«Արմէնփրէս».- ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը եւ Զինեալ ուժերը ուղերձ յղած են` պատերազմի դադարեցման առնչութեամբ:
ՀՀ ՊՆ պաշտօնական կայքին հրապարակուած ուղերձը հետեւեալն է.
«Սիրելի հայրենակիցներ
27 Սեպտեմբերին Արցախի դէմ սանձազերծուեց պատերազմ, որն աննախադէպ էր` ներգրաւուած ուժերի, միջոցների, սպառազինութեան քանակի ու տեսակի առումով: Այն աննախադէպ էր նաեւ այն տեսանկիւնից, որ մեր բանակը, փաստացի, կռւում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինուած ուժերի, այլեւ Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցութեան եւ լիարժէք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիւանագիտական աջակցութեան, ինչպէս նաեւ մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դէմ:
Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարաւորն ու անհնարինը` հակառակորդին դիմագրաւելու համար: Հայկական բանակի ամէն մի զինուոր, սպայ ու գեներալ Հայրենիքի պաշտպանութեան համար արեց առաւելագոյնը` անմնացորդ նուիրուելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիւ հերոսական պատմութիւններ: Այս պատերազմը մեզանից խլեց մեր լաւագոյն որդիներին, որոնց յիշատակը յաւերժ կը մնայ բոլորիս սրտերում` որպէս մեր ժամանակների իրական հերոսների:

Ձեզանից իւրաքանչիւրը պէտք է վստահ լինի, որեւէ մէկի մօտ կասկածի նշոյլ անգամ չպէտք է լինի, որ մեր բանակն արել է հնարաւորն ու անհնարինը: Մենք եւս մէկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինուորներ, սպանէր ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկեան անգամ մտածելու իրենց կեանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանութեան համար:

Բայց ժամանակն է դադարեցնել արիւնահեղութիւնը: Հայաստանի, Ռուսիոյ եւ Ատրպէյճանի քաղաքական ղեկավարութիւնները եկել են համաձայնութեան, որի բովանդակութեանն արդէն ծանօթ էք: Պատերազմը լիարժէք չի աւարտուել, եւ մարտական գործողութիւններն Արցախում դեռեւս շարունակուում են: Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք եւ պարտաւոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան որոշումները, որոնք կայացուել են իրադրութեան բազմակողմանի վերլուծութեան եւ գնահատականի հիման վրայ: Մենք պարտաւոր ենք կանգնեցնել արիւնահեղութիւնը: Մենք պարտաւոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինուորական պատուով, հողին յանձնել: Մենք պարտաւոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցաւն ու բուժել վիրաւորների վէրքերը: Մենք պարտաւոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առաւել ամրացնել այն` վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի: Մեր անելիքները չափազանց շատ են: Պատերազմն աւարտուում է: Բանակն իր անելիքն արել է եւ շարունակելու է անել անմնացորդ:
Կոչ ենք անում զերծ մնալ գործողութիւններից, որոնք կարող են խարխլել պետականութեան հիմքերը եւ, դասեր քաղելով գործած հնարաւոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»: