3 հոգով վայենկոմատից (զինուորագրութեան կեդրոն)  տեղափոխուեցինք զօրամաս: Մութ էր. գրանցուելուց, զէնք-զինամթերք ստանալուց յետոյ, տեղաւորուեցինք դահլիճում, որտեղ մօտ 20-25 պահեստազօրայիններ կային: Յատակին դօշակներ էին փռուած… զէնքներիս հետ «ծանօթանալուց» յետոյ, քաշած օղու, մի կտոր հացի շուրջ սկսուեց ծանօթութիւնը: 2 մարզից էինք, մեզնից առաջ եկածները 3 օր էր, ինչ այստեղ էին…
Կենացներից, հարցուփորձից, անուններ փոխանակելուց յետոյ, տեղաւորուեցինք մեր նոր անկողիններում՝ բուշլաթներիս տակ ու չհասկացանք՝ քնեցի՞նք, թէ ոչ…
Սպասում էինք համալրման…մեզ փոխանցեցին ջոկերի կազմն ու իւրաքանչիւրիս պարտականութիւնը: Աւագի եւ ապահովման ջոկի հրամանատարի պարտականութիւնները պարտաւորեցնող էին եւ փորձում էի անձեւութեանն ինչ-որ ձեւ հաղորդել, որ ինչ-որ բանով զբաղուենք, գոնէ ժամանակին գնանք ճաշարան, կապ պահենք զօրամասի սպաների հետ, հասկանանք՝ ի՞նչ է սպասւում…
3 խնդիր շատ էր յուզում՝ ովքե՞ր են լինելու մեր հրամանատարները, տանելու՞ են արդեօք կրակելու, զէնքերներս փորձարկելու եւ ի՞նչ մարտական խնդիր է դրուելու մեր առջեւ՝ արդեօք մեր «հագո՞վ» է լինելու այդ խնդիրը, թէ…
Անիշխանութեան մատնուելու վախը ստիպում էր մեր մէջ փնտռել մէկին, որը կարող էր ստանձնել հրամանատարի պարտականութիւնները. խօսակցութիւնները շատ էին, որ մարտի դաշտում, ՄՈՊ-ի մարտիկները յայտնւում են «ազատ անկման» մէջ՝ մնում առանց հրամանատար ու առանց մարտական խնդրի եւ… եւ հետ էին գալիս կա՛մ զօրամաս, կա՛մ իրենց վայենկոմատներ (զինուորագրութեան կեդրոն)…
Ես ինձ տեսնում էի աւագի եւ հրամանատարի թեկնածուին առաջարկողի դերում, այլապէս գործընթաց չէր լինի եւ կը մատնուէինք խուճապի:
Հրաման եղաւ՝ շարուել… զօրավարի խօսքը անշուք էր՝ աւելի շատ փախածների մասին, քան կռուողների, բայց մեզ յուզում էր հրաձգարան գնալու հարցը: Զօրավարը խոստացաւ յաջորդ օրը կազմակերպել…
Տղաների մէջ կար մէկը, որը սերժանտ (զինուորական կոչում) էր եւ ղեկավարի ձիրք ունէր, մօտեցայ եւ ասացի մտադրութիւնս, որ իրեն եմ առաջարկելու, որպէս հրամանատար, եթէ սպայ չնշանակեն…
Օրուայ ընթացքում ծանօթացայ մեր հետի մայորին. հպարտ, բանիմաց, ինքնավստահ սպայ էր, լսեցի գլխին եկածը, առաջարկեցի՝ ինքը ստանձնի մեր հրամանատարութիւնը: Պատասխանեց՝ սիրով, բայց պէտք է նշանակեն…
Կառավարման 22-ամեայ փորձառութիւնս թելադրում էր նախապատրաստուել փորձութիւնների. անհրաժեշտ էր, նախ, ապահովման ջոկի տղաների հետ ծանօթանալ, նախապատրաստութիւնները տեսնել: Առաջինը բուժակին գտայ, յետոյ՝ կապաւորին, վարորդներին…
Բուժակի համար անհրաժեշտ բժշկական միջոցներ ու դեղորայք հաւաքեցինք: Կապաւորին ասել էին՝ գնալուց, կամ մարտի դաշտում կապի միջոցներ կը տանք, վարորդներին յուզում էր՝ իրենց մեքենայ կը վստահե՞ն, ասացի՝ հիմա յոյսներդ կտրէք…
Յաջորդ օրը, ճաշից յետոյ հրաման եղաւ՝ շարուել: Շարուեցինք ու… ամէն ինչ խառնուեց: Ակնյայտ էր՝ հրաձգարան չէինք գնում եւ այլեւս կարեւոր չէ, ով որ ջոկից է… 2 աւտոպուս՝ Կամազով, խառնուած երկու դասակային կազմերով՝ ընդհանուր 54 հոգի, սլացանք հարաւային ուղղութեամբ: Մինչեւ տեղաւորուելը՝ վաշտի հրամանատար ներկայացրեցին ծանօթ մայորին, իսկ մեր դասակի հրամանատար ներկայացրեցին մի կապիտանի՝ որպէս փորձառու մէկի, ով բազմաթիւ անգամ եղել է առաջնագծում:
Ու անծանօթների վաշտը, տարօրինակ զգացումներով, սլացաւ մարտի դաշտ, հասկանալով, որ մարտական առաջադրանքը ամենա-ամենայ առաջնագծում հակառակորդի հետ բախումն էր…
Բոլորը մոռացան, որ երկար ժամանակ է զէնք չեն գործածել, ես ինքս 23 տարի մարտական զէնք չէի բռնել, բայց արդէն կարեւոր չէր, կարեւորն առջեւի թշնամին էր, վաշտի՝ կիսաանծանօթ, բայց արդէն հարազատ թուացող մարտիկները, որոնք իրար փորձում էին ոգեւորել, վստահեցնել, որ ընկածներին չպիտի թողենք ու նման այլ բաներ… քչերն իրար անունով գիտէին, բայց դա էլ արդէն կարեւոր չէր…
Անծանօթների վաշտը ակամայից վերածուեց մարտական ընկերութեան, որտեղ փնտռւում ու ակնկալւում էր փոխվստահութիւն…։
(Շարունակելի)
Արտակ Սարգիսեան