ՀՅԴ Հայ Դատի Մոսկուայի Գրասենեակը կոչ ուղղած է ռուսաբնակ մեր հայրենակիցներուն․

“Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ.

Մօտենում է Թուրքիայի կողմից Հայ Ժողովրդի դէմ իրագործուած ցեղասպանութեան 105-րդ տարելիցի ոգեկոչման օրը` 24 Ապրիլը: Այդ օրը համայն հայութեան եւ քաղաքակիրթ աշխարհի համար յիշատակւում է որպէս մարդկութեան դէմ իրագործուած ամենազազրելի յանցագործութեան դատապարտման օր: Այդ օրը մենք ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք մեր դատը` Հայ Դատը, եւ քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի չճանաչել, չի դատապարտուել եւ չի ստացել արժանի հատուցում` մենք մնալու ենք պահանջատէր:

Արտակարգ իրավիճակի պատճառով Ցեղասպանութեան 105 ամեակի բողոքի եւ ոգեկոչման միջոցառումներն այս տարի տարբերւում են նախորդներից. զանգուածային միջոցառումները, երթերն ու ակցիաներն արգելուած են, բայց մենք կարող ենք սոցիալական ցանցերի, հեռախօսազանգերի, էլեկտրօնային նամակների միջոցով տարածել մեր պահանջը մեր շրջապատում, օրուայ խորհրդի վերաբերեալ տեղեկացնել մեր ոչ հայ մտերիմներին, ընկերներին, նամակներ յղել քաղաքային եւ ռեգիոնալ կառավարման մարմիններին` յորդորելով միանալ մեր պահանջին:

Սիրելի բարեկամներ, Հայ Դատի Մոսկուայի գրասենեակն ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ռուսաստանեան կազմակերպութիւնն իր ուղեկից միութիւնների հետ կոչ է անում ապրիլի 24-ին կատարել հետեւեալ քայլերը:

1.տեղադրել անձնական լուսանկար` ցեղասպանութիւնը դատապարտող պաստառով /Ա4 չափի թղթի վրայ մուգ մարկերով ռուսերէն լեզուով գրուած/

2.նկարին աւելացնել «помню и требую» կամ այլ համապատասխան գրուածքով շրջանակ

3.Երեկոյեան ժամը 20:00֊ին միանալ համահայկական մոմավառութեանը` պատշգամբներում մոմեր վառելով կամ հեռախօսների լուսարձակումով:

4.Տարածել պահանջագիր նամակ` մեր այլազգի ընկերներին յորդորելով միանալ ոգեկոչմանն ու իրենց էջերում դատապարտել ցեղասպանութիւնը: նամակի բնաբանին տարբերակը տեղադրուած է մեկնաբանութիւններում:

  1. Նամակի բնաբանը էլեկտրօնային փոստով ուղարկել ձեր տարածաշրջանից ընտրուած պատգամաւորներին, մարզային եւ տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներին:
  2. 25 Ապրիլից սկսած տարածել Սեւրի դաշնագրի վերաբերեալ տեղեկատուութիւն` պատրաստուելով այդ կարեւոր փաստաթղթի կնքման 100-ամեակին, որը տեղի կ’ունենայ այս տարի 10 Օգոստոսին:

Սիրելի հայրենակիցներ, ընտանիքի ամդամներով, ընկերներով եւ մերձաւորներով միանալով այս ակցիային` մենք ոչ միայն աւելի հնչեղ կը դարձնենք ցեղասպանութեան դատապարտման եւ հատուցման պահանջը, այլեւ կը կատարենք սերունդների առջեւ ստանձնած մեր պարտքը եւ կը սովորեցնենք նրանց շարունակել այդ յանձնառութիւնը:

Մաղթում ենք Ձեզ առողջութիւն, յաջողութիւններ եւ անկոտրում կամք”:

ՀՅԴ Հայ Դատի Մոսկուայի գրասենեակ

ՀՅԴ Ռուսաստանեան կազմակերպութիւն

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան Մոսկուայի մեկուսի մասնաճիւղ

Հայ Օգնութեան Միութեան Ռուսաստանի կազմակերպութիւն

«Համազգային» կրթական մշակութային միութեան Ռուսիոյ կազմակերպութիւն

Հայկական մշակութային ժառանգութեան պահպանման «Դէպի Արարատ» միութիւն