Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովը այսօր՝ Կիրակի, 30 Հոկտեմբերին, իր գումարած արտակարգ նիստին աւարտին հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

«Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր` ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպութիւնների՝ ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հեռանկարների Արցախի ապագայի հետ կապուած յայտարարութիւններն ու հնչեցուած դիրքորոշումները լուրջ մտահոգութիւն են առաջացրել Արցախում և համայն հայութեան շրջանակներում:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, արտայայտելով Արցախի ժողովրդի հաւաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատուածում ի լուր աշխարհի արձանագրել և փաստել հետեւեալը.

Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ատրպէյճանի կազմում: Հենց այս գաղափարը պէտք է լինի ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմքում:

Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ատրպէյճանին, կը հանդիսանայ միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում հայ ժողովրդի նոր ցեղասպանութեան իրագործման պաշտօնական արտոնագիր, հետևաբար նման բովանդակութեամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են:

Վերահաստատելով, որ մեր բոլոր յաջողութիւնների ու ձեռքբերումների և պետականաշինութեան առանցքային հիմքերից է հանդիսանում Հայաստան-Արցախ Սփիւռք եռամիասնութիւնը՝ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը
Կը յայտարարէ.

Հայաստանի Հանրապետութեան ո՛չ մի իշխանութիւն իրաւունք ունի
հրաժարիլ Արցախի ժողովրդի անվտանգութիւնն ապահովելու առաքելութիււնից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետութեան գոյութիւնը կասկածի տակ կը դրուի: Պահանջում ենք Հայաստանի Հանրապետութենէն ` միջազգային հարթակներում հանդէս գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնաւորապէս՝ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրը և Գերագոյն խորհրդի 1992 թուականի Յուլիսի 8-ի պատմական որոշումը:

• Կոչ ենք անում աշխարհասփիւռ հայութեան` շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի ժողովրդի իրաւունքները և շահերը տարբեր երկրներում և միջազգային ատեաններում, համակողմանի նպաստելով Արցախի Հանրապետութեան ճանաչման գործին։

Արցախի Հանրապետութիւնը կողմնակից է կայուն խաղաղութեան և, հետևաբար, նաև խաղաղութեան պայմանագրի ստորագրմանը միտուած քայլերին, սակայն Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները պէտք է վերապահումով մօտենան Ատրպէյճանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան ճանաչմանը՝ հաշուի առնելով ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան չկարգաւորուած լինելու հանգամանքը:

• Մեզ համար անընդունելի է Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը, մեր ինքնորոշման իրաւունքը և դրա իրացման փաստը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ, քանի որ այն չի արտացոլում պատմաիրաւական իրողութիւնները: Միջազգային հանրութիւնը պարտաւոր է յարգել արցախահայութեան պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին:

• Հաշուի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարութիւնը մեր
տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան ապահովման գործում և,
մասնաւորապէս, ագրեսոր Ատրպէյճանի կողմից մեզ պարտադրուած 2020
թուականի 44–օրեայ պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ Նախագահ Վ. Փութինի անմիջական և գործուն մասնակցութիւնը՝ դիմում ենք Ռուսաստանի Դաշնութեանը` Արցախի Ժողովրդի անվտանգութիւնն ապահովելու յանձնառութիւնը շարունակելու խնդրանքով: Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք հաշուի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ:

Մեր պայքարը շարունակական է, դիրքորոշումը՝ անփոփոխ և արտայայտում է աշխարհասփիւռ հայութեան հաւաքական կամքն ու ամբողջութեամբ բխում է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի 2022թ. Ապրիլի 14–ի յայտարարութեամբ նախանշուած սկզբունքներից:

30.10.2022թ.»