Աշխարհի հետ Իրանի առեւտրատնտեսական յարաբերութիւնները հնարաւորինս սահմանափակելու ԱՄՆ քաղաքականութեան լա- րուած կիզակէտը այս օրերին Իրանի եւ Վենեզուէլայի միջեւ կենսուժային առեւտուրն է, ինչն էլ Քարիպեան ծովը կարող է վերածել Թեհրանի եւ Ուաշինկթընի դիմակայութեան հերթական փուլի թատերաբեմի:
Փաստօրէն Իրանի եւ Վենեզուէլայի միջեւ առեւտրային կապն Իսլամական Հանրապետութեան վրայ ԱՄՆ-ի՝ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան հերթական թիրախն է:
Լարուածութեան նոր փուլի մեկնարկը տրուեց ընթացիկ ամսուայ սկզբին, երբ Արեւմտեան ԶԼՄ-ները յայտարարեցին, որ իրանցի մասնագէտների կողմից Վենեզուէլայի նաւթամշակման կեդրոնների վերազինման դիմաց Կարակասը Թեհրանին ոսկու ձուլակտորներով է վճարել, եւ որ այժմ էլ նման կերպ է վճարում Իրանի կողմից առաքուող վառելանիւթի դիմաց:
Այս համատեքստում ԱՄՆ-ը յայտարարեց, որ իր ռազմանաւերին գործուղում է Քարիպեան ծով, որպէսզի թոյլ չտայ Իրանին եւ Վենեզուէլային շրջանցելու սահմանուած պատժամիջոցները: Միեւնոյն ժամանակ Իրանն էլ ԱԳ նախարարի եւ քաղաքական հարցերով նրա տեղակալի մակարդակով շտապեց յայտարարել, որ դէպի Վենեզուէլա ուղղութիւն վերցրած իրանական լցանաւերի դէմ ցանկացած սպառնալիք հանդիպելու է համաչափ, համարժէք եւ վճռական պատասխանի, եւ դրա հնարաւոր հետեւանքների պատասխանատուութիւնը կրելու է Ուաշինկթոնը:
Իրանը եւ Վենեզուէլան տեւական ժամանակ է, ինչ յայտնուել են ԱՄՆ ընդհանուր պատժամիջոցների նշանակէտում: Գաղտնիք չէ, որ երկու երկրներն էլ փորձում են ընդլայնելով երկկողմ առեւտրատնտեսական յարաբերութիւնները, ինչ-որ կերպ թօթափել ամերիկեան պատժամիջոցների ճնշումը: Իրանը Վենեզուէլային ապահովում է նաւթամշակման կեդրոնների համար անհրաժեշտ սարքաւորումներով եւ վառելանիւթով, որոնց դիմաց Վենեզուէլան Իրանին վճարում է ոսկու ձուլակտորների տեսքով:
Իրանական փորձագիտական շրջանակներն ընդգծելով պատժամիջոցների ճնշման ներքոյ յայտնուած երկու երկրների յարաբերութիւնների կարեւորութիւնը նշում են, որ Թեհրանի եւ Քարաքասի միջեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնների ամրապնդումը կարող է «հակաթոյնի» ազդեցութիւն ունենալ ամերիկեան պատժամիջոցների պայմաններում, յատկապէս, երբ դրանք տեղի են ունենում փոխանակման տեսքով՝ շրջանցելով միջազգային առօրեայում ընդունուած արտարժոյթով (հիմանականում՝ տոլար) վճարումները:
Ի հարկէ նրանք շտապում են զգուշացնել նաեւ, որ վճարումների նման համակարգն ունի իր սահմանափակումը, որը հիմնականում պայմանաւորուած է Վենեզուէլայի ոսկու պաշարների սահմանափակութեամբ: Որպէս այլընտրանք նրանք առաջարկում են հետեւել չինական օրինակին, եւ վճարումների համար օգտագործել ազգային արտարժոյթները:
Յիշեցնենք, որ Չինաստանը աշխարհի ամենաաշխոյժ երկրներից մէկն է, որը գործարքները կարգաւորելու համար օգտագործում է դրամական համաձայնագրերը՝ առանց տոլարի շրջանառութեան անհրաժեշտութեան:
Գաղտնիք չէ, որ պսակաձեւ ժահրի համավարակի ֆոնին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով միջազգային կենսուժի շուկաներում կտրուկ նուազել է նաւթի եւ նաւթամթերքների պահանջարկը, գների աննախադէպ անկումը եւ առաջարկի ու պահանջարկի միջեւ հաւասարակշռութեան խախտումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաւթ արտահանող երկրների համար, որոնք ոչ միայն տնտեսական լուրջ կորուստներ են կրել, այլ, նաեւ, կանգնել են նաւթի եւ նաւթամթերքների պահեստաւորման խնդրի առջեւ:
Բացառութիւն չէ նաեւ Իրանը, որի նաւթի եւ նաւթամթերքի արտահանման ծաւալներն առանց այն էլ նուազագոյնի էին իջել ԱՄՆ պատժամիջոցների արդիւնքում:
Նման պայմաններում նաւթամթերքի արտահանումը Վենեզուէլա ոչ միայն կարող է մասնակիօրէն լուծել դրա պահեստաւորման խնդիրը, այլեւ կարող է որոշակի եկամուտի աղբիւր դառնալ Իրանի համար, որի կաթուածահար տնտեսութիւնն այս օրերին յայտնուել է չափազանց բարդ պայմաններում, ինչը կարող է ընկերային-քաղաքական լրջագոյն հետեւանքներ ունենալ երկրի եւ համակարգի համար:
Չմոռանանք, որ Իրանը եւ Վենեզուէլան երկուսն էլ մեծապէս տուժում են ԱՄՆ-ի ընդհանուր պատժամիջոցներից:
Վենեզուէլայի նաւթարդիւնաբերութեան եւ մատակարարման համակարգերը բազմաթիւ թերութիւններ ունեն, որոնք կարող են կարգաւորել իրանցի բարձր որակաւորում ունեցող մասնագէտները: Միւս կողմից ԱՄՆ-ը ձգտում է զրոյականի հասցնել արտաքին աշխարհի հետ Իրանի առեւտրա-տնտեսական յարաբերութիւնները
(ինչը, պէտք է խոստովանենք, որ մեծ հաշուով ստացուել է), իսկ Թեհրանը փորձում է ելքեր գտնել ստեղծուած փակուղային իրավիճակից: Այնպէս, որ երկկողմ յարաբերութիւնների ամրապնդումը եւ անխափան ընթացքը կենսական նշանակութիւն ունին թէ՛ Իրանի, թէ՛ Վենեզուէլայի համար:
Ներկայ դրութեամբ այս յարաբերութիւնները կարող են ժամանակաւոր փրկօղակի դեր կատարել երկու երկրների չափազանց տկարացած եւ ճգնաժամային տնտեսութիւնների համար, դառնալով ցաւազրկող միջոց, որը կարող է թմրեցնել Թեհրանի եւ Քարաքասի տնտեսութիւնների բորբոքած ջիղերը, նրանց որոշակի ռազմավարութեան հնարաւորութիւն ընձեռելով:
Հէնց այս հանգամանքն էլ խոստանում է Քարիպեան ծովը վերածել թէժ կէտի, որտեղ կարող են բախուել երեք երկրների՝ մի կողմից՝ Իրանի եւ Վենեզուէլայի, իսկ միւս կողմից՝ ԱՄՆ-ի շահերը, եթէ, ի հարկէ, Ուաշինկթընը վճռակամ լինի իր սպառնալիքները խօսքից գործի վերածելու գործում:
Արամ Շահնազարեան
Alikonline-ի պատասխանատու-խմբագիր