Առաջարկութիւններ
Արտակարգ Դրութեան Պայմաններում Իրականացման Ենթակայ Միջոցառումների Վերաբերեալ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը, շարունակելով կուսակցութեան որդեգրած ուղեգիծը եւ վերահաստատելով պետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման գործում իր կարողականութիւնը գործնականօրէն ծառայեցնելու պատրաստակամութիւնը, ներկայացնում է համավարակի պայմաններում արտակարգ դրութեան ապահովման եւ դրանից բխող հակաճգնաժամային կառավարման վերաբերեալ առաջարկութիւններ:

Իրավիճակի փոփոխութեան ընթացքում սոյն առաջարկութիւնների փաթեթը կարող է լրացուել եւ համալրուել:

Ներկայացուած առաջարկների վերաբերեալ, անհրաժեշտութեան դէպքում, կը ներկայացուեն յաւելեալ պարզաբանումներ եւ բացատրութիւններ:

Իրավիճակի գնահատում

Ամբողջ աշխարհի առջեւ կանգնած մարտահրաւէրների յաղթահարումը պետութիւններից պահանջում է խստագոյն կարգապահութեան, վճռականութեան, օպերատիւութեան պայմաններում լաւագոյն կառավարչական հմտութիւնների գործադրում եւ իրական ժամանակահատուածում բազմաթիւ, այդ թւում` ցաւոտ որոշումների կայացում:

Հարկ ենք համարում ընդգծել, որ կառավարութեան կողմից` կորոնաւիրուսի տնտեսական հետեւանքների չէզոքացման միջոցառումների նախագծում, եւ փորձագիտական շրջանակների կողմից ներկայացուող առաջարկութիւնների մեծ մասում հաշուի չեն առնւում իրավիճակի խորքային խնդիրները, իսկ շատերի մօտ առկայ են պատճառահետեւանքային շղթայի սխալ ընկալումներ:

Շրջանառուող առաջարկութիւնների զգալի մասն ունի նիւթական կամ հասարակական-տնտեսական բնոյթ եւ չի համապատասխանում գլխաւոր մարտահրաւէրին:

Դեռեւս վաղ է աշխարհի ու Հայաստանի համար COVID-19 համավարակի տնտեսական հետեւանքների ամբողջական գնահատական տալ, բայց կասկածից դուրս է, որ տնտեսական անկումն անխուսափելի է: Սակայն այժմ ժամանակավրէպ է տնտեսութեան խթանման մասին խօսելը: Չի կարելի մի կողմից մեկուսացնել հասարակութեանը, սահմանափակել տնտեսվարման որոշ տեսակներ, իսկ միւս կողմից նախաձեռնել առեւտուրի խթանման քայլեր: Այժմ հարկաւոր է ապահովել քաղաքացիների ու պետութեան անվտանգութիւնը եւ լուծել բնակչութեան առջեւ ծառացող կենսական հասարակական խնդիրները:

Հաշուի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները` Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը պէտք է գործուն քայլեր ձեռնարկի` նուազագոյնի հասցնելու քաղաքացիների եւ փոքր տնտեսվարողների ուսերին ընկնող ծանրութիւնը եւ հնարաւոր կորուստները, ձեռնպահ մնայ այնպիսի քայլերից, որոնցից հերթական անգամ կը շահեն շուկայում գերիշխող դիրքեր զբաղեցնող ձեռնարկութիւններն ու նիւթական կազմակերպութիւնները:

Համավարակի անկանխատեսելիութիւնը, մասշտապայնութիւնը ձեւաւորում են նիւթատնտեսական երկարաժամկէտ համակարգային ճգնաժամեր: Ուստի սկզբունքային է իրականացնել քայլեր, որոնք նախ երաշխաւորում են բնակչութեան անվտանգ գոյութիւնը եւ պետութեան կենսունակութիւնը: Այդ քայլերը պէտք է նախատեսուեն առնուազն մինչեւ համավարակի համընդհանուր չէզոքացումը:

Այդ պատճառով ողջ աշխարհում առաջնային խնդիրը համավարակի տեղայնացումն է, օջախների եւ հիւանդների բացայայտումը, տարածման բացառումը: Նման միջոցառումների իրականացումը յանգեցրել է ամբողջ աշխարհում տնտեսութեան շարժի դանդաղեցմանը, ուղեւորային փոխադրումների նուազեցմանը, բեռնափոխադրումների դժուարացմանը, սպառման եւ արտադրութեան ձեւաւորուած համակարգերի խախտմանը, սպառողական շուկայում նոր իրավիճակի առաջացմանը եւ տնտեսական կեանքի պարտադրուած սառեցման այլ հետեւանքների:

Այսինքն` հասարակական-տնտեսական դժուարութիւնները չունեն նիւթական կամ տնտեսական հիմք եւ շարունակուելու են այնքան, քանի դեռ գոյութիւն ունի վարակի տարածման վտանգը:

Անկանխատեսելիութիւնը եւ որոշակի ժամկէտ ներկայացնելու անհնարինութիւնը իրենց հերթին ձեւաւորում են ռազմավարական պլանաւորման հետ կապուած նոր մարտահրաւէրներ:

Քանի որ այսօր որեւէ կանխատեսում հնարաւոր չէ կատարել, ապա պետութեան կողմից իրականացուող քաղաքականութիւնը պէտք է նպատակաուղղուած լինի ռեսուրսների ամբողջական ներգրաւման միջոցով կորուստների նուազեցմանը` մինչեւ որոշակիութեան եւ կանխատեսելիութեան տարրերի առկայութիւնը:

Ներկայացուող առաջարկները վերաբերում են առաջիկայ 2 ամիսներին: Դրանց նպատակն է բոլոր ռեսուրսների առաւելագոյն խնայողութեան եւ համախմբման պայմաններում, պետութեան եւ հասարակութեան արդիւնաւէտ պաշտպանութեանն ուղղուած հիմքեր ձեւաւորելով, ստեղծել երկարատեւ դիմագրաւելու ունակ համակարգ:

Արտակարգ դրութիւն

Հայաստանում յայտարարուած է արտակարգ դրութիւն, սակայն առկայ են միայն դրա որոշ տարրեր: Ակնյայտ է, որ, վիճակի վատթարացմանը զուգահեռ, կառավարութիւնը ստիպուած է լինելու աւելի ու աւելի խստացնել պայմանները: Սակայն թէ՛ միջազգային փորձը, թէ՛ հակաճգնաժամային կառավարման սկզբունքները թելադրում են խնդրի արմատական լուծում եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացում, որոնք աւելի արդիւնաւէտ կը լինեն այսօր, քան բոլոր ուղղութիւններով իրավիճակի սրացման արդիւնքում: Յապաղումը ոչ միայն յղի է համավարակի հետագայ տարածմամբ, այլ նաեւ ժամանակի եւ ռեսուրսների անվերադարձ կորստով:

  1. Անհրաժեշտ է հէնց այսօր դադարեցնել բոլոր տեսակի ձեռնարկութիւնների եւ կազմակերպութիւնների գործունէութիւնը, բացառութեամբ` կենսապահովման օբյեկտների:

2.Սահմանափակել բոլոր ուղեւորատար Փոխադրամիջոցային ընկերութիւնների գործունէութիւնը, այդ թւում` մետրոյի եւ տաքսիների: Սահմանել որոշակի ուղերթներ, որոնք կ’իրականացուեն որոշակի ժամերի, խիստ հսկողութեան ներքոյ:

  1. Ձեւաւորել վերահսկելի մեկուսացումների մի քանի մակարդակ` ըստ բնակավայրերի:
  2. Սահմանել բացառութեան ժամեր տարեցների խնամքի, խանութներ եւ դեղատներ այցելութեան համար: Կենսապահովման կազմակերպութիւնների աշխատակիցների տեղափոխումն աշխատավայր եւ աշխատավայրից տուն պէտք է ապահովուի ձեռնարկութիւնների կամ պետութեան միջոցով:
  3. Բոլոր աշխատող ձեռնարկութիւնների աշխատակիցների համար ապահովել իրավիճակից բխող պարտադիր սանիտարահիգիենիկ պահանջներ, որոնց խախտումը պէտք է յանգեցնի վարչական կամ նոյնիսկ քրէական պատասխանատուութեան:
  4. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պէտք է տեղեկանքները եւ ծառայութիւնները տրամադրեն առցանց:
  5. Օրէնքով սահմանուած ժամկէտների բացթողումը համարել յարգելի արտակարգ դրութեան ողջ ժամկէտի տեւողութեամբ:
  6. Բանկերը եւ վարկային կազմակերպութիւնները տեղափոխել արտակարգ աշխատանքային ռեժիմի` առանց քաղաքացիների այցելութեան, սակայն ապահովելով հերթապահ խմբերի աշխատանքը եւ դրամային զանգուածի ու քարտային համակարգի անխափան գործունէութիւնը:
  7. Ազատ տեղաշարժի սահմանափակումները չեն տարածուելու յատուկ ծառայութիւնների մեքենաների վրայ:

Պետական կառավարման համակարգ, նիւթական եւ դրամավարկային քաղաքականութիւն

  1. Պետական կառավարման բոլոր մարմիններում ձեւաւորել արտակարգ դրութեան յանձնաժողովներ: Մնացած աշխատակիցները պարտաւոր են աշխատել տնից:
  2. Պարէտատան ենթակայութեան տակ ձեւաւորել տարածաշրջանային հակաճգնաժամային կառավարման կենտրոններ` կառավարման փորձառութիւն ունեցող հմուտ կառավարիչների մասնակցութեամբ:
  3. Պետական կառավարումն իրականացնել բացառիկ խնայող ռեժիմում`

-դադարեցնել այն ծրագրերի ֆինանսաւորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն,

-դադարեցնել գնումների մրցոյթների իրականացումը, բացառութեամբ այն դէպքերի, երբ դա անհրաժեշտ է արտակարգ-դրութեան պայմանների ապահովման համար,

-դադարեցնել բոլոր տեսակի պարգեւատրումները բոլոր մակարդակների պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում,

-արգելել թէ՛ պետական մարմիններում, թէ՛ ոչ պետական կազմակերպութիւններում բոլոր տեսակի գործուղումները, բացառութեամբ պարէտի յատուկ թոյլտուութեան, եթէ դա բխում է արտակարգ դրութեան իրավիճակից,

-դադարեցնել հարկային ստուգումները եւ սոյն ժամանակաշրջանում պահանջուող հաշուետուութիւնների համար սահմանել այլ ժամանակաշրջան:

4.Դադարեցնել պետական բիւջէից մասհանումները կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին: Նախաձեռնել գործող համակարգի վերանայումը, կուտակուած միջոցները վերադարձնել դրանք վճարած քաղաքացիներին եւ պետութեանը: Սահմանել քաղաքացիների հաշիւներին դրանք մուտքագրելու եւ տնօրինելու ժամանակացոյցը:

5.Դադարեցնել այն ծրագրերը, որոնք աւելի են վատացնում տնտեսվարողների եւ քաղաքացիների վիճակը, միաժամանակ նպաստելով պետական բիւջէի հաշուին նիւթական համակարգի հարստացմանը, ինչպէս, օրինակ` չհիմնաւորուած վարկաւորման խթանումը:

6.Պետական բիւջէի ծախսային քաղաքականութիւնը վերակառուցել` առաջնահերթութիւն համարելով առողջապահական ծրագրերը, ինչպէս նաեւ համավարակի կանխարգելման, բուժման եւ հեռավար աշխատանքների կատարման ու ծառայութիւնների մատուցման տեխոլոգիական նորար լուծումներին նիւթական աջակցութեան ցուցաբերումը:

  1. Ձեւաւորել բանկերի եւ վարկային կազմակերպութիւնների կողմից կազմակերպութիւններին եւ քաղաքացիներին տրամադրուած վարկերի սպասարկման` ի շահ վարկառուների յետաձգման միասնական գործելաոճ:
  2. Վերահսկել տարադրամային հոսքերը: Արգելել տարադրամի փոխանցումը կամ տեղափոխումը ցանկացած եղանակով` բացառութեամբ ռազմավարական նշանակութեան ապրանքների գնման նպատակով փոխանցումների:
  3. Տարադրամային պաշարները չվատնել դրամի փոխարժէքի արհեստական պահպանման վրայ` վտանգելով հետագայում ռազմավարական նշանակութեան ապրանքների ձեռք բերման հնարաւորութիւնը:

10.Արգելել առցանց շահումով խաղերի գործունէութիւնը եւ դրանց բոլոր տեսակի գովազդը:

11.Բոլոր պայմանագրային, իրաւական եւ այլ պարտաւորութիւնների մասով թոյլ տալ կազմակերպութիւններին եւ քաղաքացիներին փոխադարձ համաձայնութեամբ յետաձգումները, որոնք չեն կարող ենթարկուել տոյժերի կամ տուգանքների կամ ենթարկուել պետական մարմինների կողմից պատժական միջոցներու կիրառմանը: Որոշ ոլորտների համար պարէտատան կողմից կարող են սահմանուել նման յետաձգումների պարտադիր կիրառումներ:

  1. Ներկայիս մարտահրաւէրով պայմանաւորուած` նախաձեռնել պետական արտաքին պարտքի տարեկան մարումների եւ սպասարկման վճարները սառեցնելու եւ/կամ վերակառուցելու հարցի քննարկում:

Ռազմավարական պաշարներ եւ պարէնային անվտանգութիւն

  1. Յայտարարել ռազմավարական նշանակութեան մի շարք ապրանքների (ալիւր, շաքարաւազ, կարագ, ձէթ, ձու, միս եւ այլն) գների սառեցման մասին: Ցանկացած փոփոխութիւն կարող է կատարուել միայն պարէտատան թոյլտուութեամբ: Սոյն սահմանափակումը կարող է կիրառուել նաեւ այլ ապրանքների դէպքում, որոնք անհրաժեշտ են արտակարգ դրութեան պայմաններում երկրի կենսունակութիւնը ապահովելու համար: Ռազմավարական նշանակութեան ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի կառավարութիւնը:
  2. Հրատապութեան դէպքում առաջին անհրաժեշտութեան ապրանքների ու դեղորայքի վրայ կիրառել նորմաւորում:
  3. Խստօրէն վերահսկել պարէնային եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների գների չհիմնաւորուած աճը կամ վաճառքը եւ վերավաճառքը խանութներից եւ առեւտրի կազմակերպման վայրերից դուրս:

4.Գոյքագրել ռազմավարական պաշարները, արտերկրից ձեռք բերել այն պարէնամթերքը, վառելիքը, դեղորայքը, որն անհրաժեշտ է լինելու առաջիկայ վեց ամիսների համար: Նման ձեռքբերումներն իրականացնել ինչպէս բիւջէի պահուստային ֆոնդի հաշուին` պետական ընկերութիւնների միջոցով, այնպէս էլ ներգրաւելով մասնաւոր կառոյցներ եւ նրանց նիւթական հնարաւորութիւնները:

5.Գիւղատնտեսական աշխատանքների մեկնարկի այս փուլում ռեսուրսներն ուղղել գիւղմթերքների, հացահատիկային մշակաբոյսերի լայնամասշտաբ արտադրութեան կազմակերպմանը:

6.Պետական պատուերի միջոցով գիւղացիական եւ ֆերմերային տնտեսութիւններին պատուիրել որոշակի մթերքի արտադրութիւնը` 2020 թուականի ընթացքում երաշխաւորուած պետական գնման պայմանով:

7.Գարնանացանի ոռոգման ջուրը, պարարտանիւթը եւ սերմերը գիւղացիական տնտեսութիւններին տրամադրել անհատոյց` այն գիւղմթերքների արտադրութեան համար, որոնց մասով առկայ է երաշխաւորուած պետական գնում:

Հասարակական քաղաքականութիւն

1.Այն քաղաքացիները, որոնք մինչեւ արտակարգ դրութեան յայտարարումը հանդիսացել են գրանցուած աշխատող, սակայն արտակարգ դրութեան պատճառով գտնւում են պարապուրդում, ընտանիքի չաշխատող մէկ անձի հաշուարկով պետական բիւջէից կը ստանան ամսական նուազագոյն կենսապահովման գումարի չափով հատուցում: Եթէ ընտանիքում մէկից աւելի աշխատող է եղել, ապա ընտանիքի մէկ անձի հաշուարկով գումարը, միեւնոյն է, չի կարող գերազանցել վերը նշուած չափը:

2.Պետութիւնը կը քննարկի հետագայ հասարակական աջակցութեան քաղաքականութիւնը միւս հասարակական խաւերի նկատմամբ առաջին մէկ ամսուայ համապետական բժշկական մեկուսացման աւարտին` մինչեւ Մայիսը: Սա կարող է ենթադրել դրանից յետոյ այնպիսի միջոցառումների իրականացում, ինչպիսիք են`

հասարակական աջակցութեան շրջանակի ընդլայնումը,

հանրային հատուածի (ներառեալ ԿԲ) բարձր վարձատրուող աշխատակիցների աշխատավարձերի ժամանակաւոր կրճատումը` առաւելագոյն շեմի սահմանմամբ:

Փոխադրամիջոցային անվտանգութիւն

1.Գոյքագրել բեռնատար փոխադրամիջոցային ընկերութիւնների հզօրութիւնները` դրանց ներգրաւելով ռազմավարական ապրանքների ներկրմանը:

2.Ուսումնասիրել հայկական ոչ պետական օդային փոխադրողների հնարաւորութիւնները արտակարգ իրավիճակում կառավարութեան պատուերով անձնական թռիչքներ իրականացնելու հնարաւորութիւնը:

3.Դադարեցնել բոլոր տեսակի թռիչքները Հայաստանից եւ դէպի Հայաստան: Կարիքները հոգալ անձնական թռիչքներու միջոցով:

4.Սկսել ազգային փոխադրողի ձեւաւորման աշխատանքներ` օգտուելով ճգնաժամի ընձեռած` քիչ ռեսուրսով շարժակազմ ձեռք բերելու հնարաւորութիւնից: Հրաժարուել առկայ անհեռանկարային եւ երկրի շահերից չբխող քաղաքականութիւնից եւ նախապատրաստուել նոր աւիացիոն քաղաքականութեանը` թէ՛ ներքին, թէ՛ արտաքին կարգաւորման առումով:

Առողջապահութիւն

1.Մի քանի բուժհաստատութիւն ամբողջութեամբ նախապատրաստել վարակուած հիւանդներին ընդունելու համար: Բացառել բազմատեսակ հիւանդանոցներում հիւանդների տեղաբաշխումը:

2.Ներկրել երկրի առաջիկայ ամիսների կարիքների բաւարարման համար անհրաժեշտ դիմակներ, դեղեր, բժշկական պարագաներ, սարքաւորումներ, այդ թւում` արհեստական շնչառութեան սարքեր եւ այլն:

Կրթութիւն

1.Ապահովել հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագոյն կրթութեան շարունակականութիւնը:

2.Ստեղծել հանրապետական միասնական առցանց հարթակ` ապահովել կրթական հաստատութիւններում հեռավար կրթութեան միասնական մեքանիզմի կիրառումը:

Զինուած ուժեր

1.Զինուած ուժերը պէտք է անցնեն զօրանոցային ռեժիմի: Բացառել բոլոր զինուորականների, այդ թւում` պայմանագրային զինծառայողների, սպայական կազմի եւ սպասարկող աշխատակիցների այցելութիւնները տուն:

2.Զօրամասեր մուտք եւ ելք պէտք է իրականացնեն միայն սնունդ եւ այլ անհրաժեշտ պարագաներ, ինչպէս նաեւ զէնք եւ զինամթերք տեղափոխող մեքենաները, որոնց վարորդները պէտք է բաւարարեն ամենախիստ հակահամաճարակային պահանջներին:

3.Ռազմական ոստիկանութիւնը պէտք է խստագոյնս հետեւի նշուած կանոնների պահպանմանը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

24 Մարտ 2020
Երեւան