Վրաստանի Սամցխէ-ջաւախք շրջանը գտնւում է շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում: Այստեղ բախւում են Ատրպէյճանի, Թուրքիայի, Վրաստանի ու Հայաստանի շահերը: Այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրութիւններ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնը, ինչը արտայայտւում է տարբեր ձեւերով: Սակայն այստեղ գլխաւոր խաղացողները վերոնշեալ չորս պետութիւններն են, որոնց նպատակները տարբեր են: Թուրքիան ու Ատրպէյճանը այլ շահեր ու ծրագիրներ ունեն Ջաւախքի նկատմամբ, Հայաստանն ու Վրաստանը՝ այլ: Չնայած, որ Հայաստանի ու Վրաստանի շահերը ընդհանուր առումով համընկնում են, սակայն ի տարբերութիւն Թուրքիայի ու Ատրպէյճանի նրանք չեն գործում միասնական ձեւով եւ դրանով յաճախ ջուր լցնում թուրք-ատրպէյճանական օրակարգի ջրաղացին:
Թուրքիան ոչ մի կերպ չի համակերպւում այն մտքի հետ, որ 1830-ական թուականներին ստիպուած էր զիջել Ախալցխայի փաշալիքը Ռուսական Կայսրութեանը: Այն մինչեւ հիմա յաւակնութիւններ ունի Աճարիայի ու Ջաւախքի նկատմամբ, բայց ի տարբերութիւն 1918 թուականի, երբ Թուրքիան բացայայտ ձեւով յարձակուել էր Սամցխէ-Ջաւախքի վրայ, հիմա Թուրքիան փորձում է այս շրջաններին տիրանալ ֆինանսական ներդրումների ու մարդկային ներհոսքի միջոցով: Սակայն չի բացառւում, որ օրերից մի օր անհաւասարակշիռ Ռեճէպ Թայիպ Էրտողանը աշխարհաքաղաքական դէպքերի բերումով որոշի զօրք մտցնել Աճարիա ու Ջաւախք: Դէպքերի նման զարգացումը այս պարագայում հետաքրքրական է թւում եւ այն այս պայմաններում քիչ հաւանական է, սակայն ոչ մէկը գիտի ինչ իրավիճակ է լինելու վաղը մեր տարածաշրջանում: Ու եթէ մենք հաշուի առնենք Թուրքիայի ռազմական յարձակողապաշտութիւնը Իրաքում ու Սիրիայում, ինչպէս նաեւ հիւսիսային Կիպրոսի բռնազաւթումը ու լարուած պահուածքը Հայաստանի նկատմամբ, ապա ամէն ինչ իր տեղն է ընկնում բացայայտելով Թուրքիայի իրական պատկերը: Նոյնիսկ Ռեճէպ Թայիպ Էրտողանը երբեք չի թաքցրել, որ յաւակնութիւններ ունի Պաթումի նկատմամբ:
Եւ ահա այս պայմաններում արդէն ուղիղ 30 տարի է ինչ Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանը արագ կշռոյթով հայաթափւում է՝ խնդիրներ ստեղծելով Վրաստանի ու Հայաստանի անվտանգութեան համար: Հետաքրքրականը այն է, որ ո՛չ Հայաստանը եւ առաւել եւս ոչ Վրաստանը չեն գիտակցում այս վտանգի հետեւանքները: Վրաստանը նոյնիսկ կարծում է, որ ինքնուրոյն կարողանալու է լուծել այս ժողովրդագրական խնդիրը, որը ստեղծուել է հայերի հեռացման հետեւանքով: Սակայն վերջին տարիների փորձը ցոյց է տալիս, որ հայաթափուած Ախալցխա քաղաքում հայերի տեղը զբաղեցրել են նոյն շրջանի գիւղերից քաղաք իջած վրացիները, ինչի հետեւանքով իրենց վրացական գիւղերն են դատարկուել: Դրանից բացի նրանց մի մասը հեռացել է Թիֆլիսից ցանկանալով ապրել մայրաքաղաքում: Վերջին տասնամեակներին, եթէ ինչ-որ ներգաղթ էլ եղել է դա կատարուել է այսպէս կոչուած թուրք-մեսխեթցիների հաշուին: Այսպիսով պէտք է փաստենք, որ շրջանը կամաց-կամաց հայաթափւում է վտանգելով իր քրիստոնէական դիմագիծը: Նոյն իրավիճակն է նաեւ Ախալքալաքում եւ Նինոծմինտայում: Ուղղակի այնտեղ գիւղերի շատ լինելու պատճառով խնդիրը այդքան աչքի չի ընկնում ինչպէս Ախալցխայում:
Ատրպէյճանը իր հերթին ամէն ջանք գործադրում է, որ Վրաստանի Քուեմօ Քարթլի շրջանում, որը սահմանակցում է Սամցխէ-Ջաւախքին, գնալով աւելանայ ատրպէյճանական բնակչութիւնը ու դրա հետ մէկտեղ իր ազդեցութիւնը: Նրանց ծրագիրը շատ պարզ է: Այստեղով իրականացւում են նրանց տնտեսական եւ փոխադրական խոշորագոյն նախագծերը, որոնք են Պաքու-Թիֆլիս-Ճէյհան եւ Պաքու-Թիֆլիս-Կարս: Թուրքիայի ու Ատրպէյճանի միջեւ փոխադրական ու ջերմուժային կապը արդէն փաստացի կայ եւ մնում է այն ամրագրել թուրքական ազգաբնակչութեան ներկայութեամբ: Իսկ հայաթափուած եւ թուրք-մեսխեթցիներով բնակեցուած Սամցխէ-ջաւախքի տարածաշրջանի վերջին հանգրուանը Թուրքիան ու Ատրպէյճանն է լինելու: Նման չարաբաստիկ բեմագրութեան իրականացման դէպքում Վրաստանը կարող է կորցնել այս գեղեցիկ շրջանը, իսկ Հայաստանը յայտնուել Թուրքիայի ու Ատրպէյճանի լիակատար շրջափակման մէջ: Այս իրավիճակում Նախիջեւանի հայաթափման ցաւալի ու վտանգաւոր հետեւանքները շատ աւելի մեղմ են թուալու քան Ջաւախքի հնարաւոր հայաթափման հետեւանքները:
2018 թուականին Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ Նոր Հայաստանի իշխանութիւնները պէտք է լաւ վերլուծեն այս տարածաշրջանում կատարուող իրադարձութիւնները եւ փորձեն անկեղծ զրոյց սկսել Վրաստանի իշխանութիւնների հետ կանխելու համար թուրք-ատրպէյճանական նենգ ծրագիրը Սամցխէ-ջաւախքի ու Աճարիայի վերաբերեալ: Դա հարկաւոր է անել ինչպէս Հայաստանի այնպէս էլ Վրաստանի անկախութեան ու ինքնիշխանութեան ապահովման համար:
Եղուարդ Այվազեան
Սամցխէ-Ջաւախքի Մետիա
Վերլուծական Կեդրոն