ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը հետեւեալ շնորհաւորական ուղերձը հրապարակած է Հայոց Բանակի օրուան առիթով.
ՀՀ Զինուած ուժերի կազմաւորումը հայ ժողովրդի պատմութեան շրջադարձային էջերից մէկն է, հայոց նորանկախ երկու հանրապետութիւնների սահմանների անվտանգութեան ապահովման եւ հետագայ վերելքի առանցքային գրաւականը: Անցնելով կազմաւորման մի քանի փուլեր՝ Զինուած ուժերը կրել են այն նոյն դժուարութիւնները եւ անցել այն նոյն փորձութիւններով, որոնք ապրել եւ յաղթահարել է հայ ժողովուրդը՝ վերջին երեսնամեակում: 28 Յունուար 1992_ին ՀՀ պաշտպանութեան նախարարութեան ստեղծմամբ հայոց բանակաշինութիւնն ապրեց իր շրջադարձային փուլը, մի շրջան, երբ մի կողմից կամաւորական գնդերից ստեղծուում էր կանոնաւոր բանակը, միւս կողմից ընթանում էր հայ-ատրպէյճանական արիւնալի պատերազմը: Շնորհիւ աննահանջ պայքարի՝ հայ ժողովուրդը պատուով անցաւ այդ փուլը եւս՝ Մայիս 1994_ին ազդարարելով ե՛ւ պատմական յաղթանակի, ե՛ւ բանակաշինութեան նոր փուլի մեկնարկի մասին:

Հայաստանի պաշտպանական համակարգի ստեղծումը հայոց պետականութեան հիմքերը դարձրեց առաւել ամուր, անկախութեան երթը՝ անշրջելի:

Անցնող երեսնամեակում մեզ յաջողուել է ստեղծել տարածաշրջանում հայոց քաղաքակրթական ներկայութեան առանցքային երաշխիքներից գլխաւորը՝ մարտունակ բանակը: Այս հաստատումը եւս մէկ անգամ փաստուեց 2016 թ. Ապրիլեան պատերազմով, երբ հերթական անգամ չէզոքացուեցին Ատրպէյճանի դաւադիր գործողութիւնները:

Նոր իրողութիւնների պայմաններում, երբ հայոց ազգային արժէքների դէմ նկատելի են ակնյայտ ոտնձգութիւններ, առաւելագոյն ջանքեր են անհրաժեշտ՝ զինուած ուժերը զերծ պահել նման դրսեւորումներից: Պէտք է կեդրոնացնել բոլոր ուժերը՝ թոյլ չտալու, որպէսզի զինուած ուժերը համազգային փայփայանքի արգասիքից վերածուեն կասկածելի աղբիւրներից սնուող, ազգութիւն եւ հայրենիք մերժող տեսակների գործողութիւնների թիրախի:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն իր աշխարհասփիւռ կառոյցի, ուղեկից միութիւնների եւ կազմակերպութիւնների ներուժը՝ ինչպէս Արցախեան գոյապայքարի, Ապրիլեան քառօրեայի շրջանում կամաւորական ջոկատների կազմաւորման եւ մասնակցութեան, այնպէս էլ համեմատաբար խաղաղ պայմաններում բանակաշինութեանն օժանդակելուն ուղղուած ծրագրերի տեսքով, շարունակելու է ծառայեցնել ի շահ հայրենիքի եւ հայոց բանակի:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը շնորհաւորում է համայն հայութեանը՝ Հայոց փառապանծ բանակի կազմաւորման 28-րդ տարեդարձի առիթով եւ մաղթում նորանոր յաղթանակներ:

Շնորհաւո՛ր ծնունդդ, Հայո՛ց բանակ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին
28.01.2020 թ.