Սումկայիթի ջարդերուն 34-րդ տարելիցին առիթով, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
 
Ի պատասխան Հայաստանի եւ Արցախի վերամիաւորման համար Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սկիզբ առած խաղաղ եւ օրինական ժողովրդական ցոյցերի, 1988 թուականի Փետրուարի 27-ին Ազրպէյճանի Սումկայիթ քաղաքում սկսուեցին տեղի հայ բնակչութեան ջարդերը:
 
Ազրպէյճանի ղեկավարութեան կողմից հրահրուած ազրպէյճանական հրոսակները տանջամահ արեցին տասնեակ հայերի, հազարաւոր հայ ընտանիքներ, իրենց ետեւում թողնելով տարիների վաստակը, տունն ու գոյքը, դարձան գաղթական: Նրանցից մի մասն ապաստանեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններում, հազարաւոր ընտանիքներ ցրուեցին ամբողջ աշխարհով մէկ:
 
Ազրպէյճանական իշխանութիւնները չդատապարտեցին ջարդարարներին, չբացայայտեցին յանցագործութեան հեղինակներին ու իրականացնողներին:
 
Որպէս հետեւանք, Սումկայիթի ջարդերին հետեւեցին հայերի ջարդերն այլ քաղաքներում` Պաքւում, Գանձակում, Շամխորում եւ այլուր:
 
Դեռեւս 1920 թուականի Շուշիի ջարդերից սկսած` ազրպէյճանական հայատեաց եւ ցեղասպան քաղաքականութիւնը շարունակուեց մեր օրերում եւ առաւել ցայտուն կերպով դրսեւորուեց 44-օրեայ պատերազմի ընթացքում, երբ բնակչութեան դէմ կիրառուեց արգելուած ֆոսֆորային զէնք, իսկ հարիւրաւոր խաղաղ բնակիչներ եւ գերեվարուած զինուորականներ տանջամահ արուեցին:
 
Այս պայմաններում առնուազն տարակուսելի են Հայաստանի Հանրապետութեան պարտուողական իշխանութեան որդեգրած դիրքորոշումն ու վարած քաղաքականութիւնը:
 
Որեւէ հայ չի կարող իրեն Ազրպէյճանում ապահով զգալ, ապրել, արարել ու կերտել իր ապագան: Ուստի անընդունելի ու աններելի են Քաղաքացիական պայմանագրի իշխանութիւնների պնդումները, թէ Արցախը կորցրել է անկախ լինելու որեւէ հնարաւորութիւն: Սա ուղղակի նշանակում է Արցախը դատապարտել հայաթափման, իսկ արցախցիներին` բնաջնջման:
 
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը, յարգանքի տուրք մատուցելով Սումկայիթում եւ այլուր յօշոտուած անմեղ զոհերի յիշատակին եւ գլուխ խոնարհելով արցախեան պատերազմներով զոհուած հերոսների առջեւ, վերահաստատում է իր դիրքորոշումը. Արցախը չի եղել եւ չի լինելու Ազրպէյճանի կազմում: Արցախի հարցը չի կարող լուծուած համարուել, քանի դեռ միջազգայնօրէն չի ճանաչուել ու չի երաշխաւորուել Արցախի ժողովրդի` սեփական միասնական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրաւունքը:
 
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
 
28 Փետրուար 2022