Ուղիղ 21 տարի առաջ այս օրը վախճանուեց մօրական պապս: Ես այդ ժամանակ 15 տարեկան էի եւ արդէն գիտէի, որ մարդիկ անմահ չեն: Այդուհանդերձ չէի հաւատում , որ պապս կը մահանայ: Բոլորի պապիկները կարող էին մահանալ, բայց պապս՝ ոչ: Երեւի շատերի մէջ է ապրել այս զգացումը եւ նրանց պապերի մահուան հետ փշրուել: Կեանքումս շատ շրջադարձեր են եղել, բայց երբեք այդքան խորը ներգործութիւն չեն ունեցել վրաս, որքան այդ մէկը:

Տան մեծերը գիտէին որ նա արդէն մահամերձ է, ես՝ ոչ, չէի կասկածում անգամ, որ նա շուտով ոտքի կը կանգնի: Իր տան երկրորդ յարկի գրադարանում էի, երբ լուրը բերեցին՝ «պապը մահացաւ» : Մի պահ քարացայ, յետոյ հասկացայ, որ մեծանալու հերթի մէջ եմ… Արագ իջայ ներքեւ, որտեղից արդէն լսւում էր տատիս ու միւս հարազատների ձայները, մօտեցայ նրա սենեակի բաց դրանը, եւ…այո՛, «պապս մահացել է»…: Տեսարանն ստիպեց ինձ պարտուել, դուրս մղեց մանկութիւնն իմ միջից: Այո՛, պապս կարող էր նաեւ մահանալ…

Անցած 21 տարիներին շա՜տ-շատ եմ մտորել պապիս մասին, թէեւ գիտակցական կեանքի ընդամենը 10 տարի եմ անցկացրել նրա հետ: Այդ ընթացքում մանկական նրբազգաց հոգիս շատ բան է ամբարել եւ, որպէս յետագայ մտորումների ատաղձ փոխանցել ինձ: Եւ որքան խորանում եմ այդ մտորումների մէջ, այնքան փոքրանում եմ, փոքրանում եմ  ոչ թէ մանկանալու իմաստով, այլ ինձ օղակի նման սեղմում են ծանր ապրումները, ճնշող միջավայրը: Իմ այս մտորումները կը համարուե՞ն խոստովանանք, կ’ազատե՞ն ինձ մեղաւորութեան զգացումից՝ չեմ կարող ասել, բայց որ այլեւս չեմ կարող չգրել այս ամէնի մասին՝ փաստ է:

Պապիս մասին 21 տարիների մտորումներս, խոհերս, ապրումներիս անքուն գիշերներն իմ մէջ ձեւաւորել են մի անխախտ համոզմունք. պապս իսկական մի հայ տղամարդ էր:

Չգիտեմ՝ մեզանում կա՞յ իսկական հայ տղամարդու սահմանում: Հաւանաբար մեր պատմութեան հազարամեակների ընթացքում նման սահմանումներ բիւրեղացել են, բայց չեմ ուզում իմանալ այդ մասին,- քանզի ինձ համար պապս է այդ սահամանումը:

Պապս ծնուել է Ջաւախքի ծայր հիւսիսային գիւղում: Թռեղքի լեռների հարաւային փէշին թիկնած մեր գիւղը մի տեսակ «սահմանամերձ» է. մեզանից ուղիղ գծով քիչ վերեւ աւարտւում է  Ախալքալաքի շրջանը (Ջաւախքը), եւ սկսւում են հարեւան Բորժոմի շրջանն ու Թռեղքի լեռնազանգուածները:

***

Մեծ հայրենականի տարիներին պապս եղել է ռատիստ (ռատիովար), Մորզէի այբուբենով կոդաւորուած ( Morse Code-ով –  ՅՄ) տուեալներ է հաղորդել…Ցաւօք միայն մահուանից յետոյ հասկացայ, նրա գոյնզգոյն մետալներն ինչ էին նշանակում:  Լռակեացի համբաւ ունեցող պապս քիչ էր խօսում ինչպէս պատերազմի, այնպէս էլ ուսումնառութեան տարիների մասին (աւարտել է Խ. Աբովեանի անուան Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրութեան ֆակուլտետի հեռակայ բաժինը):

Պահպանուել են նրա ուսանողական տարիներ տետրերը, խնամքով գծագրած քարտէսները, տնօրինութեան տարիների աշխատանքային բլանները, ռազմաճակատային յուշերով փոքրիկ ցուցատետրը՝ Մորզէի այբուբենով, կապաւորների շտապի զինակից ընկերների ու հրամանատարութեան՝ պապիս բնութագրող գրառումներով: Այս ամէնը լուռ վկաներն են նրա  փառաւոր անցեալի, որի մասին կենդանութեան օրօք գրեթէ ոչինչ իմացանք:

Մեր գիւղի իննամեայ դպրոցն ինձ համար այրող յիշողութիւնների աղբիւր է, որի կիզակէտում են ոչ միայն մանկութեանս յուշերը, այլեւ պապս, ով, բացի տասնամեակների մանկավարժական գործունէութիւնից, նաեւ շուրջ քառորդ դար եղել է այդ նոյն կրթօջախի տնօրէնը: Ողջ կեանքն ապրեց  հայրենի գիւղում, շուրջ կէս դար ուսուցչական աշխատանքով լոյս սփռեց իր շուրջը, մտաւորականի իր տեսակով դարձաւ արդարութեան եւ աշխատասիրութեան չափանիշ: Սիրով խնամում էր իր հիմնած այգին, հող էր մշակում, խնամում էր անասուններին…Խօսում էր միայն այն ժամանակ,  երբ չխօսելն այլեւս կը վնասէր գործին: Սակայն խօսուն էր պապիս հայեացքը. նրա խորաթափանց նայուածքը հազար խօսք արժեր:

Իմ  հայրենի գիւղում պապս ամէնուր է, եւ յիշողութեանս կինոժապաւէնով անցնում են դպրոցի՝  նրա  ճամբան, դրախտային այգին, ցանկապատի երկայնքով  շարուած բարդիների խշշոցն ու դրան շրխկոցը, մեղուանոցը, տարատեսակ գործիքները, տունն ու տնտեսութիւնը , արտերն ու ոսկի գրադարանը…

Ընթերցանութեան արուեստը սովորել եմ պապիցս: Երբ ուրիշների տանը  տեսնում էի սեղան որի վրայ գիրք չկար, շատ էի զարմանում. ես չեմ պատկերացրել տուն կամ սեղան՝ առանց գրքի, առանց քարտէսների: Պապս մասնագիտութեամբ աշխարհագրագէտ էր, բայց ապշելու աստիճանի հիմնաւոր էին նրա գիտելիքները մաթեմատիկայի, պատմագիտութեան եւ այլ ոլորտներից: Յիշում եմ թէ ինչպէս մահուանից մէկ ամիս առաջ մրցեցինք, եւ նա անկողնում իններորդ դասարանի հանրահաշուի տնային յանձնարարութիւնս ինձանից կրկնակի արագ լուծեց՝ նոյնիսկ մերժելով վերյիշել  որոշ բանաձեւեր, որոնք առաջարկեցի:

***

Մօտ երկուհարիւրամեայ պատմութիւն ունեցող մեր գիւղից տարբեր ժամանակներում եւ տարբեր պատճառներով հեռացողներէլ են եղել, սակայն մեծ մասը  հաւերժացել է գիւղի գերեզմանոցում:

Երկար, շատ երկար եմ մտորել մեր գիւղի գերեզմանոցի մասին: Այն սոսկ ննջեցեալների հանգստարան չէ…Այն մեծ խորհուրդ ունի, եւ այնտեղ ամփոփուած մեր նախնիները, որոնց թւում եւ պապս, ոչ թէ հեռացել են գիւղից, այլ, ճիշդ հակառակը, դարձել են գիւղի յաւերժական բնակիչները, յաւերժական մեծերը: նրանք հսկում են ոչ միայն գիւղի անդորրին, այլեւ գիւղացիներին, նրանց  վարքուբարքը, պահուածքը, քննում գիւղը լքելու պատճառները, լսում արդարացումները…Չգիտես  ինչու՝ ինձ միշտ թւացել է, որ մեր գիւղի ամենամեծ դատաւորները գերեզմանոցում ապրող եւ գործող մեր պապերն են: Այդ նրանք են այս յաւերժական հանգստարանը օժտել խորը իմաստութեամբ՝ միեւնոյն ժամանակ լինելով նոր կեանքի խորհրդանիշ…

Անցած տարիների իմ մեծագոյն դատաւորը եւս եղել է պապս, նա, ով հետեւում է ինձ ամէն քայլափոխիս՝ ստիպելով մտորել արածիս ու չարածիս մասին, շարունակում իր գործը՝ յարատեւութեան շունչ տալով հայրենի գիւղին, իմ մէջ անդադար բորբոքելով  հայրենի գիւղն ապրեցնելու գիտակցութիւնը: «Մահացել են» նրանք, ովքեր, ապրելով այլուր, մոռացել են իրենց առաջացման պատճառների, գերեզմանոցի «դատաւորների» գոյութեան մասին: Նրանք ապրելով՝ «մեռել են» արդէն եւ մեռցրել իրենց մէջ գիւղը, մեռցրել նաեւ գիւղն ապրեցնելու իրենց բաժին պարտքը: Սակայն պապս եւ գերեզմանոցի միւս մեծերը ապրում են՝ ապրեցնելով գիւղը նաեւ «մեռածների» փոխարէն:

Նաեւ սպասում են «մեռածների» եւ մեռնողների «յարութեանը», նրանց վերադարձին՝ պատրաստ ներելու եւ ընդունելու հարազատ հօր պէս:

Ուղիղ 21 տարի առաջ այս օրը վախճանուեց մօրական պապս: Ես այժմ 36 տարեկան եմ եւ արդէն գիտեմ, որ նա չի մահացել, այլ…ես եմ դանդաղ «մահանում»:

Ուղիղ 6 տարի է, ինչ  չեմ մտել մեր գերեզմանոցը, չեմ այցելել պապիս, չեմ քայլել նրա հետքերով: Պատճառները բնաւ չեմ ուզում քննել՝ յարգելի են, թէ ոչ, միեւնոյնն է՝ ես գնալով «մեռնում եմ»՝ մեռցնելով նաեւ գիւղն ապրեցնելու իմ բաժին պարտքը:

Իսկ պապս…նա սպասում է ինձ, իմ «յարութեանը», իմ վերադարձին՝ պատրաստ ներելու եւ յուզուելու կրկին, պատրաստ դիմաւորելու ինձ իր դրախտային այգում՝ խօսուն հայեացքովը յենուլ բահի կոթին , պատրաստ դիմաւորելու ինձ մի ողջ սենեակ զբաղեցնող ոսկեայ գրադարանում, իր մեղուանոցում, իր սիրելի դպրոցի ճամբին, իր պէս հզօր մեր սարերում, որտեղ միասին քննել ենք աշխարհի կառուցուածքը, լեռների խորհուրդը, մեր ապրելու իմաստը…

Պապս սպասում է ինձ…Ես կարօտում եմ նրան…

Պապս մեր գիւղի, մեր տեսակի, մեր հայրենիքի յարատեւութեան խորհրդանիշն է…

Պապս իսկական հայ տղամարդու, յաղթանակա՛ծ հայ մարդու օրինակ է…

 

Վահէ Սարգսեան

19 Ապրիլ 2020

 Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝  Յարութիւն Մըսրլեան