ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեան եւ Էլինար Վարդանեան Արցախի պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ Ատրպէյճանի կողմէն իրականացուող սրբապղծումի եւ ոչնչացման քաղաքականութեան առնչութեամբ դիմում-նամակ յղած են «ԻՒՆԵՍՔՕ»-ի գլխաւոր տնօրէն Օտրի Ազուլէին. «Մեծարգոյ տիկին գլխաւոր տնօրէն, 44-օրեայ պատերազմի օրերին մարդկային զոհերի կողքին ունեցել ենք նաու մշակութային ահռելի կորուստեր: Ատրպէյճանի կողմից օկուպացուած տարածքներում է մնացել հսկայածաւալ մշակութային ժառանգութիւն, որի հանդէպ Ատրպէյճանը որդեգրել է բացայայտ ոչնչացման քաղաքականութիւն: Պղծման եւ վանտալիզմի կողքին, Ատրպէյճանը զբաղուած է նաու գիտական զեղծարարութեամբ: 3 Փետրուար 2022-ին ատրպէյճանական եւ միջազգային լրատուական աղբիւրներից յայտնի է դարձել, որ Ատրպէյճանի Հանրապետութեան մշակոյթի նախարար՝ Անար Քեիմովի որոշմամբ ձեւաւորուել է աշխատանքային խումբ, որը պատրաստուում է Արցախի Հանրապետութեան ներկայումս օկուպացուած տարածքներում «աղուանական ճարտարապետական յուշարձաններից» վերացնել հայկական արձանագրութիւնները: Ատրպէյանի իշխանութեան նման գործելաոճը ունի մէկ նպատակ՝ վերացնել Արցախի Հանրապետութեան օկուպացուած տարածքներում առկայ հայկական պատմա-մշակութային ժառանգութիւնը: Հարկ է ընդգծել, որ Ատրպէյճանի իշխանութիւնները նախկինում եւս ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգութեան համար մեծ նշանակութիւն ունեցող արժէքներ: Մասնաւորապես՝ Ատրպէյճանի իշխանութիւնները 2002 եւ 2005 թուականներինին, խաղաղ ժամանակահատուածում ոչնչացրել են Նախիջեւանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը, որտեղ տեղադրուած էին հազարաւոր արժէքաւոր խաչքարեր: Խաչքարերը ոչնչացուել են, իսկ հետագայում օգտագործուել որպէս շինանիւթ: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատութեան դատարանը Հայաստանն ընդդէմ Ատրպէյճանի գործով իր 7 Դեկտեմբերի 2021-ի միջանկեալ միջոցների կիրառման վերաբերեալ որոշմամբ պարտաւորեցրել է Ատրպէյճանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանտալիզմի եւ պղծման բոլոր գործողութիւնները, որոնք կատարուել են հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ, այդ թուում՝ եկեղեցիների եւ պաշտամունքի այլ վայրերի, կուշարձանների, բնութեան վայրերի, գերեզմանների եւ այլ արթեֆաքթների»: Այդ թուում մտահոգութիւն է յայտնել Ատրպէյճանի կողմից հայկական մշակութային ժառանգութիւնը ալպանական ներկայացնելու ճիգերի վերաբերեալ: Ատրպէյճանական իշխանութեան վանտալիզիմի եւ պղծման գործողութիւնները հայկական մշակութային արժէքների նկատմամբ կրում են շարունակական բնոյթ, ինչով Ատրպէյճանը կոպտօրէն խախտում է ՄԱԿ-ի Միջազգային արդարադատութեան դատարանի վերոնշեալ որոշման պահանջները: Ատրպէյճանի իշխանութիւնը շարունակաբար վարում է էթնիկ զտման եւ մշակութային արժէքների ոչնչացման քաղաքականութիւն, ինչը լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի եւ Արցախի բնակչութեանը: Հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը, ակնկալում ենք Միաւորուած ազգերի կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութեան (ԻՒՒՆԵՍՔՕ) ակտիւ միջամտութիւնը՝ Ատրպէյճանի իշխանութեան կողմից Արցախի Հանրապետութեան օկուպացուած տարածքներում հայկական պատմական եւ մշակութային նշանակութիւն ունեցող արժէքների պաշտպանութեան հարցում, որոնք նաեւ համամարդկային մշակութային ժառանգութեան մասն են կազմում: Ընդգծում ենք նաեւ, որ 1954 թ. Հաագայի համաձայնութեան 23-րդ յօդուածի համաձայն ԻՒՆԵՍՔՕ-ն կարեւոր կանձնառութիւն ունի՝ հնարաւորինս արագ անկախ տեխնիկական առաքելութիւն իրականացնելու Արցախի Հանրապետութեան այն տարածքներում, որոնք պատերազմի արդիւնքում անցել են Ատրպէյճանի վերահսկողութեան տակ, ինչպէս նաեւ իրականցնելու պատմամշակութային ժառանգութեան ներկայ վիճակի գնահատման փաստահաւաք առաքելութիւն։

Յարգանքով՝

ՀՀ ԱԺ Կրթութեան,

գիտութեան եւ մշակոյթի մշտական հարցերի

յանձնաժողովի անդամներ

Լիլիթ Գալստեան,

Էլինար Վարդանեան»