«Ապառաժ».-Արցախի Ժողովրդավարական կուսակցութեան նախագահ Աշոտ Ղուլեանի ելոյթը ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու խորհրդաժողովին ընթացքին.
«Շատ ուրախ եմ հերթական հանդիպման առիթով եւ ուզում եմ  բոլորիդ ողջունել այստեղ` Ստեփանակերտում: Երբ որ տարիներ առաջ էլի նոյն առիթով հանդիպել էինք, մենք ուրախալի շատ առիթներ ունէինք եւ սովորաբար կիսւում էինք մեր յաջողութիւններով, այս անգամ ուրիշ է մեր տրամադրութիւնը, բայց շատ կարեւոր է, որ շարունակում ենք այս հանդիպումներն Արցախում, շարունակում ենք մեր գործունէութիւնը, նաեւ գնահատականներ տալ այստեղ` Արցախի հողում, որովհետեւ այստեղ մեր քննարկումները յուշում են  շատ կարեւոր հեռանկարի մասին, թէ ինչպիսին պէտք է լինի ապագան, յանուն որի դուք, մենք, ամբողջ հայութիւնը պայքարել է երեսուն տարիներ ի վեր, որ այսօր ունի ոչ ուրախալի հանգրուան, բայց յանուն որի պատրաստ ենք շարունակել մեր պայքարը: Այս դահլիճում բազմաթիւ անգամներ մենք խօսել ենք, եւ այս դահլիճում  բազմաթիւ հանդիպումներ են եղել Հայ Դատի  գրասենեակների միջնորդութեամբ եւ ուղեկցութեամբ` օտարերկրեայ պատուիրակութիւնների, խորհրդարանական: Ամէն անգամ  ստացուել է այն հանրայայտ իրազեկման աշխատանքը, որ կապուած է Արցախի հիմնախնդիրը օտարների համար բացելու, փակագծերը բացելու, նաեւ նրանց այստեղի իրականութիւնը ներկայացնելու հետ:
Ին՞չ է տեղի ունեցել  մեր կեանքում 2020 թուականի աշնանը. դա ոչ միայն Արցախում ապրողների, այլեւ ամբողջ հայութեան համար մեծ փորձութիւն էր, որից մենք կարծես թէ դուրս ենք եկել, բայց այն կորուստները, որ մենք ունեցել ենք, մէկ տարի անց էլ ստիպում են շատ երկար մտածել ամէն ասուած խօսքի վրայ: Մենք պէտք է շատ լուրջ մտածենք այն թերութիւնների, բացերի մասին, որ հիմք են տուել 2020 թուականի աշնանը պատերազմը ձախողելու: Բազմաթիւ սխալների, ձախողումների մասին դուք էլ գիտէք, մենք էլ գիտենք, բայց քանի ողջոյնի խօսքի իրաւունքով եմ ես այստեղ, չեմ ուզում երկարեցնել:
Ուզում եմ մի կարեւոր հանգամանք անպայման նշել. այն ժամանակաշրջանում, այն տարիներին, երբ մենք վերելքի վրայ էինք, երեւի անհրաժեշտութիւն կար, որ մենք միասնական դիրքորոշում արձանագրէինք եւ դրանից ոչ մի քայլ հետ պահանջ ներդնէինք: Անկախ քաղաքական փոփոփութիւններից, անկախ արտաքին քաղաքական կանիկտուրայից, արտաքին ազդեցութիւններից` Ղարաբաղի հիմնախնդրի կագաւորման նշաձողն այսպիսին է,  եւ ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի քաղաքական անձ չի կարող դրանից յետնահանջ ունենալ: Հիմա շատ դժուար է այդպիսի գծեր գծելը, որովհետեւ ցանկացած քաղաքական  ուժ իր ձեւով է բացատրում, ցանկացած քաղաքական գործիչ կարող է նաեւ իր առանձնայատկութիւնները մտցնել, բայց ընդհանուր առմամբ, ի հարկէ, մենք շատ լաւ գիտենք` այն պահանջը, այն խնդիրը, որ մենք ունենք: Այստեղ համազգային ընդհանուր օրակարգի շուրջ բոլորս էլ  միասնութեան մասին ենք խօսում, բայց այսօր շատ դժուար է դա իրականացել, որովհետեւ այսպիսի շեղումներ արդէն մենք տեսնում ենք, որ ակնյայտ են:
Այս պայքարի առաջնագծում բոլոր նախորդ տարիներին միշտ էլ զգացուել է  Հայ դատի յանձնախմբերի եւ գրասենեակների գործունէութիւնը, եւ այսօր այստեղ դահլիճում ներկայ անձանց հետ մենք նաեւ տարբեր մայրաքաղաքներում ենք հանդիպել` եւ՛ Ուաշինկթընում, եւ՛ եւրոպական տարբեր մայրաքաղաքներում, եւ՛, ինչպէս արդէն նշեցի, տարբեր պատուիրակութիւնների հետ դուք եղել էք Արցախում, վստահ եմ` ամէն անգամ հպարտութեան զգացումը միշտ եղել է ձեզ հետ, որովհետեւ մենք միասին կարողացել ենք ստեղծել հայկական երկրորդ հանրապետութիւնը: Եւ այն իրավիճակում, որի մէջ մենք գտնւում ենք այսօր` հաշուի առնելով 2020-ի աղէտաբեր պատերազմը, վստահ եմ, որ բոլորիս մտքում էլ այդ վերլուծութիւնը կատարւում է, ինքս ինձ համար  այդ վերլուծութիւնը կատարել եմ հետեւեալ կերպ, եւ մենք յաճախ մի քանի  քաղաքական ուժերով Արցախում փորձում ենք դրա շուրջ  խորհրդատուութիւններ անցկացնել, մեր մտքերը ժողովել, երբեմն նաեւ Հայաստանի մեր գործընկերների հետ, ովքեր որ շահագրգռուած են:
Մեր վիճակում գտնուող երկրների համար այսօր շատ կարեւոր երկու ուղղութիւն կայ, որի  շուրջ մենք անպայման պէտք է կարողանանք իրար հաւաքել եւ տարբեր գաղափարներով սնուցել, դա անվտանգութիւնն է եւ դիւանագիտութիւնը, դա բանակն է, արտաքին կապերն են, եւ քանի որ այստեղ նոյնպէս մենք ունեցել ենք շատ յաջողուած օրինակներ, քանի որ մենք ունեցել ենք յաղթանակներ, արդէն գիտենք, թէ ինչ է այսօր պակասում մեր անվտանգութեան  համակարգին, ինչով է պէտք համալրուել արտաքին քաղաքական  կապերի մէջ, եւ այս իրողութիւնները մեզ  ստիպում են, որ կարողանանք նաեւ այստեղ որոշակի քաղաքական կոնսուլտացիաների արդիւքում գտնել այն ճիշդը կամ առանցքը, որի շուրջ կարելի է միաւորուել: Ցաւօք, ինչու եմ այս երկու ուղղութիւնները առանձնացնում, որովհետեւ այս երկու համակարգերում էլ մենք լուրջ խնդիրներ ունենք, եւ խօսքը ոչ այնքան եւ ոչ միայն այս ոլորտներում կադրային հարցերի մասին է (որպէսզի յետագայում շահարկումներ չլինեն), այլ այս ուղղութիւններում այսօրուայ պահանջներին համապատասխան, ներկայ կացութեանը համարժէք եւ այսօրուայ ճիշտ հաշուարկուած եւ համաձայնեցուած ծրագրերի մասին է   խօսքը: Ծրագրեր, որոնք պէտք է մեզ օգնեն եւ՛ անվտանգութեան պաշտպանութեան համակարգում, եւ՛ դիւանագիտութեան, արտաքին կապերի համակարգում կարողանալ իրար գումարել ազգի ներուժը, եւ հէնց այստեղ է, որ մենք այսօր զգում ենք` պետութեան, պետականութեան մասնակցութիւնը այնքան էլ ազդեցիկ չէ, շատ կարեւոր է, որ այն համազգային ուժը, որը մենք ունենք ի դէմս Հայ Դատի գրասենեակների եւ յանձնախմբերի, կրկնապատկեն իրենց գործունէութիւնը: Այնպէս որ, սպասումները ձեզնից աւելի շատ են, քան եղել են նախկինում, հետեւաբար մէկ անգամ եւս բոլորիդ ողջունելով` ես ձեզ բոլորիդ առողջութիւն եմ ցանկանում եւ յաջողութիւններ այն մեծ գործի ուղղութեամբ, որ մեզ բոլորիս  է սպասւում: Շնորհակալութիւն»: