2021 թուականի Դեկտեմբերի 24-ին, մեր պատուիրակութիւնը դուրս եկաւ Երևանից և ուղեւորուեց Թիֆլիս, որտեղից չուերթով մեկնեցինք Իսթանպուլ: Այնտեղ մնացինք մօտ տասը ժամ, շրջագայեցինք Իսթանպուլում և եղանք Սուրբ Սոֆիայի տաճարում: Նկատեցինք որ Իսթանպուլում Ռ. Թ. Էրտողանի դիմանկարները համեմատաբար աւելի քիչ էին, քան Աթաթուրքի դիմանկարները, ինչը գտնում ենք, պայմանաւորուած էր Իսթանպուլի քաղաքային իշխանութեան ընդդիմադիր լինելով: Իսթանպուլի բնակչութիւնը ակնյայտօրէն երկու ուղղուածութիւն ունի՝ աշխարհիկ-արեւմտամէտ, հիմնականում երիտասարդութեան շրջանակներում եւ կրօնամոլ՝ համեմատաբար տարեցների շրջանակներում: Եղանք Հայկական ՛՛Արաս՛՛ հրատարակչատուն և նկատեցինք որ ” Արաս” հրատարակչութեան տպագրած գրքերը անհամեմատ էժան են վաճառւում, եւ ոչ բոլոր գրախանութներն են դրանք վերցնում վաճառքի: Իսթանպուլից Տիարպեքիր մեկնեցինք Դեկտեմբերի 25-ին։ Հիւրանոցում մեզ այցի եկաւ Կարօտ Սասունեանը, Նա մեզ իր մեքենայով տարաւ գիշերային Տիարպեքիրը ցոյց տալու։ Տիարպեքիրում մեր գտնուած յաջորդ օրերին էլ նա մեզ այցի եկաւ, տարաւ ցոյց տալու Տիարպեքիրի տեսարժան վայրերը, սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, Տիգրիս գետը եւ Տիարպեքիրի ամրոցը։ Միասին լաւ և յիշարժան ժամանակ անցկացրեցինք: Դեկտեմբերի 26-ի առաւօտեան մեզ տեղափոխեցին համաժողովի անցկացման վայր։ Այս ընթացքում մեզ մօտեցաւ քաղաքացիական հագուստով թուրք ոստիկան մը եւ փորձեց տեղեկանալ մեր ով լինելուն, սակայն ստանալով անգլերէն պատասխաններ եւ իրեն հետաքրքրող տեղեկութիւնը չստանալով՝ հեռացաւ: Համաժողովի անցկացման վայրը շրջափակուած էր մեծաթիւ ոստիկանական զօրքերով, երթեւեկութիւնը այդ հատուածում՝ կանգնեցուած էր: Համաժողովի սրահ մտնելու համար պէտք էր անցնել զննութենէ և ստուգման երկու շղթայէ, որտեղ մանրամասն ստուգում էին: Սա, ինչպէս մեզ յայտնեցին, նպատակ ունէր համաժողովի անվտանգ անցկացումը ապահովել: Համաժողովի բացման տեսահոլովակում նկատեցինք Ա. Օճալանի նկարը, ինչը մեզ համար զարմանալի էր: Տեղեկացանք. որ ԺԺԿ-ի ներկայիս նախագահը Մ. Սանճարը ազգութեամբ թուրք է, ինչը ևս ուշագրաւ էր մեզ համար: Համաժողովի ընթացքում հանդէս եկանք քրտերէն ելոյթով, կապեր հաստատեցինք կուսակցութեան ղեկավար անձանց հետ, ինչպէս նաև Էպրու Կիւնայի հետ, ով Մարտին քաղաքի քաղաքային աւագանու անդամ է: Վերջինիս հետ զրուցելով, Կիւնայը յայտնեց, որ իրենց պաշտօնական պահանջը պետութիւնից անկախութիւն ստանալը չէ, այլ մշակութային ինքնավարութիւն ստանալն ու սեփական լեզուի օգտագործման իրաւունք ձեռք բերելը: Արտաքին պատուիրակութիւններից ներկայ էին միայն ՀՅԴ-ի և Լիբանանի Կոմունիստական կուսակցութեան երիտասարդական թեւի ներկայացուցիչները: Միւս հրաւիրեալները չէին ներկայացել պատճառաբանելով համավարակը և տարեվերջի զբաղուածոթիւնը: Համաժողովի ընթացքում մեզ մօտեցաւ մի մարդ, ով իրեն ներկայացրեց որպէս յայտնի երգիչ Արամ Տիգրանի ընկերը: Նա մեզ պատմեց, որ ցեղասպանութեան տարիներին շատ են եղել դէպքեր, երբ քրտերը սպանել են հայ տղամարդկանց ու ամուսնացել են նրանց կանանց ու աղջիների հետ: Դեկտեմբերի 27-ին սուրբ Կիրակոս եկեղեցում հանդիպեցինք Տիարպեքիրի հայ համայնքի ղեկավար Յովհաննէս Գաֆուր Օհանեանին և Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրկիւն Այըքի հետ, ծանօթացանք, զրուցեցինք, տեղեկացանք եկեղեցու վերանորոգման ընթացքին, հարցազրոյց վերցրինք նրանցից: Մեզ յայտնեցին, որ եկեղեցին լրջօրէն վնասուել էր քուրտ-թուրքական բախումների ընթացքում և վերանորոգումը իրականացւում է Թուրքիայի կառավարութեան յատկացրած միջոցներով, իսկ բացումը տեղի է ունենալու սոյն տարուա Մայիսի երկուսին: Տիարպեքիրի քաղաքի տարբեր մասերում շատ յաճախ կարելի էր տեսնել Ռ. Թ, Էրտողանի դիմանկարները, աւելի քիչ՝ Աթաթուրքինը: Տիարպեքիրի հին հայկական թաղանասում ներկայումս կառուցապատում է ընթանում, որի ընթացքում ջնջւում են դեռևս մնացած հայկական վկայութիւններն ու հետքերը: Դեկեմբերի 28-ի առաւօտեան հանդիպեցինք ԺԺԿ երիտասարդական թեւի վարչութեան անդամ Էսենկիւլի հետ, ով իր խօսքն սկսեց զղջմամբ, որ քրտերը ժամանակին թուրքերի դրդմամբ կոտորել են հայերին, ապա խօսեցինք հայ-թուրքական յարաբերութիւնների մասին, որտեղ ներկայացրեցինք ՀՅԴ Բիւրոյի դիրքորոշումը, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանը, որը չպէտք է վնասի Հայաստանի ազգային շահերին, որ հայ-թուրքական սահմանը փակուել է Թուրքիայի կողմից և Հայաստան սահմանը բացելու որևէ խնդիր չունի: Էսենկիւլի կարծիքը հայ-թուրքական յարաբերութիւնների մասին հետեւեալն էր, որ եթէ հայ-թուրքական յարաբերութիւնները սկսուեն, երկար չեն տևի, որովհետև Թուրքիայում հայերի հանդէպ բացասական վերաբերմունք կայ, ինչը թոյլ չի տալու իշխանութիւններին Հայաստանի շահերի հետ հաշուի նստել, միւս կողմից էլ Հայաստան երկար չի հանդուրժի թուրքական նախապայմաններին և չի սպասարկի թուրքական շահերին: Ժողովին մասնակիցներն էին՝ ՆԱՈւՄ-ի Վարչութեան անդամ Գէորգ Ղազէլեան և ՆԱՈւՄ-ի անդամ Տիգրան Չանտոյեան։

Գէորգ Ղազէլեան