Հանրութիւնը այլեւս չի զարմանում քաղաքական իշխանութեան կողմից Սահմանադրութիւնն ու օրէնքները խախտելու դէպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն յամառութիւնն ու չհիմանուորուած ինքնավստահութիւնը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինեանը` անընդհատ խախտելով օրէնքները:

Հերթական փաստը շրջակայ միջավայրի նախարարի պաշտօնում օրէնքով նախատեսուած ժամկէտում թեկնածու չառաջադրելն է:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դէպքերի, երբ, խախտելով Սահմանադրութեան եւ ,կառավարութեան կառուցուածքի եւ գործունէութեան մասինէ օրէնքի պահանջները, վարչապետը չէր առաջադրում կառավարութեան անդամների թեկնածուներ` պատճառաբանելով կառավարութեան կառուցուածքի սպասուելիք փոփոխութիւնները կամ, երբ 2 Հոկտեմբեր 2018-ին  զաւեշտի հասնող վարքագծով Ազգային ժողովի բակում ազատում էր կառավարութեան անդամներին: Սա` այն դէպքում, երբ վարչապետը կառավարութեան անդամներ` նախարար եւ փոխվարչապետ, նշանակելու կամ ազատելու իրաւունք չունի: Այս իրաւունքը պատկանում է Հանրապետութեան նախագահին: Վարչապետը իրաւունք ունի ներկայացնելու առաջարկութիւններ: Ընդ որում, օրէնքով սահմանուած են առաջարկներ ներկայացնելու պարտադիր դէպքեր եւ ժամկէտներ: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինեանը: Չառաջարկելով նախարարի թեկնածու, նա փոխնախարարին վերապահեց կառավարութեան անդամի լիազօրութիւններ: Բացի այն, որ վարչապետը չունի նման իրաւասութիւն, այն փաստացի իւրացրեց նաեւ Հանրապետութեան նախագահի սահմանադրական լիազօրութիւնը: Այս պարզ կանոնի խախտումը լի է այնպիսի հետեւանքներով, որոնք յանգեցնում են քաղաքացիների, կազմակերպութիւնների եւ պետական մարմինների իրաւունքների եւ օրինական շահերի ոտնահարմանը:

Առաւել ցայտուն օրինակը 2019 թ. մշակոյթի փոխնախարար Նազէնի Ղարիբեանին նախարարի պարտականութիւնների լիազօրումն էր, ով իր հրամանով աշխատանքից ազատեց ,այ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնէ Պոակ-ի տնօրէն Կոնստանտին Օրբէլեանին: Վերջինս ստիպուած էր դատական կարգով պաշտպանել իր իրաւունքները: Դատարանը անվաւեր ճանաչեց ,նախարարի պարտականութիւնները կատարող անձիէ հրամանը, վերականգնեց նրան աշխատանքի եւ պարտադրեց պետական կազմակերպութիւններին` կատարել փոխհատուցումներ ու վճարումներ, որոնք ի վերջոյ հանրային (պետական միջոցներ էին): Այլ խօսքով, վնասը կրեց պետութիւնը: Պատկերացրէք` ի՞նչ հետեւանքների կը յանգեցնի այսպիսի նշանակումների (իսկ դրանք անցեալ տարի վերաբերում էին հինգ նախարարութիւնների) եւ դրանց հիման վրայ փոխնախարարներին վերապահուած ապօրինի լիազօրութիւնների իրականացման բոլոր դէպքերի հանրագումարը: Թւում էր այս ապօրինութեան հետեւանքը դաս կը լինի վարչապետի համար: Սակայն ոչ, նա շարունակում է նոյն յամառութեամբ եւ ոգով` իրեն համարելով Սահմանադրութիւնից ու օրէնքից վեր պաշտօնեայ: Շրջակայ միջավայրի նախարարի թեկնածու չառաջադրելով, նա շարունակում է արհամարել սահմանդրութեան եւ դրա հիման վրայ ընդունուած օրէնքի պահանջները: Այսպէս, Սահմանադրութան 131-րդ յօդուածի համաձայն վարչապետի առաջարկութեամբ` Հանրապետութեան նախագահը, փոփոխութիւններ է կատարում Կառավարութեան կազմում: ,կառավարութեան կառուցուածքի եւ գործունէութեան մասինէ օրէնքի 5-րդ յօդուածի համաձայն, վարչապետը Հանրապետութեան նախագահին, որպէս կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարութեան անդամի նոր թեկնածուին: Իսկ եթէ Կառավարութեան նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացւում, ապա վարչապետը Կառավարութեան նոր անդամի թեկնածուին Հանրապետութեան նախագահին է ներկայացնում 15-օրեայ ժամկէտում:

Շրջակայ միջավայրի նախարարի պաշտօնը թափուր է 5 Մայիս 2020-էն: Մինչեւ 21 Մայիս պէտք է ներկայացուէր նախարարի թեկնածու: Սակայն, ինչպէս տեսնում ենք, այն ներկայացուած չէ: Պարզ չէ, թէ այս ընթացքում ի՞նչ որոշումներ է կայացուել այս նախարարութեան անունից, եւ ինչպիսի՞ հետեւանքների դրանք կարող են յանգեցնել: Թերեւս ժամանակը ցոյց կը տայ: Հիմա պարզ մի քանի հարցադրում.

1.Ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինեանը արհամարում Սահմանադրութեան եւ օրէնքի պահանջները:
2.Գիտակցու՞մ է, արդեօք, նա, որ իր այս վարքագծով խեղաթիւրում է պետական կառավարման համակարգը:
3.Պատկերացնու՞մ է, արդեօք, որ այսպիսի գործողութիւնը (անգործութիւնը) իշխանութեան իւրացում, պաշտօնէական անփութութիւն կամ լիազօրութիւնների չարաշահում է:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ
01 Յունիս 2020 թ.