Վերջին ամիսներին Իրան յաճախակի է բարձրաձայնում երկրին դէմ ամերիկեան համակարգչային տարբեր  յարձակումների աշխուժացման մասին:
Գրեթէ կասկածից վեր է, որ Ուաշինկթըն-Թեհրան շահերի բեւեռացման այս փուլում կողմերը գործի են դնելու յաւելեալ եւ տարաբնոյթ լծակներ, առաջին հերթին՝ հետախուզական, խափանարարական ու համակարգչային յարձակումներ, որպէսզի յօգուտ իրենց փոխեն դէպքերի ընթացքը: Եւ այստեղ որեւէ անակնկալ կամ զարմանք յառաջացնող դրսեւորում չէր կարող լինել:
Առաւել ուշագրաւ էր այն, որ Իրան իր հետախուզական-հակահետախուզական եւ այլ բնոյթի գործողութիւնների աշխուժացման ու արդիւնաւէտութեան շնորհիւ կարողանում է չէզոքացնել եղած սպառնալիքները: Ասուածի լաւագոյն վկայութիւնն էր, երբ 20 Յունիսին Թեհրան յայտնեց Իրանի տարածքում Իրանի Իսլամական յեղափոխութեան ջոկատի կողմից ամերիկեան նաւատորմի MQ-4C Triton տեսակի ռազմավարական, հետախուզական նշանակութեան Աթս-ի խոցման մասին: Յատկանշականն այն է, որ Աթս-ն, որն իրականացնում էր հետախուզական կարեւոր առաքելութիւն, պէտք է որ զինուած լինէր հակառատարային, քօղարկման համար անհրաժեշտ ժամանակակից ճարտարագիտական միջոցներով, որն այլ կերպ յայտնի է որպէս stealth aircraft: Ասենք աւելին՝ MQ-4C Triton տեսակի ամերիկեան Աթս-ի 1 միաւորն արժէ 120 մլն. տոլար:
Ստացւում է, որ Իրան-Ամն յարաբերութիւնների ճգնաժամային այս փուլում, երբ կողմերն արդէն անցել են ուղիղ հարուածներ հասցնելու հռետորաբանութեան, եւ այնպիսի թէժ կէտում, ինչպիսին Հերմէսի նեղուցն է, թանկարժէք Աթս-ի կիրառումը պէտք է որ ունենար ռազմավարական կարեւորութիւն ներկայացնող հետախուզական առաքելութիւն: Սակայն ստացւում է այնպէս, որ ամերիկեան սարքը խոցւում է իրանական արտադրութեան Խորդադ-3 (Khordad) տեսակի զենիթահրթիռային համալիրով: Յիշեցնեմ, որ այդ համալիրները կարողանում են միաժամանակ որսալ մինչեւ 4 թիրախ՝ 27 քմ. բարձրութեան վրայ:
Ամենեւին նպատակ չունենալով թերագնահատել Իրանի՝ հրթիռաշինութեան կամ, առհասարակ, ռազմարդիւնաբերութեան բնագաւառում ձեռք բերած նուաճումները, միեւնոյն ժամանակ, դժուար էր պատկերացնել նման միջադէպ: Այդ հարցում, առաջին հայեացքից, թերեւս տեղին էր գերագնահատել համաշխարհային առաջատար Ուաշինկթընի ռազմական կարողականութիւնը: Հակառակ դէպքում մնում է միայն ենթադրել, որ գուցէ նախագահ Տանըլտ Թրամփին տրամադրուել են սխալ տեղեկութիւններ, որոնցում թերագնահատուել են Թեհրանի ռազմաճարտարագիտական կարողութիւնները:
Թերեւս անտեղի է շրջանառուող այն վարկածը, որը Ուաշինկթըն ի սկզբանէ ցանկանում էր հրահրել Թեհրանը, որպէսզի նա խայծը կուլ տայ, ջիղերը տեղի տան եւ խոցի ամերիկեան արտադրութեան սարքը: Ըստ վարկածի՝ իբրեւ թէ դա կ’ամրագրէր Իրանին ուղիղ ռազմական հարուածներ հասցնելու՝ ԱՄՆ-ի միջազգային իրաւունքը: Սակայն տեսնում ենք, որ ամերիկեան Աթս-ի խոցումից անմիջապէս յետոյ, Թրամփի շատ կտրուկ ու յարձակողական հռետորաբանութիւնը մեղմուեց յաջորդ յայտարարութիւններով: ԱՄՆ նախագահն արդէն խօսում էր, որ այդ գործողութեան հետեւում գուցէ կանգնած չէ Իրանը՝ որպէս պետութիւն, եւ որ գուցէ չի եղել նման մտադրութիւն, դա հաւանաբար, ըստ նախագահ Թրամփի, որեւէ իրանցի սպայի սխալ որոշման արդիւնք է: Սա խօսում է այն մասին, որ նշուած վարկածը, որ շրջանառւում էր որոշ փորձագիտական շրջանակներում, իսկապէս աւելին քան անհաւանական է:
Անցնենք առաջ. Յունիսի կէսերին Թեհրան յայտարարեց, որ բացայայտել է ԱՄՆ Կեդրոնական Հետախուզական Վարչութեան համակարգչային լրտեսութեան նոր ցանց եւ ձերբակալել որոշ գործակալների: Յստակեցւում էր, որ ԱՄՆ համակարգչային լրտեսութիւն ու համակարգչային յարձակումներ է իրականացրել այլ երկրներում նոյնպէս:
Յուլիսի երկրորդ կէսին Թեհրան հանդէս եկաւ ԱՄՆ Կեդրոնական Հետախուզական Վարչութեան 17 գործակալի բացայայտման ու ձերբակալութեան մասին յայտարարութեամբ: Իրանական աղբիւրների համաձայն՝ լրտեսների մի մասը դատապարտուել է մահապատժի: Այլ աղբիւրների հաղորդմամբ՝ նրանցից ոմանք արդէն ենթարկուել են մահապատժի: Իրանի հետախուզական տուեալներով՝ գործակալները վերապատրաստուել են ԱՄՆ համակարգչային յարձակումների, տեղեկութիւններ էին հաւաքագրում Իրանի ռազմավարական ու կենսական նշանակութեան նպատակակէտերի, այդ թւում՝ միջուկային ու ռազմական ձեռնարկութիւնների վերաբերեալ: Արեւմտեան վերլուծական շրջանակներում Իրանի այս յայտարարութիւնը որակեցին որպէս քարոզչական հնարք՝ ուղղուած ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին լսարանին:
Սակայն այս ամէնում առանձնացնենք երկու անչափ կարեւոր հանգամանք: Առաջին՝ մեր սահմանակից երկրի շուրջ ծաւալւում են իրադարձութիւններ, բայց առ այսօր շարունակում է անհասկանալի մնալ ստեղծուած իրավիճակում Հայաստանի դիրքաւորումը: Հարց է յառաջանում՝ նպատակայարմար չէ՞ր այդ կապակցութեամբ որեւէ դիրքորոշում յայտնել: Վերջին հաշուով, նոյնիսկ կարելի էր կողմերի միջեւ աշխուժացած այդ հետախուզական պայքարի անիւը պտտեցնել դէպի հարեւան Ատրպէյճան, որն արդէն առաջին տարին չէ, որ տրամադրել է իր տարածքը Իրանի դէմ Իսրայէլի կողմից հետախուզական գործունէութիւն ծաւալելու համար: Այդ մասին, ի դէպ, քանիցս մտահոգութիւններ յայտնել են Թեհրանում եւ անթաքոյց կերպով: Եւ եկէք չհամեմատուենք Ատրպէյճանի հետ այն առումով, որ՝ եթէ այդտեղից յայտարարութիւններ չեն հնչել, ինչու՞ մենք աչքի ընկնենք:
Եթէ հիմնուենք այն բեմագրութեան վրայ, ըստ որի՝ Իրանի միջուկային ծրագրի, միջուկային նպատակակէտերի վերաբերեալ նախագահ Թրամփին գաղտնի հետախուզական տեղեկութիւնների տրամադրման, ինչպէս նաեւ դրանց պարունակութեան հարցում անգնահատելի է իսրայէլական գործօնի դերը, ապա հայկական կողմն իսկապէս այստեղ անելիքներ ունի:
Յիշեցման կարգով ասեմ, որ 2018 թուականի Ապրիլին Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն հրապարակեց Իրանի գաղտնի՝ «ամադ» անուանումը կրող միջուկային նախագծի մանրամասները, որոնք յայտնի էին դարձել հէնց Իրանի տարածքում, եթէ չեմ սխալւում՝ բուն Թեհրանում՝ Իսրայէլի արտաքին հետախուզական ծառայութեան համապատասխան գործողութեան արդիւնքում: Այդ ժամանակ խօսակցութիւններ էին պտտւում, որ այդ գաղտնի փաստաթղթերն Իսրայէլ են տեղափոխուել տարբեր ճանապարհներով, այդ թւում՝ Ատրպէյճանի տարածքով:
Կրկին յիշեցման կարգով՝ Թել Աւիւը չի էլ թաքցնում, որ գաղտնի տուեալներ է տրամադրում Թրամփի վարչակազմին. այդ գործողութեան հանրայնացման ժամանակ Նաթանիահուն չզլացաւ նաեւ նշել, որ Իրանի գաղտնի միջուկային ծրագրի վերաբերեալ Սպիտակ տանը փոխանցուած նիւթերը ամրապնդեցին Թրամփի որոշումը՝ դուրս գալ 2015 թուականին ստորագրուած՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագրից (Joint Comprehensive Plan of Action):
Եւ այստեղ գալիս է բարձրացուած հարցի երկրորդ կողմը՝ իսկ ի՞նչ կը լինի, եթէ հակամարտող կողմերը Հայաստանը նոյնպէս սկսեն դիտարկել կամ գուցէ արդէն դիտարկում են որպէս դիմակայութեան հերթական թատերաբեմերից մէկը:
Ամենեւին նպատակ չունենալով թերագնահատել մեր հետախուզական, հակահետախուզական ծառայութիւնների առարկայականութեան բաւական բարձր մակարդակն ու հմտութիւնները՝ չմոռանանք, որ գործ ունենք համաշխարհային հիմնական խաղացողներից մէկի՝ Ուաշինկթընի, միւս կողմից՝ տարածաշրջանային տէրութիւն հանդիսացող Թեհրանի հետ:
Այս առիթով կրկին վերադառնանք Յուլիսի երկրորդ կէսին Իրանի կողմից ԱՄՆ Կեդրոնական հետախուզական վարչութեան 17 գործակալի բացայայտման ու ձերբակալութեան ճշգրիտ դէպքին: Մասնաւորապէս՝ ամսի 22-ին Իրանի հետախուզութեան նախարարութիւնը հանրայնացնում է վաւերագրական, փաստագրական ֆիլմ, որում ներկայացւում են Իրանի սահմաններից դուրս ԱՄՆ Կեդրոնական Հետախուզական Վարչութեան լրտեսների նկատմամբ իրանցի հետախոյզների գործողութիւնները:
Իսկ ամենակարեւորն այն է, որ ֆիլմում նկարահանուած գործողութիւնների ընթացքում ցուցադրւում են քատրեր, որոնք արուել են Հայաստանում:
Եթէ հիմնուենք ֆիլմի հաւաստիութեան վրայ, Իրան վերջին շրջանում աշխուժացրել է իր հետախուզական, հակահետախուզական գործունէութիւնը մերձտարածաշրջաններում, առաջին հերթին՝ Արաբական ծոցի երկրներում, Մերձաւոր Արեւելքում, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասի հանրապետութիւններում:
Դա, ըստ երեւոյթին, զարմանալի եւ անհնար մի բան չէ, հաշուի առնելով նշեալ տարածաշրջաններում Իրանի զգալի ցանցային ազդեցութիւնը: Եթէ առաջնորդուենք այս ֆիլմում ներկայացուած տեղեկութիւններով ու դրանց տրամաբանութեամբ, ապա ոչ պակաս տրամաբանական հարց է առաջ գալիս՝ ֆիլմում ներկայացուած քատրերը, որոնք արուել են Հայաստանում՝ Երեւանում, ինչպէ՞ս են ընկալւում Թեհրանում: Արդեօ՞ք հիմնաւոր է այն տեսակէտը, թէ մեր հարեւան երկրի իշխանութիւնները Հայաստանը կարող են մի պահ դիտարկել որպէս ոչ իւրային երկիր: Թէ՞ դա Թեհրանի հերթական տեղեկատուական-հոգեբանական ճարպիկ գործողութիւնն է, այս անգամ՝ ուղղուած Հայաստանի դէմ:
Սրանով չի սահմանափակւում մեր մտահոգութիւնը. կրկին հիմնուելով ֆիլմի ներկայացրած տուեալների վրայ արդեօ՞ք կարող ենք բացառել այն վարկածը, ըստ որի՝ ամերիկեան կողմը մտահոգուած է Իրանի սահմանակից երկրներում, այդ թւում՝ Հայաստանում ամերիկեան կողմի դէմ Թեհրանի հետախուզական գործունէութեան աշխուժացմամբ: Սակայն այս ամէնում ի յայտ է գալիս շատ աւելի խոր մի մտահոգութիւն, որ մեր երկիր է տեղափոխւում հակամարտող կողմերի հետախուզական պայքարը՝ դարձնելով այդ դիմակայութեան թատերաբեմ: Յամենայն դէպս, եթէ ուռճացնում ենք ստեղծուած իրավիճակը, ապա նուազագոյնը չպէտք է բացառել այդ բեմագրութիւնը:
Խօսակցութիւններ են պըտւում, որ Իրանում զգուշաւորութեամբ են մօտենում Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեանը: Գուցէ մտավախութիւն կայ, որ մեր երկրում տեղի ունեցած յեղափոխական շարժումը գունաւոր յեղափոխութիւնների տրամաբանութեան մէջ է: Եթէ շարժուենք այդ տրամաբանութեամբ, ապա Իրանում կարող են զգուշանալ, որ Հայաստանում ուժեղացել է ամերիկեան գործօնը, կամ առնուազն կայ նման բեմագրութեան զարգացման նախադրեալ:
Անդրադառնանք 10 Յուլիսին ՀՀ ջերմուժային համակարգում տեղի ունեցած տատանումներին ու դրանց հնարաւոր պատճառների հարցին: Հայկական կողմի առաջ քաշած հիմնական վարկածներից մէկով՝ յաճախականութեան ուժեղ տատանումները կարող էին պայմանաւորուած լինել Իրանի ջերմուժի համակարգում տեղի ունեցած վթարով: Խնդիրն այն է, որ Հայաստանի եւ Իրանի ջերմուժի համակարգերը համակարգուած են, հետեւաբար՝ յաճախականութեան տատանումները փոխադարձ ազդեցութիւն են թողնում:
Յիշեցնեմ, որ յաճախականութեան տատանումների հետեւանքով անջատուել էին Հրազդանի Ջէկ-ի 5-րդ պլոկը, իսկ յետոյ՝ նաեւ երեւանի Ջէկ-ը եւ աւելի փոքր կայաններ:
Խնդրի հետ կապուած փորձագիտական տարբեր հարթակներում քննարկումներ էին ընթանում, փորձում բերել միջադէպի հետ կապուած նաեւ այլ հնարաւոր բեմագրութիւններ: Առաջ քաշուած հիմնական բեմագրութիւններից մէկով՝ Հայաստանի Ջերմուժի համակարգում յաճախականութեան տատանումները դիտւում էին որպէս Իրանի կողմից խափանարարութեան հետեւանք:
Եթէ կրկին առաջնորդուենք այն տրամաբանութեամբ, որ ԱՄՆ-Իրան ճգնաժամում, ըստ Թեհրանի, Հայաստան սկսում է դիտարկուել որպէս ոչ իւրային երկիր, որտեղ աշխուժացել է ԱՄՆ համակարգչային հետախուզութեան գործունէութիւնն ընդդէմ Իրանի, ուստի այդ քայլով Թեհրան նախազգուշացնում է Երեւանը հնարաւոր վտանգների ու դրանց զսպման անհրաժեշտութեան մասին:
Յիշեցնեմ նաեւ, որ նախորդ տարուայ Յուլիսի 3-ին խոշոր վթար էր տեղի ունեցել նաեւ Ատրպէյճանի Մինգեչաուրի Ջէկ-ում, ինչի հետեւանքով Ատրպէյճան գրեթէ ամբողջութեամբ հոսանքազրկուել էր: Այդ ժամանակ նոյնպէս փորձագէտները վթարը կապում էին հնարաւոր խափանարարութեան հետ: Պատահականութիւ՞ն էր, արդեօք, այն, որ Մինգեչաուրի Ջէկ-ում միջադէպը գրեթէ համընկել էր ընդամէնը օր առաջ՝ Յուլիսի 2-ին Ատրպէյճանի կողմից նախաձեռնուած՝ զօրքերի տարբեր տեսակների մասնակցութեամբ լայնածաւալ զօրավարժութիւնների հետ: Այդ շրջանում նոյնպէս շրջանառութեան մէջ էր դրուել իրանական հետքը: Խօսւում էր այն մասին, որ կրկին ԱՄՆ-Իրան դիմակայութեան զարգացման այդ փուլում Թեհրան տրամաբանօրէն խուսափում էր իր սահմանակից հատուածներում ու երկրներում, ժողովրդական լեզուով ասած՝ սեփական քթի տակ, գործ ունենալ լարուածութեան նոր օճախի հետ: Գուցէ այդ քայլով Թեհրան նախազգուշացնում էր Ալիեւը՝ զերծ մնալ իրավիճակի հնարաւոր ապակայունացման փորձերից: Եւ այստեղ հարց է առաջանում՝ արդեօ՞ք որեւէ կապ կայ Մինգեչաուրի Ջէկ-ի ու Հայաստանի ջերմուժի համակարգում տեղի ունեցած վթարների տրամաբանութիւնում: Գրեթէ չի խօսւում, որ գուցէ երկու դէպքում էլ աշխատել է նոյն ձեռագիրը:
Գ.Մ
«Երկիր»