Երէկ ամբողջացաւ ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան ամենաողբերգական դրուագներէն մէկուն` Պաքուի հայկական ջարդերուն 30-րդ տարելիցը: 13 Յունուար 1990-ին Պաքուի հայերուն հանդէպ նպատակաուղղուած ճնշումները վերաճեցան համատարած եւ կազմակերպուած կոտորածի: Այս առիթով Արցախի Արտաքին Գործոց Նախարարութիւնը հետեւեալ յայտարարութիւնը տարածած է:
«Վանկարկելով «փա՛ռք Սումկայիթի հերոսներին», «Կեցցէ՛ Պաքուն` առանց հայերի» կարգախօսները, բազմահազարանոց ամբոխը, Ատրպէյճանի ազգային ճակատի (ԱԱՃ) գործակալներու ղեկավարութեամբ բաժանուելով խմբերի, սկսեց հետեւողական կերպով տուն առ տուն քաղաքը «զտել» հայերից: Բացառիկ դաժանութեամբ իրականացուած վայրագութիւնների եւ սպանութիւնների մասին բազմաթիւ վկայութիւններ կան:
Նրանք, ում յաջողուել է խուսափել մահից, ենթարկուել են բռնի տեղահանման: Հազարաւոր հայեր լաստանաւերով Կասպից ծովով տեղափոխուել են Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաքի նաւահանգիստ, այնտեղից էլ ինքնաթիռներով` Հայաստան եւ Ռուսաստան:
Ջարդերը շարունակուել են մի ամբողջ շաբաթ` Ատրպէյճանի իշխանութիւնների, ներքին զօրքերի եւ Խորհրդային բանակի Պաքուի բազմաքանակ կայազօրի յանցաւոր անգործութեան պայմաններում:
18 Յունուարին Պաքուում հայկական ջարդերի, ինչպէս նաեւ Շահումեանի շրջանի հայկական գիւղերի եւ Գետաշէնի վրայ յարձակումների կապակցութեամբ Եւրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձեւը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանութիւններին ապահովել Ատրպէյճանում ապրող հայերի գործուն պաշտպանութիւնը` իրավիճակին միջամտելու համար զօրք մտցնելու միջոցով:
Միայն 20 Յունուար 1990-ի գիշերը Ատրպէյճանական ԽՍՀ մայրաքաղաք մտցուեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, յաղթահարելով ԱԱՃ զինուած ջոկատների կատաղի դիմադրութիւնը, կանգնեցրին ջարդերը:
1988 թ. Փետրուարից Ատրպէյճանում իրականացուած ջարդերի, տեղահանութիւնների, էթնիկ զտումների եւ մարդկութեան դէմ այլ յանցագործութիւնների շարքում Պաքուի ջարդերը դարձան հայկական բնակչութեան դէմ իրագործուած ամենաարիւնալի զանգուածային յանցագործութիւններից մէկը: Ըստ տարբեր տուեալների` ջարդերի արդիւնքում սպանուել է 150-300 մարդ:
Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը դատապարտում է ատրպէյճանական իշխանութիւնների կողմից ցեղասպան գործողութիւնների շարունակական ժխտումը եւ դրանք իրականացնողների հերոսացումը, ինչը դարձել է Պաքուի` քսենոֆոպիայի եւ հայատեացութեան քարոզչութեան քաղաքականութեան բաղկացուցիչ մասը:
Այսօր հայերի նկատմամբ ատելութեան արմատաւորումը եւ այդ հիմքով յանցագործութիւնների խրախուսումը Ատրպէյճանում բարձրացուել են պետական քաղաքականութեան մակարդակի եւ ներթափանցել այդ երկրի հանրային կեանքի բոլոր ոլորտները` զգալի փոփոխութիւններ առաջացնելով ատրպէյճանական հասարակութեան գիտակցութեան մէջ:
Ատրպէյճանում հայերի հանդէպ ատելութեան խնդիրը հասել է այնպիսի ծաւալների, որ դարձել է տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան դէմ ուղղուած սպառնալիքների հիմնական աղբիւրներից մէկը:
Այդ բացասական գործընթացները յաղթահարելու եւ Ատրպէյճանում քսենոֆոպիայի խնդրի առաւել վատթարացում թոյլ չտալու համար անհրաժեշտ է միջազգային հանրութեան աջակցութեամբ համալիր միջոցներ ձեռնարկել, ինչը թոյլ կը տայ ատրպէյճանական հանրութեանը ձերբազատուել իշխանութիւնների կողմից արմատաւորուող մարդատեաց նորմերից եւ կոմնորոշիչներից:
Հայերի հանդէպ ատելութեան բազմամեայ քարոզչութեան պատճառով երեւան եկած բացասական երեւոյթներն արամատախիլ անելու գործընթացում կարեւոր քայլ կարող է դառնալ ատրպէյճանական իշխանութիւնների կողմից պատասխանատուութեան ստանձնումը` հայկական բնակչութեան նկատմամբ իրականացուած զանգուածային յանցագործութիւնների, այդ թուում` Պաքուի ջարդերի համար: Դա ոչ միայն թոյլ կը տայ առողջացնել իրավիճակն Ատրպէյճանում, այլեւ հնարաւորութիւն կը տայ նախադրեալներ ստեղծել տարածաշրջանում ամուր խաղաղութեան հաստատման համար», ըսուած է յայտարարութեան մէջ: