Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութիւնը յայտարարութիւն մը տարածած է Արցախի վերածնունդի օրուան առիթով` յայտնելով, որ Հայաստանն ու Արցախը կը շարունակեն միակամ ըլլալ համազգային իղձերու իրականացման, պետականութեան եւ ինքնիշխանութեան, արցախահայութեան իրաւունքներու եւ հայրենիքի միջազգային ճանաչման արդար պայքարին մէջ: Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործոց Նախարարութեան յայտարարութեան մէջ արձանագրուած է. «1988 թուականի Փետրուարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամաւորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայութեան նկատմամբ ցեղային խտրականութեան եւ զտումների տասնամեակների քաղաքականութեան դադարեցման եւ ինքնորոշման իրաւունքի իրացման համար: 1988 թուականի այս իրադարձութիւնները հիմք դրեցին համահայկական շարժման` յանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապատիւ եւ անվտանգ ապրելու եւ իրաւունքների պաշտպանութեան պայքարի: Այս իրադարձութիւններից 34 տարի անց` չնայած տեղի ունեցած արհաւիրքների` Ազրպէյճանական խորհրդային հանրապետութեան կողմից իրականացուած դաժան ջարդերին, ցեղային զտումներին, ապա ղարաբաղեան արիւնալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականութեան եւ ինքնիշխանութեան, արցախահայութեան իրաւունքների եւ հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»: