“Արմէնփրէս”._Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան Արցախի Շուշի քաղաքէն հանդես եկած է տեսաուղերձով, ուր Արցախի նախագահը շեշտած է, որ յառաջիկայ օրերուն պէտք է բեկում մտցնել ճակատին մէջ: Արայիկ Յարութիւնեան ընդգծած է, որ կը հավատայ հայ ժողովուրդի յաղթանակին ու կոչ ուղղած է միանալու, կռուելու ու պատժելու թշնամիին: Ստորեւ կը ներկայացնենք Արցախի նախագահի ուղերձը.

«Սիրելի հայրենակիցներ, քոյրեր եւ եղբայրներ՝ Արցախում, Հայաստանի Հանրապետութիւնում և սփիւռքում ապրող իմ լաւ բարեկամներ: Ինչպէս 1992 թուականին, երբ սկսուեց մեր յաղթարշաւը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր յաղթարշաւը պայմանաւորուած է Շուշիի պաշտպանութիւնից: Թշնամին գտնուում է այստեղից ընդամէնը մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ, առաւելագոյնը՝ 5:

Եւ թշնամու գերնպատակն է գրաւել Շուշին, տիրանալ Շուշիին: Ինչպէս ասում են՝ ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Եւ ուզում եմ, որ գիտակցենք այս պահը, գիտակցենք, եւ ոչ միայն լոկ խօսքերով, այլ անմիջական մասնակցենք Շուշիի պաշտպանութեանը: Իմ կեանքում առաջին անգամ ես եղել եմ Շուշիում 1992 թուականի Մայիսի 8-ին եւ առաջիններից եմ եղել, որ մտել եմ Ղազանչեցոց եկեղեցի, համբուրել եմ խաչը: Այսօր համբուրել եմ խաչը, աղօթել եմ, մոմ եմ վառել յանուն մեր յաղթանակի: Իրականում ես հաւատում եմ, որ մենք յաղթելու ենք, իրականում ես հաւատում եմ, որ այս օրերը լինելու են բեկումնային: Դրա համար մեզ պէտք է միաւորուել, դրա համար պէտք է կռուել, դրա համար պէտք է պատժել թշնամուն: Բայց դրա համար պէտք է նաեւ ժամ առաջ հասնել Արցախ: Ի հարկէ, սա խուճապային ելոյթ չէ, հակառակը: Նորից կրկնում եմ՝ հաւատում եմ մեր յաղթանակին: Եւ օրերի ընթացքում պէտք է բեկում մտցնենք ճակատում եւ պէտք է պատժենք հակառակորդին հենց Շուշիի դարպասներում: Եկէք միաւորուենք եւ միասին կռուենք: Ի հարկէ, հասկանում ենք, գիտակցում ենք ամէն ինչ, բայց եկէք նաեւ մեր ամենամեծ առաքելութիւնը կատարենք, յանուն հայրենիքի, յանուն մեր ապագայի, յանուն մեր սերունդների: Յաղթանակը մերն է լինելու, համոզուած եղէք, ես հաւատում եմ մեր յաղթանակին»:

Արայիկ Յարութիւնեան տեսաուղերձին կից նաեւ գրառում կատարած է, որ կը ներկայացնենք ստորեւ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ատրպէյճանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակուել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամեակներով իր բնօրրանում ապրող արցախահայութեանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիւ ենք տալիս՝ բոլոր առումներով անհաւասար պայմաններում։

Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյութեանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաեւ լրջագոյն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղութեամբ՝ նպատակ ունենալով ամէն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին:

Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականութեան խորհրդանիշն է, հայ ժողովրդի յաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայութեան բաբախող սիրտն է:

Որպէս Արցախի գերագոյն գլխաւոր հրամանատար՝ եւս մէկ անգամ կոչ եմ անում՝ միացէ՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատուութիւնը»: