ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Կրթութեան եւ Գիտութեան Մասնագիտական Ոլորտային Յանձնախումբը 2 Մայիս 2020-ին հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը.

Համավարակի պայմաններում ՀՀ կառավարութիւնը կրթութեան բնագաւառում մինչ օրս կայացրել է մի քանի որոշումներ, որոնք ՀՅԴ ԳՄ կրթութեան եւ գիտութեան մասնագիտական ոլորտային յանձնախումբը համարում է խիստ վիճարկելի:

կառավարութեան` հասարակական աջակցութեան տասնչորսերորդ ծրագրով նախատեսուած միջոցառումներն ամբողջական չեն եւ չեն համապատասխանում համավարակի առաջացրած իրական մարտահրաւէրներին:

Մասնաւորապէս.

կառավարութիւնը նախատեսում է էական ֆինանսական աջակցութիւն ցոյց տալ միայն 90 եւ աւելի բարձր մոգ ունեցող ուսանողներին: Հազարաւոր ուսանողների, ովքեր համավարակի պատճառով ֆինանսական լուրջ դժուարութիւնների առաջ են կանգնել, այս որոշումը զրկում է աջակցութիւն ստանալու հնարաւորութիւնից: Կառավարութեան նախատեսումը պարզապէս խրախուսանք է լաւ սովորողներին, որն ինքնին գնահատելի է: Սակայն ներկայ ճգնաժամային իրողութիւնը հաւասարապէս ազդել է բոլոր ուսանողների ֆինանսական դրութեան վրայ, անկախ նրանց առաջադիմութեան ցուցանիշներից, հետեւաբար պետութիւնը բոլորին հաւասարապէս աջակցելուպարտաւորութիւն ունի:

Ըստ ՀՀ փոխվարչապետի, աջակցութեան ծրագրից օգտուողների թիւը 4100 է: Չնայած սա արդէն իսկ փոքր տոկոս է կազմում ընդհանուր ուսանողների թուի նկատմամբ, սակայն անգամ այս դէպքում յստակ չէ` արդեօք դրանում ներառուած են այն ուսանողները, որոնք համապատասխան բուհերի կողմից արդէն իսկ ներառուած են արտօնութիւնների ծրագրերում:

Միաժամանակ, ինչպէս միւս ոլորտներում, այս բնագաւառում եւս Կառավարութիւնը դրդում է քաղաքացիներին աւելացնել իրենց վարկային բեռը եւ այս միջոցով լուծել խնդիրները:

Վիճարկելի եւ խնդրայարոյց են հանրակրթութեան ոլորտում ուսումնական տարին ամփոփելու եւ բուհերի ընդունելութեան կարգը սահմանելու մասին ԿԳՄՍ նախարարի յայտարարութիւնները:

Միաժամանակ, հարկ ենք համարում արձանագրել, որ բուհերի աւարտական-պետական քննութիւնների անցկացման ձեւի ընտրութիւնը ուսումնական հաստատութեանը թողնելը` ակադեմիական ազատութեան եւ ինքնավարութեան շրջանակում, ընդունելի է եւ ճիշտ:

Այնուամենայնիւ, մասնագիտական շրջանակների, շահառու կողմերի տարբեր արձագանքները հաշուի առնելով` կարծում ենք, որ խիստ տարակուսելի են ԿԳՄՍ նախարարութեան հետեւեալ մտադրութիւնները.

Տարօրինակ է, որ նախարարութիւնը, հիմնականում գոհ լինելով ուսուցման գործընթացի արդիւնքներից, որոշեց ուսումնական տարին ամփոփել մինչեւ մարտի 13-ն արձանագրուած արդիւնքներով: Սա, ըստ էութեան, նախ արժէզրկում է տրուած գնահատականը: Ընդհանուր առմամբ գոհ լինելով դպրոցներում իրականացուող հեռավար ուսուցումից, միաժամանկ որդեգրուեց այդ ընթացքում (շուրջ մէկ ու կէս ամիս) կատարուած աշխատանքի արդիւնքերը չարժեւորելու մօտեցում:

Ուսումնական տարուայ աւարտից մէկ ամիս առաջ յայտարարելով այս մասին, ինչպէս նաեւ այն, որ չեն գնահատուելու նաեւ առաջիկայ մէկ ամսուայ աշխատանքները, առաջիկայ ուսումնական շաբաթների նկատմամբ նուազեց ոգեւորութիւնը, թերահաւատ եւ անշահագրգիռ վերաբերմունք ձեւաւորուեց հեռավար ուսուցման հանդէպ: Արդիւնքում, կառավարութեան` կրթութեան ոլորտի պատասխանատուի յայտարարութիւնից յետոյ դպրոցներում հեռավար դասընթացների նկատմամբ հետաքրքրութիւնը խստօրէն նուազել է:

Առհասարակ, դպրոցական կրթութեան արդիւնաւէտութեան տեսակէտից աւարտական դասարանի համար մինչ 13 Մարտի արդիւնքներով առաջնորդուելը էական բացթողում է, որը կարող է առաջ բերել նաեւ որակական խնդիրներ:
այս իրավիճակում չի գնահատւում ուսուցիչների կատարած հսկայական աշխատանքը ոչ միայն բարոյապէս, այլեւ` ֆինանսապէս: Մինչդեռ հանրապետութեան դպրոցների մանկավարժները արժանի էին եւ արժանի են թէ՛ հաւելավճարի, թէ՛ պարգեւավճարի:

Սխալ է այս ուսումնական տարուայ կիսատ ծրագրերը յաջորդ ուսումնական պահուստային օրերի ընթացքում լրացնելու մտադրութիւնը: Նախ, որ խիստ աննպատակայարմար է մի ուսումնական տարուայ ծրագրերի ամփոփումը թողնել յաջորդ ուսումնական տարուան: Ստացւում է, որ աշակերտը այս տարուայ եւ նաեւ այս տարուայ հիմքի վրայ ձեւաւորուած յաջորդ տարուայ ծրագրերը սովորելու է զուգահեռաբար, ինչը կ’առաջացնի նիւթերի ընկալման խնդիրներ: Այս կերպ չի ապահովուում ուսումնական ծրագրերի շարունակականութիւնը: Բացի այդ` մենք չենք կարող ասել, թէ համավարակային ինչ իրավիճակ կարող է տիրել աշնանը:

Մեդալի քննութեան յետաձգումը յաջորդ ուսումնական տարում նախատեսելը, նոյնպէս խելամիտ չէ: Այս ուստարուայ մետալի յաւակնորդ շրջանաւարտներից շատերը եկող տարի կարող են լինել բանակում, արտասահմանեան բուհերում, եւ յաջորդ տարուայ շրջանաւարտների համեմատութեամբ կը լինեն ոչ հաւասար մրցակցային պայմաններում: Խելամիտ կը լինէր մետալներ տրամադրել այս տարուայ յստակեցուած չափանիշներով լաւագոյն շրջանաւարտներին (օրինակ` Հայաստանի լաւագոյն բուհեր ընդունուած այս տարուայ շրջանաւարտ լաւագոյն դիմորդներին, արտասահմանեան լաւագոյն բուհեր ընդունուած այս տարուայ շրջանաւարտներին):

Անհեռատես է բուհերի ընդունելութիւնը մէկ քննական առարկայով սահմանափակելու որոշումը: Այն լրջօրէն վտանգում է որակը եւ խիստ անարդար իրավիճակ է ստեղծում դիմորդների միջեւ: Նախարարութեան ընտրած քննական առարկան կարող է որոշ դիմորդների համար նախընտրելի լինել, իսկ որոշների համար` ոչ: Առաջարկում ենք կա՛մ մի քանի առարկաների ներգրաւմամբ մէկ քննութիւն անցկացնել, կամ` համավարակի անվտանգութեան բոլոր կանոնների պահպանմամբ կազմակերպել մէկից աւելի քննութիւններ:

Որակի պահպանման տեսակէտից խելամիտ պայման կարող է հանդիսանալ նաեւ Բուհ-երին յաւելեալ պայմաններ թելադրելը: Օրինակ` այս տարի առաջին կուրս ընդունուածներն առաջին կիսամեակի աւարտին սովորականից առաւել խիստ քննութիւն յանձնեն, որոնց արդիւնքներով համապատասխան գիտելիք ունեցողները միայն շարունակեն կրթութիւնը համալսարաններ (ընդունելութիւնն ըստ էութեան տեղափոխւում է առաջին կուրսի առաջին կիսամեակի աւարտ):

Այսպիսով, ելնելով կրթութեան ոլորտում համավարակի պայմաններից թելադրուած իրողութիւններից բխող կառավարութեան որոշումներից, գալիս ենք եզրահանգման, որ դրանք հիմնականում անարդիւնաւէտ են, եւ նուազ արդարացի:

Կարծում ենք, որ չնայած համավարակի յարուցած դժուարութիւններին, կառավարութիւնը կարող էր` տեղեկատուական տեխնոլոգիաների կիրառմամբ կրթական գործընթացն անխափանեւ առաւել արդիւնաւէտ կազմակերպել: Այն կարող էր լինել պիլոտային, որը կիրառելի կը լինէր յետագայ հաւանական նմանատիպ իրավիճակներում: Փոխարէնը կառավարութիւնը խուսափեց հիմնախնդիրը լուծելու մարտահրաւէրից, եւ, առնուազն հանրակրթութեան մասով, ըստ էութեան կէս ճանապարհին գործընթացը յայտնուել է բարձիթողի վիճակում:

ՀՅԴ ԳՄ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
02 Մայիս 2020