալ դէպի Արեւմուտք, իսկ այդ պարագայում Հայաստանը շատ ծանր գին է վճարելու․ վերոնշեալ երկու տարբերակների կեանքի կոչման դէպքում էլ Հայաստանը պարտուելու է․․․
Գէորգ Ղազէլեան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութեան «Դիմադրութիւն» շարժման հարցերու ներկայացուցիչ