Վերջին երկու օրերի ընթացքում Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւ արդէն երկու անգամ յայտարարել է, որ ինքը պատրաստ է հրադադարի հաստատմանը եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների առաջադրած սկզբունքների կիրարկման:

Հասկանալի է, որ ազատագրուած տարածքների մի մասի զաւթման պայմաններում դա հաւասարազօր է լինելու տէ-ֆաքտօ վիճակը տէ-իւրէի վերածելուն: Այսինքն` մի մասը պատերազմով եմ վերցրել, մի մասն էլ ինքներդ կը տաք` որպէս Մատրիտեան սկզբունքների իրականացման առաջին քայլ, իսկ կարգավիճակի հարցն էլ կը մնայ անորոշութեան մէջ, քանի որ Հայաստան կը զրկուի այն առաջ տանելու հիմնական բանակցային լծակից` ազատագրուած տարածքներից:
Արդիւնքում ստացւում է, որ Պաքուի բռնապետը ոչ միայն չի պատժուելու իր կատարած յանցանքի համար, որը հազարաւոր կեանքեր արժեցաւ երկու կողմերին, այլ դեռ հերոսի կեցուածք է ընդունելու` սեփական ժողովրդի առջեւ:
Հասկանալի է որ նման պայմաններում այժմ էլ հայկական կողմն է հանդէս գալու հրադադարի առաջարկներն անտեսողի դերում` մինչ այդ փորձելով ետ բերել թշնամու զաւթածի գոնէ մի մասը: Բայց արդեօ՞ք դա բաւարար է` անցած մէկ ամսուայ արիւնոտ տեսաշարի արագ վերախաղարկման համար: Կարծում ենք, որ ոչ, քանի որ Ալիեւի ներկայ անհանգստութիւնը միանգամից երկու պատճառ ունի:
Առաջինը Իրանի բացայայտ ռազմական նախապատրաստութիւններն են` Արցախի հարաւում արդէն ձեւաւորուած թուրքական կիսամիջանցքի դէմ յանդիման:
Երկրորդը Թուրքիայի սադրիչ կեցուածքն է, որը հակամարտութեան գօտի զօրքեր ուղարկելու իր ցուցադրական պատրաստակամութեամբ եւ Ռուսաստանին ձեռնոց նետելով վտանգաւոր վիճակ է ստեղծում Պաքուի բռնապետի համար:
Ատրպէյճանը չի կարող շարունակել պատերազմը` Ռուսաստան- Իրան -Հայաստան- Արցախ քառանկիւնի արանքում: Ուրեմն` նա պիտի փորձի կամուրջները վերականգնել Ռուսաստանի հետ` ազատագրուած տարածքների մի մասը հետ ստանալու պայմանով: Բայց կ’ընդունի՞ արդեօք Մոսկուան «տարած հետ բերած անբախտ աղջկան», երբ վերջինս մի քանի տարի կազդուրուելուց յետոյ նորից փախչելու է իր փեսայի մօտ: Դատելով Ռուսաստանի նախագահի վերջին զգուշաւոր կեցուածքներից` կարող է նաեւ ընդունել, եթէ Հայաստանը ճիշդ չգնահատի իրավիճակը եւ չկատարի իր քայլը: Հայաստանը արագօրէն պէտք է օգտուի այն իրողութիւնից որ,
ա. Ատրպէյճան սկսելով ցեղասպանական նպատակներ ունեցող ռազմական գործողութիւններ` բացառել է երկու ժողովուրդների համատեղ կեցութեան որեւէ հնարաւորութիւն,
բ. Ատրպէյճանը մերժում է հակամարտութեան գօտի խաղաղապահ ուժերի մուտքը, իսկ Հայաստանը ընդունում է խաղաղապահներ տեղակայելու հնարաւորութիւնը, բայց չի կարող այն իրականութիւն դարձնել, քանի դեռ չի ճանաչուել Արցախի անկախութիւնը, քանի որ առկայ բանակցային ձեւաչափով պահանջւում է երկու կողմերի համաձայնութիւնը:
Ուրեմն` մնում է կատարել ընդամէնը մէկ քայլ` ճանաչել Արցախի անկախութիւնը եւ դրանով իսկ օրինականացնել իր պաշտպանութեան հարցը Ռուսաստանի, Իրանի կամ որեւէ այլ երկրի հետ լուծելու` Արցախի իրաւունքը:

Գէորգ Խուդինեան